Կադրային ջարդ ոստիկանության զորքերում՝ ծանոթ, բարեկամ, համերկրացի սկզբունքով

Կադրային ջարդ ոստիկանության զորքերում՝ ծանոթ, բարեկամ, համերկրացի սկզբունքով

Ոստիկանության զորքերի մի խումբ զինծառայողներ դժգոհություն են հայտնում զորքերում տիրող կամայականությունների եւ անoրինականությունների հետ կապված: Մասնավորապես նշում են, որ ոստիկանության զորքերի հրամանատարի փոխվելուց հետո նորանշանակ շտաբի պետ, փոխգնդապետ Գուրգեն Դալլաքյանի կողմից զորքերում սկսվել է մի իսկական կադրային ջարդ: Ընդ որում, կադրային ջարդի զոհ են գնում իրենց պարտականությունները բարեխղճորեն կատարող եւ գործի գիտակ մարդիկ: «Տեղին է հիշել հանրահայտ ժողովրդական ասացվածքը՝ «Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը»,- գրում են զինծառայողները՝ նշելով, որ նորանշանակ հրամանատարության գործունեության հիմքում ընկած է ծանոթ, բարեկամ, համերկրացի սկզբունքը (միգուցե կան նաեւ այլ անձնական ապօրինի շահեր), եւ այս սկզբունքով արդեն նշանակվել են մի շարք պաշտոնյաներ, որոնք փոխարինել են իրենց բարեխիղճ ծառայությամբ եւ աշխատասիրությամբ աչքի ընկնող ծառայողներին: «Կադրային նման քաղաքականության արդյունքում ոստիկանության զորքերում ստեղծվել է վախի մթնոլորտ, եւ ցանկացած զինծառայող մտածում է, որ կադրային ջարդի հերթական զոհը կարող է լինել ինքը»,- գրում է մեր նամակագիրը։

Գուրգեն Դալլաքյանը, ով ՊՆ համակարգից մոտ 2-3 ամիս առաջ  է ոստիկանության համակարգ տեղափոխվել, նրա ասելով՝ գործից անտեղյակ ու անփորձ մարդ է։ Նրա ձեռքով են ծառայությունից ազատվել փոխգնդապետներ Վրեժ Ղուկասյանը, Արսեն Երեմյանը, փոխարենը աշխատանքի է ընդունվել իջեւանցի Նարեկ Հախվերդյանը։

Այս առնչությամբ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին․ «Ոստիկանությունում, մասնավորապես՝ նաեւ ոստիկանության զորքերում եւ բոլոր ստորաբաժանումներում կատարվում են կադրային տեղաշարժեր։ Դրանց նպատակը ծառայության արդյունավետությունը բարձրացնելն է։ Բացի այդ, լինում են ծառայողներ, որոնք անցնում են երկարամյա ծառայության կենսաթոշակի։ Բոլոր նշանակումները կատարվում են ընդունված նորմերին համաձայն, իսկ եթե որեւէ ծառայող համարում է, որ իր նկատմամբ անարդար են եղել, նա ունի բողոքարկելու իրավունքի օրինական բոլոր ձեւերը»: Մենք տեղեկացանք նաեւ, որ ոստիկանության զորքերում ստուգումներ են իրականացվում, եւ չի բացառվում, որ խախտումներ հայտնաբերվեն, որոնց մեղքն այս հեռացված անձանց վրա է, որոնք, ի դեպ, Լեւոն Երանոսյանի կադրերն են հիմնականում։