Հիմա սա ինչո՞ւ եք հանել, թե՞ պնդում եք, որ կանեք․ Դավիթ Խաժակյան

Հիմա սա ինչո՞ւ եք հանել, թե՞ պնդում եք, որ կանեք․ Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու այսօրվա նիստում քննարկվում էր 2018թ․ դեկտեմբերի 25-ի որոշման մեջ փոփոխություն կատարել, որը վերաբերում է Երևանի 5-ամյա զարգացման ծրագրին․ ընդդիմադիր «Լույս» խմբակցությունը դեմ է ծրագրին։

Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ելույթում նշեց, որ այդ ծրագրից նախատեսվում է հանել կետ, ըստ որի՝ նախատեսվում էր վերակառուցել և արդիականացնել «Հաղթանակ» զբոսայգին, ընդ որում՝ նախատեսվել էր դրա իրականացումը մասնավոր ընկերությունների ներգրավմամբ։

«Հիմա այս ծրագիրը հանվել է, և որպես մեկնաբանություն գրվում է՝ «Հաղթանակ» զբոսայգու վերակառուցման և արդիականացման ծրագիրը դիտարկվում է որպես ներդրումային ծրագիր։ Այսինքն՝ այս նախադասությամբ մեզ ասում են, որ սա խոչընդոտող հանգամանք է, բա մետրոն էլ է ներդրումային ծրագիր, 5-ամյա ծրագրում ինչ գրված է՝ ներդրումային է։ Հիմա սա ինչո՞ւ եք հանել։ Թե՞ պնդում եք, որ կանեք»,- նշեց նա։ 

Ըստ Դավիթ Խաժակյանի՝  5-ամյա զարգացման ծրագրից հանվել է նաև աղբահանության բաց և թափանցիկ մրցույթի միջոցով նոր կամ 2-րդ օպերատոր ներգրավելու մասին կետը․ «1 տարի խոսեցինք այն մասին, որ լավագույն տարբերակը 2-րդ օպերատոր ներգրավելն է, մրցակցություն ապահովելն է։ 2019 թ․-ի 1-ամյա զարգացման ծրագրում կար, դուք էլ ասում էիք, որ սա շարունակում է ձեզ համար մնալ ցանկալի տարբերակ։ Հիմա ձեր տված խոստումները հերթով բերում եք, 5-ամյայից հանում եք ու ասում եք, որ, գիտեք ինչ, նշված կետը վերաձևակերպվել է, ներառվել է 2019-23թթ․, և այդ աշխատանքը կիրականացվի «Երևանի աղբահանություն-սանիտարական մաքրում» հիմնարկի կողմից։ Հիմա էլ դուք եք մոնոպոլիա սահմանում, ընդ որում՝ մի մոնոպոլիա, որն ավելի լավը չէ, քան մասնավորինը, որովհետև մասնավորից երբ որ գողանում են, այն մասնավորի խնդիրն է, նրանք մի բան կանեն, բայց երբ որ գողանում են համայնքից, արդեն անհասկանալի  բաներ են տեղի ունենում»։