182 մլն դրամ՝ ուսուցիչների պարտադիր ատեստավորման համար

182 մլն դրամ՝ ուսուցիչների պարտադիր ատեստավորման համար

ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել 182 մլն դրամ հատկացնել հանրակրթական հիմնական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին` 2021 թվականին ուսուցիչների հերթական (պարտադիր) ատեստավորում կազմակերպելու նպատակով վերապատրաստումների իրականացման համար:

Գումարը հատկացվում է ԿԳՄՍ նախարարության 2021 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների վերաբաշխման հաշվին:

Կրթության ազգային ինստիտուտի լուծարման հետեւանքով նախորդ երկու տարիներին հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսուցիչների հերթական ատեստավորում չի իրականացվել: Արդյունքում ուսուցիչները հնարավորություն չեն ունեցել տարակարգ ստանալու, այն դեպքում, երբ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր տարի ոսուցիչների առնվազն մեկ հինգերորդը ենթակա է պարտադիր ատեստավորման: Ըստ այդմ՝ ակնկալվում է, որ առաջիկա երկու տարիներին կատեստավորվեն ոչ միայն այդ տարեթվերին ատեստավորման ենթակա ուսուցիչները (շուրջ 7 հազար 400 ուսուցիչ), այլեւ նախընթաց երկու տարիներից գործընթացին չմասնակցած ուսուցիչները:

Հերթական ատեստավորման վերապատրաստման դասընթացներն իրականացնում են ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված կազմակերպությունները: Գործընթացը համակարգում է «Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը:
Ինչ վերաբերում է ուսուցիչների պարտադիր եւ կամավոր ատեստավորման գործընթացների հիմնական տարբերություններին, ապա պարտադիր` հերթական ատեստավորման պահանջը սահմանված է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով, ըստ որի՝ ուսուցիչը 5 տարին մեկ անգամ պետք է անցնի հերթական ատեստավորում` պահպանելու համար մասնագիտական որակավորումը: Կամավոր ատեստավորումն էլ ենթադրում է ուսուցչի աշխատավարձի 30-50 տոկոս բարձրացում, եթե ուսուցիչն ատեստավորման արդյունքում հավաքում է 80 տոկոս եւ ավելի միավոր: Այս գործընթացին, որն իրենից ներկայացնում է մասնագիտական գիտելիքների ստուգում, ուսուցիչները մասնակցում են կամավորության սկզբունքով: