Ոչ ոք չէր կարող ասել՝ ՍԴ դատավորները կոռումպացված էին, որոնց նկատմամբ առաջինը հարձակում սկսվեց․ Գյուլումյան

Ոչ ոք չէր կարող ասել՝ ՍԴ դատավորները կոռումպացված էին, որոնց նկատմամբ առաջինը հարձակում սկսվեց․ Գյուլումյան

Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանի կարծիքով «խաղաղության» հնարավոր պայմանագրի սահմանադրականության վերաբերյալ դատողություններ կարելի է անել, երբ դրանց բովանդակությունը հայտնի լինի։ Մինչ այժմ խոսվում է 2 տարբերակի՝ ռուսական և ամերիկյան տարբերակների մասին, և ըստ տարածված տեղեկությունների՝ ռուսական տարբերակի համաձայն Արցախի հարցը թողնվում է հետագա անորոշ ժամանակներին, իսկ ամերիկյանի պարագայում՝ Արցախի մասին ընդհանրապես խոսք չկա։ Գյուլումյանի կարծիքով՝ մտահոգիչ է այն հանգամանքը, որ եթե դրանք թեկուզև սահմանադրական չլինեն, ապա ի՞նչ եղանակով հնարավոր կլինի դրանց վավերացումը կանխել․

«Ես ձեռնպահ կմնայի դրանց գնահատական տալուց, դա նման է մուտ սենյակում կատու փնտրելուն։ Մենք չենք կարդացել այդ 2 համաձայնագրերը, եթե կան այդպիսիք, և չգիտենք, թե ինչ է ասվում այնտեղ իրապես։ Անգամ վերնագիրը կասկածի տեղիք է տալիս, մենք չգիտենք, թե ինչ վերնագիր է այն ունենալու, քանի որ մեր Սահմանադրության համապատասխան կան պայմանագրեր, որոնք պարտադիր վավերացման գործընթաց պետք է անցնեն, պետք է իմանանք, թե ինչպիսի պայմանագիր է։ Որպեսզի վարեացման գործընթացն անցնի, նաև Սահմանադրական դատարանի եզրակացությունը պետք է լինի դրա սահմանադրականության վերաբերյալ։ Հիմա դրանք սահմանադրակա՞ն կլինեն, թե՞ ոչ, կրկնում եմ, պետք է ծանոթ լինել այդ ձևակերպումներին, սակայն Ձեր նշած հարցադրումների պայմաններում՝ Արցախից հրաժարում և այլն, այս պայմաններում, գործող Սահմանադրության պարագայում մենք չպետք է մոռանանք Սահմանադրության նախաբանը, որի իրավական ուժին անդրադարձել է Սահմանադրական դատարանը ինչպես նախկինում, այնպես էլ բոլորովին վերջերս Սահմանադրական դատարանի այս կազմն է անդրադարձել։ Ինձ ավելի շատ մտահոգում է հաջորդ հարցը, թե անգամ եթե մենք ընդունենք, որ դա սահմանադրական չէ, եթե մենք ելնենք այդ կանխավարկածից , մենք ի՞նչ հնարավոր միջոցներ ունենք դրա վավերացումը կանխելու համար։ Այստեղ է, որ հարց է առաջանում․ արդյոք այսօրվա ՍԴ-ն կգնա դրան, որ այն ճանաչի Սահմանադրությանը չհամապատասխանող, կամ եթե ՍԴ-ն, ելնելով զուտ իրավական ձևակերպումներից գտնի, որ․․․, և նախկինում էլ եղել է այդ պրակտիկան, երբ ՍԴ-ն գտնում է, որ մեր ստանձնած պարտավորությունների հետ կապված սահմանադրականության խնդիր չկա, այսինքն՝ մենք քննարկում ենք պարտավորությունների համապատասխանությունը սահմանադրությանը, և գտնում ենք, որ այդպիսի խնդիր չկա, բայց վավերացման նպատակահարմարությունը Ազգային ժողովի խնդիրն է։ Հիմա այսպիսի որոշման առկայության պայմաններում արդյոք այսօրվա Ազգային ժողովը կգնա նրան, որպեսզի քաղաքականապես նպատակահարմար չգտնի վավերացումը։ Ընդհանրապես ցանկացած դեպքում, երբ իշխող մեծամասնությունը ունի այսպես ասած կայուն մեծամասնություն, երբ որոշման կայացման համար բավարար ձայներ ունի, այս պայմաններում դժվար է ասել»,- ասաց Գյուլումյանը։

«Հրապարակի» հարցին, թե ի՞նչ օրեր են սպասվում դատավորներին՝ հաշվի առնելով, որ ԲԴԽ նախագահ է դարձել Կարեն Անդրեասյանը, ով վեթինգի ջատագովներից է, և նախկինում էլ հայտարարել էր, որ համակարգում կոռումպացված դատավորներ կան։ Գյուլումյանը հիշեց ՍԴ-ի կազմը փոխելու օրինակը․

«Գիտեք ինչ՝ որևէ մեկը չէր կարող ասել, որ Սահմանադրական դատարանի դատավորները կոռումպացված էին, որոնց նկատմամբ առաջինը հարձակում սկսվեց, և չեմ կարծում, որ նույնիսկ հասարակությունը դատական իշխանության նկատմամբ ունեցած իր վստահության այսպես ասած ցածր շեմի պայմաններում էլի ՍԴ-ին այդ առումով ոչինչ չէր կարող ասել։ Սակայն ցանկություն եղավ փոխելու և փոխեցին»։

ՍԴ նախկին դատավորի խոսքով՝ դատավորները իրենց գործունեության ընթացքում պետք է տեղիք չտան, որպեսզի իրենց նկատմամբ կարողանան ճնշումներ գործադրել, նաև հասարակությունը անելիք ունի․

«Նախ դատավորները պետք է իրենց գործունեության ընթացքում որևէ տեղիք չտան, որպեսզի հնարավոր լինի նրանց նկատմամբ․․․, և երկորդը հասարակությունն է, որ պետք է կարողանա գնահատել լավ դատավորին և կանգնել նրա պաշտպանության դիրքերում։ Մենք այդպիսի օրինակներ ունենք, երբ, օրինակ, Լեհաստանում հասարակությունը ոտքի ելավ, երբ դատարանների նկատմամբ հարձակում կար, բայց մեր քաղաքական մշակույթն այնպիսին է, որ հաճախ անգամ գործող քաղաքական իշխանությունը՝ գործադիրը և երբեմն նույնիսկ օրենսդիրը հասարակությունում առաջ եկած խնդիրների համար փորձում են քավության նոխազ ընտրել, և հաճախ դա դատարաններն են»։