Եթե կա հնարավորություն, ՀՀ քաղաքացիները պետք է հետ բերվեն

Եթե կա հնարավորություն, ՀՀ քաղաքացիները պետք է հետ բերվեն

Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովն օրեր առաջ հայտարարություն տարածեց այն մասին, որ Ադրբեջանը պատրաստ է փոխանակել ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանին եւ Արայիկ Ղազարյանին՝ ԼՂՀ-ում մի շարք ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղավոր ճանաչված եւ համապատասխանաբար ցմահ ու 22 տարվա ազատազրկման դատապարտված ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի հետ: 

Արցախի իշխանություններն այս հարցում, կարծես, վերապահում ունեն․ չի կարելի ահաբեկիչներին փոխանակել Ադրբեջանի համար որեւէ վտանգ չներկայացնող ՀՀ քաղաքացիների հետ։ ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասել է, որ սա Բաքվի առաջին նման առաջարկը չէ, բայց ավելի քան համոզված է, որ ավելի լուրջ պետք է վերաբերվել Ադրբեջանի քաղաքականությանը: «Նախ, Բաքվի այդ առաջարկն աբսուրդ է եւ հանդիսանում է հերթական իրավական, քաղաքական եւ բարոյական «ահաբեկչությունը»: Չի կարելի ահաբեկիչներին՝ հանցագործներին, փոխանակել հասարակ մարդկանց հետ: Հասկանում եմ, որ ասածս դժվար է ընդունել հոգեբանական առումով: Ադրբեջանն առանց այդ էլ պարտավոր է մեր քաղաքացիներին վերադարձնել: Նրանք որեւէ վտանգ չեն ներկայացրել Ադրբեջանի համար՝ ի տարբերություն Ասկերովի եւ Գուլիեւի, որոնք ահաբեկիչներ են՝ մարդասպաններ: Նրանց մեղավորությունը բացահայտվել է, ապացուցվել հրապարակային եւ թափանցիկ դատավարության ժամանակ՝ միջազգային դիտորդների, ԶԼՄ-ների եւ իրավապաշտպանների ներկայությամբ»,- ասել է Բաբայանը:

Թեմային անդրադարձել է նաեւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ նշելով, որ հանդիպել է Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ, որոնք իրեն պաշտոնապես փոխանցել են Ադրբեջանի առաջարկը։ «Կան քննարկման որոշ խնդիրներ, որոնք ես հիմա բացահայտել չեմ կարող: Երբ կստանանք այդ ճշգրտումները ադրբեջանական կողմից, կարձագանքենք»: Նախարարն ասել է, որ հայկական կողմը սկզբունքորեն դեմ չէ ՀՀ քաղաքացիներին իրենց տները վերադարձնելուն եւ աջակցելու է այդ գործընթացին։ Հարցին, որ Ստեփանակերտը կոշտ էր արձագանքել` հայտարարելով, որ Ադրբեջանի առաջարկով փոխանակումն անհնար է, Դավիթ Տոնոյանն ասել է, որ ինքը տեղյակ չէ Ստեփանակերտի նման դիրքորոշումից, ոչինչ չի բացառում, բայցեւ վերջնական որոշումը կայացվելու է Ստեփանակերտում: Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն էլ նշել է, որ տեղյակ են եւ քննարկում են այդ հարցը։ «Հաշվի առնելով հարցի նրբությունը՝ դրա մասին հրապարակային կհայտնենք, երբ որոշումներին մոտ լինենք»,- ասել է նա։ Ավելի վաղ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իրավաչափ չէր համարել նման փոխանակումը․ «Գուցեեւ հնարավոր է, սակայն այդ քայլն իրավաչափ չէ, քանի որ ադրբեջանական կողմից եղել են ահաբեկիչներ, ովքեր սպանել են երեխաների, իսկ մեր կողմից հակառակորդի տարածքում հայտնված անձինք մոլորվածներ են»։

Դատելով հայտարարություններից՝ Արցախը միտված չէ գերիների նման ձեւաչափով փոխանակմանը, իսկ ՀՀ իշխանություններն այդ ուղղությամբ քննարկում են հարցը, սակայն խնդրի վերջնական լուծումը Ստեփանակերտինն է։ 

Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը նույնպես ասում է, որ իրավիճակներն իրոք անհամարժեք են․ Արցախում իրենց պատիժը կրող ադրբեջանցիները մարդ են սպանել, իսկ գերեվարված հայերը պարզապես սխալմամբ են այնտեղ հայտնվել։ Թեեւ կարծում է՝ եթե հնարավորություն կա, ապա պետք է ՀՀ քաղաքացիները հետ վերադարձվեն․ «Եթե կա փոխանակելու հնարավորություն ՀՀ գերեվարված քաղաքացիներին հետ բերելու, ապա, բնականաբար, բոլոր հնարավորն ու անհնարինը պետք է արվի։ Ադրբեջանի 2 քաղաքացիները, որոնք գտնվում են Արցախի Հանրապետությունում, փաստացի մարդ են սպանել, ինչպես նաեւ նրանք մեղադրվում են լրտեսության մեջ։ Այնտեղ գերեվարված ՀՀ քաղաքացիները չեն մեղադրվում Ադրբեջանի քաղաքացիներին սպանելու մեջ, պարզապես շփոթմունք է եղել, եւ սխալմամբ են հատել սահմանը։ Եթե ՀՀ-ն ունի հնարավորություն փոխելու, ապա, իմ կարծիքով, պետք է փոխանակել, չնայած որ դրանք համարժեք իրավիճակներ չեն»։

Նա Իսրայելից է օրինակ բերում՝ մի սերժանտի դիմաց 1500 ահաբեկիչ են բաց թողել։ «Դրա դիմաց Իսրայելի զինված ուժերում մարտունակությունը բարձրացավ, որովհետեւ զինծառայողները տեսան, որ պետությունն իրենց մեջքին կանգնում է։ Այստեղ ավելի պարզ իրավիճակ է՝ երկուսը երկուսի դիմաց»,- ասաց Համբարձումյանը։