Լրատվամիջոցներին մի հայհոյեք՝ նրանք ընդամենը տեղեկատվություն են ձեզ փոխանցում
Մենք այսօր ժամը 15։53-ին մի լուր էինք հրապարակել, որտեղ ներկայացրել էինք Տավուշի մարզից ստացված տեղեկությունները․
«Մենք նոր ինֆորմացիա ստացանք, որ քիչ առաջ հակառակորդը վնասել է Տավուշի զորամասերից մեկի ստրատեգիական նշանակություն ունեցող օբյեկտ։ Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք պաշտպանության նախարարի մամուլի խոսնակին, վերջինս մեզ փոխանցեց՝ ինֆորմացիան չի մեկնաբանում։
Հ.Գ. Հետաքրքիր է, որ պաշտոնական Երեւանը փոխանակ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրի Ադրբեջանի ագրեսիայի նկատմամբ, ինֆորմացիա է թաքցնում եւ փորձում լռեցնել զանգվածային լրատվամիջոցներին»։
Այս լուրը, չգիտես ինչու, խիստ վրդովվեցրեց գործող իշխանություններին ու նրա արբանյակներին եւ նրանք իրենց ֆեյքերի բանակը քսի տվեցին մեզ վրա։ Նշված լուրի տակ մոտ հազար քոմենթ գրվեց 2 ժամում, սկսեցին մեր ֆեյսբուքյան էջն ու էլեկտրոնային փոստը հեղեղել նամակներով, որոնց գերակշռող մասը հայհոյանքներ, սպառնալիքներ եւ լուտանքներ էին, թե՝ ինչու եք սուտ լուրեր տարածոմ։ Անմիջապես հայտնվեց պղտոր ջրում ձուկ որսալու մեծ մասնագետ Արծրուն Հովհաննիսյանը եւ հերքեց մեր լուրը։
Սակայն քիչ առաջ ՊՆ-ն հաստատեց մեր լուրը՝ հայտարարելով, որ եւս երկու զոհ ենք տվել Տավուշում։ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը իր էջում գրեց, որ եւս երկու զոհ ունենք ․
«Հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը»։
Այս երկու զինծառայողները զոհվել են մեր վերը նշած «ստրատեգիական նշանակության օբյեկտի» ռմբակոծման արդյունքում։ Այնպես որ հերքելու ոչինչ չկար, իսկ իրականությունը թաքցնել չի կարելի՝ թշնամին անցել է հարձակման եւ կեսճշմարտությունը մեր պետության շահերից չի բխում։
Ցավակցում ենք զոհերի հարազատներին եւ նրանց հետ միասին սգում ենք երիտասարդների մահը։
Կարծիքներ