Փինաչի Միրզան ու իր չաքուջը

Փինաչի Միրզան ու իր չաքուջը

Մի քաղաք, մի Միրզա։ Մի Գորիս, մի կոշկակար Միրզա։ Ամեն ինչ անցյալում է մնացել, բայց ոնց որ մոխրի տակից պեծին- պեծին է անում կրակը, այսօր էլ Միրզայի սերնդակիցները կհիշեն նրան։ «Բերանը ճղված  կոշիկ էինք տանում», ասում էր՝ էս մարդակերին խեյե՞ք պերալ։ Մեկ էլ թե՝ լյավ, մի պյան կանեմ։ Փինաչու նման կարում, կարկատում էր, ծակերը փակում ու ասում՝ յոլա տարեք, մինչեվ տեսնանք կլխընիս հինչա կյամ։ 

Եթե այսօրվա աչքերով նայենք՝ փինաչի էր, բայց դե չունևոր խավի համար արհեստավոր էր։ Հիշում եմ, քթի տակ անընդհատ մի երգ էր փնթփնթում․ 
Ինձ ասում են Միրզա,
Մեխիս քեթը բիզա, 
Մեկ խփում եմ նալին,
Մեկ մուշտարու քյալլին։ 

Ինչու՞ հիշեցի փինաչի Միրզային։ Նիկոլ Փաշինյանի «դիվանագիտական բանակցություններն ու հայտարարությունները» նմանեցնում եմ 70-ականների մեր փինաչի Միրզայի «կոշկափինաչիյություններին»։  Եթե Միրզան գոնե «Մեկ խփում էր նալիս, մեկ մուշտարու քյալլին» , նա մեխին երբևէ չի խփում՝ «հա խփում է մուշտարու քյալլին»։

Այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ Հայաստանը Պրահայի պայմանավորվածությունների հիման  վրա պատրաստ է գնալ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Մի այլ հայտարարությամբ էլ ասում էր, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել այն, ինչ Ռուսաստանն իրեն դեմ տա։

Վերջը չհասկանա՞նք՝ էս մարդու ուզածն ինչ է։ Երևի չաքուջով «խփել մուշտարու քյալլին» , որ էլ նրան կոշիկ պետք չլինի ու ազատվի մուշտարուց։ Արցախը ու մի «թայ կոշիկը» նրա համար նույն արժեքն ունեն։