Օպերայում արգելել են աշխատողներին շենք մտնել տոն օրերին եվ ոչ միայն

Օպերայում արգելել են աշխատողներին շենք մտնել տոն օրերին եվ ոչ միայն

Օպերային թատրոնում տնօրինությունը գնացել է նոր խստացումների, այս անգամ սահմանափակել են աշխատակիցների ելումուտը թատրոն։ Նոր որոշման մասին թատրոնում տեղեկացել են նախօրեին՝ էլնամակի միջոցով, համաձայն որի՝ մայիսի 16-ից թատրոն կարելի է մուտք գործել եւ դուրս գալ բացառապես անցաքարտերով, այն էլ՝ միայն աշխատանքային ժամերին՝ դասերի, երաժշտական, բեմական փորձերի համար։ «Տոն օրերին կատեգորիկ արգելվում է շենք մուտք գործել, բացառապես, եթե կլինի հրահանգ տնօրինության կողմից։ Եթե մոռացած լինեք կամ կորցրած, կամ... շենք չեն թույլատրելու մտնեք, դռնապահները ոչ մի դեպքում չեն բացելու турникет-ը, կարգը խախտողները կենթարկվեն կարգապահական տույժի։ Այսուհետ թատրոն չեն կարող մուտք գործել նաեւ ո՛չ առօրյա, ո՛չ ներկայացման օրերին` հայր, մայր, քույր, եղբայր, երեխաներ... (բարեկամներ)»,- գրված է տնօրինության հրահանգի մեջ։

Տնօրինությունը հիմնավորել է այս որոշումը նրանով, որ թատրոնի աշխատակիցները, արտիստները իրենց ընկեր-ընկերուհիներին բերում են թատրոն, եւ իրենք չեն կարող վերահսկել, թե ով մտավ թատրոն եւ ինչ տարավ թատրոնից։ Բայց այս հիմնավորումը չի համոզել աշխատակիցներին, որովհետեւ թատրոնի մուտքերը հսկում է անվտանգությունը՝ պահակները, իսկ թատրոնի ներսն ու դուրսը տեսանկարահանում են վերջերս տեղադրված տեսախցիկները, որի միջոցով տնօրինությունը հետեւում է յուրաքանչյուր աշխատակցի շարժին ու ելումուտին։ Շատերի կարծիքով, թատրոնի տնօրինությունն այս որոշմամբ փակում է թատրոնի մի շարք դռներ, որոնց հետեւում ժամը 18․00-ից հետո «պիվնոյ ժամ» է սկսվում։ Ու քանի որ լավ կլինի, որ այն բոլորի աչքից հեռու լինի, ուրեմն պետք է սահմանափակել նաեւ շենք մուտք գործելու եւ դուրս գալու ժամերը։
Ստացվում է՝ թատրոնի ԺՊ տնօրինությունն այս ամիսների ընթացքում նախ արգելեց արտիստների մուտքը ներկայացումներին՝ ցույց տալով նրանց տոմսարկղի տեղը, հիմա էլ ընդհանրապես սահմանափակել է թատրոն նրանց ելումուտը։

Տնօրենի ԺՊ Կարեն Դուրգարյանն իր ցանկացած որոշում, այդ թվում՝ այս մեկը, հիմնավորում է նրանով, որ «աշխարհում այդպես է», մինչդեռ արտիստներին վիրավորում է, որ աշխարհի հետ ոտք են մեկնում ոչ թե բարձր աշխատավարձի հարցում, այլ մի շարք սահմանափակումների։ Այս որոշումից դժգոհ են հատկապես նրանք, ովքեր փոքր երեխաներ ունեն եւ շատ անգամ իրենց հետ բերում էին թատրոն, իսկ այս որոշումից հետո կանգնել են փաստի առաջ, որովհետեւ այնքան չեն վաստակում, որ երեխաների համար դայակ վարձեն եւ աշխատանքի գնալիս չբերեն թատրոն։ «Այդ երեխաները ոչնչով չեն խանգարում, ոչ էլ համակարգիչ են գողանալու սենյակներից, չի կարելի այդպես, արտիստը, ով ներկայացում է երգում կամ պարում, ի՞նչ անի իր երեխային, փողոցո՞ւմ թողնի, եթե գումար չունի դայակ վարձելու։ Ի դեպ, Դուրգարյանի տղան մեծացավ օպերային թատրոնում, բայց քանի որ արդեն մեծացել է, երեւի հիմա կարելի է ուրիշների երեխաների մուտքն արգելել թատրոն»,- նշում է զրուցակիցս։

Խիստ է դրված նաեւ առավոտյան ժամը 9-18-ը թատրոնում ներկա լինելու փաստը, մի հանգամանք, որով չի չափվում արտիստի արդյունավետությունը, որոշ մարդիկ մտավախություն ունեն, որ ժամային ներկայությունը կազդի աշխատավարձերի վրա եւ հող կնախապատրաստի արտիստների աշխատավարձերը կրճատելու եւ նրանց ելույթավճարով վարձատրելու համար։ Սակայն ելույթավճարի համակարգը ձեռնտու է միայն տնօրինությանը, ոչ արտիստներին, որովհետեւ դրա արդյունքում կվարձատրվի նա, ով «ելույթ» կունենա, իսկ «ելույթներ» կունենա նա, ով լավ է տնօրինության հետ։ Արդյունքում՝ շատ-շատերն ամիսներով կզրկվեն բեմ դուրս գալու հնարավորությունից։ Այս դեպքում եւս Դուրգարյանը հղում է անում «աշխարհում այդպես է» կարգին, մինչդեռ աշխարհում օպերային մեներգիչներն իրենց ելույթների դիմաց այնքան բարձր են վարձատրվում, որ մեկ ելույթավճարով կարող են մի տարի ապրել՝ չսպասելով հաջորդ ելույթին։ Թե ինչքան կձգվեն այս նոր կարգերն ու բարքերն օպերային թատրոնում, ցույց կտան ժամանակն ու տնօրենի մրցույթը, որն արդեն երկար ժամանակ է՝ չի հայտարարվում։