«Սիցիլիական մաֆիոզի» գեներալը 

«Սիցիլիական մաֆիոզի» գեներալը 

Երկար ժամանակ չէի հասկանում, թե ինչպես է պատահում, որ դատավորներից ոմանք թեկուզ հսկայական գրավով ազատ են արձակում երբեմնի «դուխով» Նիկոլի քիմքին ոչ հաճելի գործիչներին: Լինեն նրանք ռազմական թե քաղաքական: Դրանցից մեկն, օրինակ, նախորդ օրը 9-ամսյա կալանքից՝ 20 միլիոն դրամի դիմաց ազատ արձակված գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովն է: Որի իրականացրած Տավուշյան դիրքային մարտի շնորհիվ նախքան պատերազմը Սարդարապատի հուշահամալիրում ինքնափիառվեց ՀՀ վարչապետի աթոռին բազմած անձը: Ընդ որում, գեներալն ազատ է արձակվել հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի կողմից: Իսկ դատական այդ կառույցում, ենթադրում եմ, հավաքված են այն դատավորները, որոնք Նիկոլին հակաճառել չեն համարձակվի: Քանի որ չեն ցանկանա դասվել վերջինիս բնութագրած «վնգստացողների» շարքին:

Չէ, ես չեմ կարող վստահ լինել, որ մեր գեներալին ազատ արձակած դատավորը չէր կարող լինել նորմալ անձնավորություն: Այն անձը, որը չէր վախենալու «վնգստացող» բնորոշվելու առումով: Հատկապես որ ինքը արդեն երկրորդ անգամ է արձակում գեներալին: Բայց եթե նույնիսկ հենց նրա դեպքում մենք գործ ունենք արհեստավարժ ու սկզբունքային դատավորի հետ, ապա գեներալին ազատություն շնորհելը տեղավորվում է հայաստանյան այսօրվա իրականության մեջ: Իսկ ո՞րն է այդ իրականության բնույթը: Այն, որ գեներալին ազատ արձակելն օբյեկտիվորեն համապատասխանում է «մեծարգո պարոն վարչապետ Փաշինյանի» ներքին քաղաքականությանը: Որովհետև այդպես կարող են հրահանգած լինել վարչապետի արևմտյան հովանավորողները: Իհարկե, բացի նրանից, որ դա, միաժամանակ, համապատասխանում է հենց իր իշխանության պահպանմանը:

Արևմուտքից կարող են նման հրահանգ տալ, որպեսզի պահպանեն իրենց դեմքը՝ երբ ամեն հարցում աջակցում են իրենց «հոգեզավակին»: Չէ որ իրենք, ի տարբերություն, ասենք Ռուսաստանի, առաջնորդվում են «արդարության, օրինականության և, ի վերջո, ժողովրդավարության» սկզբունքներով: Ինչը նշանակում է, որ գեներալ Խաչատուրովին, օրինակ, երկու-երեք տարի պահելը ներդաշնակ չէր լինի վերը նշված սկզբունքների հետ:

Որովհետև 60 հատոր գործի և 90 վկաների առկայության պարագայում 2 շաբաթը մեկ նիստ անցկացնելը կարող է տևել հենց այդքան՝ եթե ոչ ավելի երկար: Եվ, բացի դրանից, իննամսյա պատիժը ոչինչ չի տվել գործող իշխանությանը: Ինչպես երևում է, գեներալի հարցում Նիկոլի բախտը չի բերել. վերջինս կոտրվողներից չէր: Իսկ որ դա պատիժ էր՝ դրանում կասկած լինել չի կարող: Իննամսյա կալանքը վստահաբար ոչինչ չի տվել նաև նախաքննություն իրականացնող մարմնին: Այդպես է, համենայն դեպս, ներկայացրել գեներալի փաստաբան Հակոբ Ենոքյանը՝ հայտնելով, որ այդ ամիսների ընթացքում քննությունը ոչ մի քայլ առաջ չի գնացել: Եվ չէր էլ գնա, քանի որ փողերի լվացման հոդվածով մեղադրվող գեներալն սիցիլիական մաֆիոզի չէր, որ իսկապես զբաղվեր փողերի լվացմամբ: