Շաբաթվա հանցագործությունը․ գողացել են 20 տոննա շոկոլադ

Շաբաթվա հանցագործությունը․ գողացել են 20 տոննա շոկոլադ

Ավստրիայի ոստիկանությունը շարունակում է շաբաթվա հանցագործության բացահայտումը։ Խոսքը մասնավորապես այն բեռնատար մեքենայի առեւանգման մասին է, որի մեջ եղել է Milka ընկերությանը պատկանող 20 տոննա շոկոլադ, որը տեղափոխվել է գործարանից Բելգիա, սակայն ճանապարհին անհետ կորել է։ Ըստ հայտնի տեղեկությունների, արտադրող ձեռնարկությունը դիմել է տեղի փոխադրող ընկերությանը, որպեսզի բեռը հասցնի ստացողին։ Վերջինս էլ կապալառուի է ներգրավել Հունգարիայից, որը իր հերթին դիմել է չեխական ընկերությանը։ Այս մասին տեղեկացնում է enovosty.com-ը։

Լոգիստիկ նման խճճված սխեման մոլորության մեջ է գցել արտադրողին, ուստի, երբ ֆաբրիկայի մոտ ժամանել է չեխական համարանիշներով մեքենա, չեն էլ կասկածել, որ փաստաթղթային անճշտություն կա։ Պարզվել է, որ կեղծ են եղել բոլոր այն փաստաթղթերը, որոնք ներկայացրել է մեքենայի վարորդը՝ սկսած վարորդական իրավունքից մինչեւ մեքենային առնչվող փաստաթղթերը։ Նույնիսկ համարանիշները եղել են կեղծված եւ իրականում այդ համարանիշները որպես առեւանգված եղել են որոնման մեջ։ Այդուհանդերձ, արտադրող ձեռնարկության աշխատակիցները բարձել են բեռը եւ միայն այն ժամանակ են ուշադրություն դարձրել այդ ամենին, երբ բեռը չի հասել ստացողին։ Սկսվել է քննություն։