Երեխան փորձադաշտ չէ, որ դու իր վրա ամեն տարի կամ ամեն ամիս փորձարկումներ անես

Երեխան փորձադաշտ չէ, որ դու իր վրա ամեն տարի կամ ամեն ամիս փորձարկումներ անես

Սեպտեմբերից դպրոցներում ներդրվեցին պետական նոր չափորոշիչներ, ինչով պայմանավորված՝ այս տարի դասագրքերն էլ էականորեն փոփոխվեցին, քանի որ բարդ ընթացակարգերով մեկնարկած դասագրքերի մրցույթը փաստի առաջ կանգնեցրեց դպրոցներին, որտեղ սեպտմբերի 1-ը մեկնարկեց առանց նոր դասագրքերի։ Արդյունքում՝ նախարարության դրսեւորած շտապողականության արդյունքում ուշացավ նաեւ դասագրքերի տպագրությունը։
«Դասարան» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ, կրթության փորձագետ Սուրեն Ալոյանից հետաքրքրվեցինք՝ ո՞ւմ էր պետք այդքան հապճեպ այս գործընթացը սկսելը, երբ համակարգը պատրաստ չէր դրան։

«Ես դասագրքերի փորձագետ չեմ, բայց մի բան գիտեմ, որ սովորաբար նոր դասագրքերը կրթական համակարգ մտցնելու համար անհրաժեշտ են լինում երկար տարիներ` մոտ 4 տարի, որպեսզի մշակվի, փորձարկվի, ուսուցիչների կարծիքը հարցվի, հետո նոր գա, մտնի դպրոց։ Այս դեպքում կար շատ կարճ ժամանակահատված ցույց տալու համար արդյունք։

Մի շրջան կար, երբ ես ամեն օր դպրոցներ էի այցելում, հանդիպում էի ուսուցիչների հետ եւ տեսնում էի, որ ուսուցիչը սեղանին ունի այն գիրքը, որը պետությունը պարտադրում է, իսկ սեղանի մի անկյունում ունի նաեւ այն գիրքը, որով ինքը նախընտրում է դասավանդել։ Այդպես դեռ երկար տարիներ մնալու է, որովհետեւ դասագրքերը նույնպես չեն անցնում այդ անհրաժեշտ ժամանակահատվածը։ Մեծ հաշվով, երբ դու, որպես քաղաքական ուժ, ունես 3-5 տարի ժամանակ, որտեղի՞ց 4 տարի ուսումնասիրություններին ժամանակ տրամադրես»։

Ս․ Ալոյանը չի ուզում անհատապես անդրադառնալ տարբեր դասագրքերի, փաստ է, որ սեպտեմբերի 1-ը սկսեցինք առանց դասագրքերի․ «Ես ուզում եմ խոսել համակարգային խնդրի մասին, իսկ համակարգային խնդիրը կայանում է նրանում, որ երբ, օրինակ, դու ուզում ես որեւէ գլոբալ փոփոխություն անել` ինչպիսին չափորոշիչն է, պետք է սկսես ներքեւի օղակից, սկսես պատրաստել ուսուցչին, որը պետք է կարողանա տիրապետել խնդրին: Ի վերջո այդ ստանդարտի իրականացնողը ուսուցիչն է։ Եթե ուսուցիչը պատրաստ չէ, ինչպե՞ս պետք է կարողանա դասավանդի ու նոր ստանդարտին համապատասխանեցնի։ Կամ, օրինակ, մենք քննարկե՞լ էինք ուսուցիչների հետ՝ արդյո՞ք համապատասխանում են այդ ստանդարտները երեխայի այդ տարիքի ընկալունակությանը, 3-րդ, 4-րդ դասարանի երեխան կարողանալո՞ւ է ամբողջությամբ վերլուծել եւ մեկնաբանել սովորածը, թե՞ չի կարողանալու։ Եթե մենք ուսուցիչներին բավարար վերապատրաստում, դասագքրի փորձարկումներ չարեցինք, բայց բերեցին մտցրեցինք համակարգ, իհարկե, դա պետք է առաջացնի քաոտիկ իրավիճակ»,-ասում է փորձագետն ու ընդգծում՝ համակարգի կարեւորության մասին։

«Կարեւորը համակարգն է, մենք միշտ պետք է խոսենք համակարգից, մենք երբեք չենք ունենա նորմալ, որակով, նոր մշակված կրթական համակարգ, որովհետեւ մենք անընդհատ շեղվում ենք այդ դետալների վրա, որոնք գալիս մտնում են մեր առօրյա ու մենք սկսում ենք այդ դետալից խոսել։ Սակայն, դետալը որեւէ իրական դեր չի ունենալու, քանի որ համակարգը չկա, այդ դետալները մեզ շեղում են գլխավոր ու կարեւորագույն հարցից։

