«Հրապարակը» «Պրավդան» չէ եւ այդ հրապարակումների մեջ ոչ մի հակասություն չկա

«Հրապարակը» «Պրավդան» չէ եւ այդ հրապարակումների մեջ ոչ մի հակասություն չկա

Քիչ առաջ մի գրառում աչքովս ընկավ սոցցանցերում` «Հրապարակի» դեմ: Գրառման հեղինակը (լայն հանրությանն անծանոթ անձ) մեզ մեղադրել էր չգործած մեղքերի մեջ: Եթե քաղաքակիրթ ներկայացնենք գրածը` բաց թողնելով ատելության մեծ չափաբաժինը, ապա` հետեւողական չլինելու եւ տարբեր դիրքորոշումներ ունենալու համար էր մեղադրում: Խոսքն այն մասին է, որ մեր հրապարակումներից մեկում մենք քննադատել էինք Էրեբունի-Երեւան տոնի չեղարկումը եւ գրել էինք, որ հասարակությունը պետք է վերջապես վերադառնա իր բնականոն կյանքին` չի կարելի հավերժ սգալ, երկրում տոն եւ ուրախություն էլ պետք է լինի: Եւ առհասարակ` տոների ու ուրախ միջոցառումների չեղարկումը կամ արգելքը` սգի, մեր լույս երեխաների հիշատակին նվիրվածության հետ կապ չունի: Ապա երբ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սեպտեմբերի 21-ի անկախության տոնը պետք է «գունագեղ տոնակատարությամբ» նշվի, իբրեւ թե մենք սկսեցինք քննադատել նրան եւ տոնի կազմակերպումը: Գուցե այլ անձինք էլ են կարծում, որ «Հրապարակի» լուսաբանումներում, տվյալ դեպքում, չկա տրամաբանություն կամ մենք քննադատում ենք` պարզապես քննադատելու համար, ուստի հարկ համարեցի մի քանի պարզ բան բացատրել սույն զայրացած ընթերցողին:

«Հրապարակը» «Պրավդան» կամ «Իզվեստիան» չէ, որ պոլիտբյուրոյի գծից մազաչափ չշեղվի եւ քաղաքական կոնյուկտուրայով առաջնորդվելով` կյանքի կոչի վերեւից իջած դիրեկտիվները: «Հրապարակի» առավելությունն այն է, որ մեզ մոտ կարող են իրենց խոսքն ասել, հոդվածներ հրապարակել բոլորը` եթե դրանք կիրթ, հստակ ու ասելիքը գրագետ է շարադրված: Անգամ եթե շատ գրագետ չէ ու շատ հստակ չէ` շատ քիչ հոդվածներ են մերժվում խմբագրի կողմից: Մարդը միշտ պետք է արտահայտվելու հնարավորություն ունենա` անգամ եթե գրագետ չէ ու համալսարաններ չի ավարտել: Մեր խմբագրությունում աշխատող մարդիկ էլ ռոբոտներ չեն, որ անպայման կրկնեն խմբագրի ասածը կամ միանման մտածեն ու գրեն` նրանք տարբեր կերպ են տեսնում իրականությունը, տարբեր տեսակետներ ունեն եւ նրանց կարծիքի նկատմամբ ճնշում չի գործադրվում: Իհարկե, ցանկալի է, որ այդ տեսակետները լինեն առողջ, օգտակար, հանրային շահից բխող, այլ ոչ թե կոնկրետ անձանց կամ նեղ շրջանակների: Բայց մեզ մոտ, այո, կարող է մեկը տոների ու տոնակատարությունները ազգովի նշելու կողմնակիցը լինել, իսկ մյուսը` դեմ արտահայտվել: Եւ դրանում ոչ մի տարօրինակ բան չկա:

Ինչ վերաբերում է կոնկրետ սեպտեմբերի 21-ի «գունագեղ տոնակատարությանը», ապա իրականում մենք երկու տարբեր կարծիք չենք էլ հրապարակել: Ընթերցողն ուղղակի այնքան էլ ճիշտ չի հասկացել: Ասել ենք` տոները, ուրախությունները, ծնունդ-կնունք-հարսանիքները պետք է վերադառնան մեր կյանք, բայց դրանց նշելու ձեւն ու բնույթը պետք է լինի խելամիտ, առանց ճչացող դրսեւորումների: Եւ ամենակարեւորը` չի կարող նման վիճակում հայտնված պետությունն ահռելի փողեր ծախսել այդ տոնի վրա: Իսկ մեր տեղեկություններով, խոսքը 2 միլիոն դոլարի մասին է: Եւ տոնը բացառապես համերգը չի, բազմաթիվ այլ ձեւեր կան Անկախությունը նշելու: Իսկ Էրեբունի-Երեւանն իրոք մայրաքաղաքային տոն էր եւ անցյալում այն շատ լավ էին կազմակերպում` ողջ քաղաքն էր տոնական դառնում եւ ամեն քայլափոխի, բոլոր համայնքներում գեղեցիկ միջոցառումներ էին, լավ երաժշտություն էր հնչում, քաղաքը զարդարվում էր:

Այնպես որ տոնել սեպտեմբերի 21-ը չի նշանակում մեծ փողեր լվանալ, ոմանց հարստացնել, սգակիրների զգացմունքները վիրավորել եւ ծայրահեղությունների մեջ ընկնել:

Հրապարակ