Մերձավանի ղեկավարը մեկ այլ քրեական գործով էլ է անցնում

Երբ ՏԻՄ-երում համայնքապետեր են ընտրում կամ վարչական ղեկավարներ են նշանակում «աչքաբաց», «հարց լուծող» ու «ճարպիկ» տղաներին, աղմկոտ միջադեպերն ուշացնել չեն տալիս։ Փարաքարն ասվածի վառ օրինակներից է։
Խոշորացված այս համայնքը սկանդալների թատերաբեմից չի իջնում 2021 թվականից, երբ ՔՊ-ն, ընտրություններում պարտվելով «Ապրելու երկիր» կուսակցությանը, իրեն հատուկ ժանգլյորությամբ ձեռք գցեց հաղթանակ և համայնքապետեր նշանակեց միանգամից երկու հոգու՝ քրեական պատմությունների մեջ թաթախված ու գիշերային ակումբներում դեբոշներ անող Դավիթ Մինասյանին և նրանից ոչ պակաս հանցավոր ապրելակերպ ունեցող Լյուդվիգ Գյուլնազարյանին։ Նրանք Փարաքար խոշորացված համայնքը պետք է ղեկավարեին հերթով։
Բայց համայնքապետերից և ոչ մեկը պաշտոնավարման իրեն հատկացված ժամկետը՝ 2,5 տարին, ամբողջությամբ չիրացրեց՝ կրկին քրեական սկանդալների մեջ հայտնվելու պատճառով։ Այս ֆոնին բոլորովին զարմանալի չէ խոշորացված համայնքը ներառող Մերձավանի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի ակտիվությունը։ Երիտասարդ տղամարդը, որ պաշտոն էր ստացել վաստակ, անցած ճանապարհ և որևէ արժանիք չունենալով, կարճ ժամանակում սկսել է «լավ տղա» խաղալ և հեղինակ դառնալ մի շարք միջադեպերի։ Ախտոյանի մասնակցությամբ անախորժ դեպքերն անպակաս են։ Դրանցից մեկն օրերս ավարտվեց մահվան ելքով։ Նախօրեին, նրա տան մոտ տեղի ունեցած կրակոցներից մեկ երիտասարդ սպանվեց, մյուսը վիրավորվեց։
Զարմանալի չէ, որ երիտասարդ, բայց արդեն «Ճարպիկ պաշտոնյա» դարձած Մհեր Ախտոյանը պաշտոնավարման ընթացքում մեկ այլ քրեական գործ էլ է շալակել։ Իր երբեմնի վերադասի՝ Փարաքարի նախկին համայնքապետ Դավիթ Մինասյանի օրինակով, չարաշահել է ծառայողական լիազորություններն ու դատարանի կողմից երկամսյա կալանք վաստակել։ Հետո, դատարանը նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է կիրառել։
Նկատենք, որ Մերձավանում է բնակվում նաև ՏԻՄ ընտրություններում հաղթած, «Ապրելու երկիր» կուսակցությունից համայնքապետի պաշտոնում առաջադրված Վոլոդյա Գրիգորյանը, որի և Փարաքարի ՔՊ-ական վերնախավի «ջրերը մի առվով չեն գնում»։ Այս գործոնը հաշվի առնելով էր նաև Մհեր Ախտոյանն իրեն «կինոյի տղու տեղ դրել»՝ թույլ չտալու համար վոլոդյագրիգորյանների հնարավոր ակտիվությունը։
Ուշագրավ է նաև, որ թե Փարաքարի չկայացած երկու ղեկավարները, թե Մհեր Ախտոյանը վայելում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, փարաքարցի Նարեկ Մկրտչյանի հովանավորչությունը։
Արեգ Մարգարյան
Կարծիքներ