Մենք, որպես պետություն, քաղաքացուն ասում ենք, որ դու պետք է 16-18 տարի անցնես կրթական խողովակով՝ 12 տարի դպրոց, հետո 4-6 տարի բուհ, այսինքն, մենք մարդուն 18 տարով մտցնում ենք խողովակի մեջ։ Հիմա մեկ այլ օրինակ բերեմ․ կարմիր դիպլոմով մի աղջիկ, ինչո՞ւ հենց աղջիկ, որովհետեւ վիճակագրությունը ցույց է տալիս, որ 71 տոկոսը հենց աղջիկներն են կարմիր դիպլոմով ավարտում` թե դպրոցը, թե բուհը։ Հիմա մարդը վստահել է համակարգին` գերեզանց սովորեց, կարմիր դիպլոմով ավարտեց ու դուրս եկավ այդ խողովակից, բայց այդ խողովակից դուրս գալով ինքը ի՞նչ է անում։ Արդյո՞ք իր ստացած կրթությունը եւ իրականությունը համապատասխանում են իրար, արդյո՞ք այդ մարդու գիտելիքները այսօրվա կյանքի ու շուկայի պահանջներին համապատասխանում են։ Սա գլխավոր համակարգային խնդիրն է, որին մենք պետք է անդրադառնանք․ արդյո՞ք մենք գիտենք շուկայի պահանջները, արդյո՞ք պետությունը` որպես հեռանկար իր համար ունի՝ թե 10-20 տարի հետո որտեղ է ինքը ուզում լինել։ Ենթադրենք, պետությունն ասում է, որ իր համար գերակա պետք է դառնա տեխնոլոգիան, գյուղատնտեսությունը, տուրիզմը եւ սրանք իմ գերակա զարգանալու ուղղություններն են եւ 10 տարի հետո ուզում եմ լինել տեխնոլոգիապես կայացած պետություն։ Ուրեմն դու պետք է իջնես կրթություն եւ սկսես պատրաստել այդպիսի քաղաքացիների, որոնք կհամապատասխանեն քո տեսլականին, որ զարգացնի քո պետությունը եւ տանի առաջ։ Մենք ունե՞նք պետական տեսալական, օրինակ, որտեղ պետք է լինի 10 տարի հետո Հայաստանը, եթե չունենք դա, ապա չգիտենք, թե ինչպիսի գիտելիքներով, հմտություններով քաղաքացի պետք է պատրաստենք։ Հիմա նոր չափորոշիչը կարծես պետք է միտված լիներ դրան, բայց ինչպես դա իմպլեմենտացվեց՝ տեսանք բոլորս»։

Ծանոթացե՞լ է մրցույթի արդյունքում հաղթած դասագրքերին, որոնք երաշխավորվել են ԿԳՄՍՆ-ի կողմից եւ մտել դպրոցներ։ Հատկապես շատ քննադատեցին 7-րդ դասարանի «Հայոց պատմության» եւ 7-րդ դասարանի մաթեմատիկայի դասագրքերը, ինչպես է ինքը մեկնաբանում այս աղմուկը․ «Ես դասագրքերի փորձագետ չեմ, բայց իմ սուբյեկտիվ կարծիքով՝ հիմա Ադին է, Բուդին է, Գուդին է, թե Վազգենն է, Կարենն ու Սարգիսը՝ ի՞նչ էր փոխվելու դրանից, որեւէ բովանդակային բան փոխվելո՞ւ էր։ Եթե փորձագետը գտնում է, որ երեխային Ադի-ով Բուդի-ով, Գուդի-ով կարող է ավելի լավ մատուցել առարկան, ես դրա հետ խնդիր չունեմ, ուզում է ասել՝ գումարելիների տեղափոխությունից ոչինչ չի փոխվում։ Ինձ համար դա ուղղակի շարքային աղմուկ է, որը մեզ կտրում է գլխավոր խնդիրներից։

Սովորաբար 3-ից մինչեւ 5 տարի ընտրվում են «իքս» քանակությամբ դասարաններ, դպրոցներ եւ զուգահեռ փորձարկում է արվում։ Ենթադրենք` այս դասագրքով ու այս մեխանիզմով կրթում եմ աշակերտների այսքան տոկոսին, մի քանի տարի հետո սկսում եմ հասկանալ` արդյո՞ք դա տվեց այն անհրաժեշտ փոփոխությունը, որը ես պլանավորել էի եւ եթե՝ այո, նոր ես դա բերում եմ համակարգ ու տարածում եմ ամբողջ համակարգի վրա: Որովհետեւ երեխան փորձադաշտ չէ, որ դու իր վրա ամեն տարի կամ ամեն ամիս փորձարկումներ անես։ Համակարգն այսպես է աշխատում, հիմա թե Ադին է, թե Բուդին՝ դրան թող պատասխան տան մասնագետները»,-նշում է Ալոյանը։

Թե դասագրքերի փորձագիտական հանձնաժողովներին, թե կամավոր ատեստավորման թեստերի հեղինակներին ԿԳՄՍՆ-ն գաղտնի է պահում: Անգամ երբ ողջ գործընթացն ավարտվում է՝ էլի չի հանրայնացվում, թե ովքեր են կանաչ լույս վառել այդ դասագրքերի կամ թեստերի առաջ։ Որքանո՞վ է արդարացված այդ մոտեցումը, հատկապես որ այդ մարդիկ պատասխանատվություն են կրում այդ համակարգային փոփոխությունների համար եւ կարող են կանգնել ու պատասխանել մասնագիտական հանրույթի հարցերին՝ նշելով, որ այս-այս արժանիքների համար են հաղթել այդ դասագրքերը․

«Կարծում եմ՝ հարցադրումը սխալ ենք դնում՝ ինչո՞ւ է գաղտնի պահվում, տրամաբանական է, որովհետեւ փոքր պետություն ենք, բոլորս-բոլարին գիտենք եւ այդ ինֆորմացիան կարող է արագ դուրս գալ, բայց միեւնույն ժամանակ ո՞ւմ համար է դասագիրքը պատրաստվում, ո՞ւմ համար է ատեստավորումը անցկացվում։ Հիմա հասկանանք ուրիշ բան՝ «գաղտնին» դեռ մի կողմ, այդ ստեղծողը տիրապետո՞ւմ է, հասկանո՞ւմ է ուսուցչի կյանքը, հասկանո՞ւմ է իրական պահանջը, թե՞ ուղղակի թեստ գրելու մասնագետ է եւ այդ թուղթը լավ գրում է։ Հարցն այդքան գաղտնիությունը չէ, որքան այն, որ այդ ատեստավորումը, որ ինքը սարքում է՝ անձը, մարդը կամ թիմը, նա հասկանո՞ւմ է ուսուցչի կյանքը, նա դասարանում անցկացրել է ժամանակ, թե՞ փակ սենյակում մշակում է մի բան, որը պետք է գնա մտնի այն մարդու կյանք, որին դու չես տիրապետում։ Օրինակ, Միացյալ նահանգներում, եթե չեմ սխալվում դեռ 1890-ականներին, մաթեմատիկայի չափորոշիչները մշակվեցին մանկավարժների կողմից։ Մանկավարժները բերեցին չափորոշիչները, տվեցին պետությանը, որն էլ հիմք ընդունեց, որովհետեւ մանկավարժը գիտեր ինչ է պետք անել, որպեսզի կարողանաս զարգանալ, աճել եւ ունենալ համապատասխան ստաժ։ Ներքեւից եկավ չափորոշիչը եւ այդ դեպքում ունեցավ մեծ թռիչք, զարգացում, եթե վերեւից է գալիս՝ առանց տիրապետելով «ներքեւի» օղակի կյանքին, այսպիսի քաոս է դառնում։ Այսինքն, մշակողն ո՞վ է, տիրապետո՞ւմ է իրավիճակին։ եթե լինեին ուսուցիչների կյանքը տիրապետող մարդիկ՝ դժվար այսպիսի մեծ խնդիրներ առաջանային կամ ուսուցիչը ասեր՝ սա չի համապատսխանում ինձ»։

Ս․ Ալոյանի համոզմամբ, հատկապես ատեստավորումների միջոցով պետությունը նախեւառաջ դրանով ինքն իրեն է գնահատում․ «Երբ գնահատման համակարգը առաջին անգամ ստեղծվեց, ինքը նպատակ չուներ աշակերտին գնահատելու, այլ համակարգն ինքն իրեն գնահատում էր, թե ինչքանո՞վ է ինքը որակով։ Հիմա պետությունն անընդհատ գումար է ծախսում՝ մանկավարժ պատրաստելու, ատեստավորելու եւ այլնի համար։ Դրանով ինքն իրեն պետք է գնահատի, ոչ թե ուսոցչին։ Եթե ուսուցիչը չի կարողանում անցնել ատեստավորումը, ուրեմն դու ես ձախողվել, ոչ թե ուսուցիչը։ Իսկ եթե ձախողվում է ուսուցիչը՝ ձախողվում է ամբողջ պետությունը, որովհետեւ եթե այդ մեկ տոկոսը, որը պետք է կրթեր մնացած 99 տոկոսին՝ ձախողվել է, ուրեմն ձախողվելու է նաեւ մնացած 99 տոկսը, իսկ մենք անընդհատ այդ փաստի առաջ ենք կանգնում եւ անընդհատ ձախողվում ենք»։