Սպանդանոցներում «բարդակ» է

Սպանդանոցներում «բարդակ» է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հունվարի 15-ից  անցել է պարտադիր սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության, արգելել բակային մորթը։
Տևական ժամանակ է, ինչ մի խումբ անասնապահներ ու մսագործներ բողոքի ակցիաներ են իրականացնում՝ դեմ արտահայտվելով խոշոր և մանր եղջերավոր անասունների՝ սպանդանոցային պայմաններում մորթ կատարելու պարտադիր պայմանին։

Քաղաքացիների մի մասը կտրականապես հրաժարվում է օգտվել սպանդանոցների ծառայություններից՝ նախընտրելով սեփական տան բակում կազմակերպել մորթը։ Մյուս մասը, թեև ընդունում է սննդի անվտանգության բարձրացմանն ուղղված գործողությունները, սակայն բողոքում է սպանդանոցների սակավ քանակից և դրանց հեռավորությունից։

Հունվարի 20-ին կառավարության որևէ ներկայացուցիչ չարձագանքեց մսավաճառների և ֆերմերների կողմից իրականացվող բողոքի ակցիային, ինչից հետո  գյուղացիները հայտնեցին, որ այսօրվանից փակվելու են համայնքային մի շարք ճանապարհներ և առավոտյան 8։30-ից մի շարք համայնքներում ճանապարհներ փակվեցին և մեկնարկեցին նոր բողոքի ակցիաներ։ Բողոքի ակցիաներ տեղի ունեցան Արարատի, Արմավիրի մարզերում։ Անասնաբուծությամբ զբաղվողները փակել էին մի շարք համայնքային ճանապարհներ,  Երևան-Սևան, Երևան-Արմավիր ավտոճանապարհները։ Արարատի մարզի Մխչյան համայքում ևս ակցիայի մասնակիցները ակտիվ էին։ 
«Եթե գաղափարապես դու էդքան զարգացած ես ու կարաս ժողովրդի հարցերին պատասխանես, մի հատ արի ժողովրդի մեջ, պատասխանի հարցերին»,- նշեց Արարատի մարզի ֆերմերներից մեկը՝ դիմելով Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին, ում անունը գյուղացիների շրջանում օրերս ամենաքննարկվողներից է։

Մխչյան համայնքի ղեկավար Խաչիկ Պողոսյանը «Հրապարակին» հայտնեց, որ թեպետ ակցիան իրենց մոտ է եղել, բայց Մխչյանից գրեթե մարդ չի մասնակցել․ «Նախ ասեմ, որ սա մեկ գյուղի հարց չէ։ Ճիշտ է, մեր ճանապարհին է եղել, բայց մասնավորապես մեր գյուղից մարդիկ չեն մասնացել։ 1-2 հոգի են եղել, այն էլ անցորդներ»։

 Սննդի անվտանգության պետական ծառայությունից հայտնում են, որ  այժմ Հանրապետությունում գործում է 38 սպանդանոց, 20 սպանդանոց ներքին հարդարման փուլում են, 27-ը՝ նախագծման։ Մորթի արժեքը կազմում է 10 հազար դրամ՝ խոշոր, 3.500 դրամ՝ մանր եղջերավորի համար և 5000 դրամ՝ խոզի։  3 և ավելի կենդանի մորթելու պարագայում մինչև 30 կիլոմետր հեռավորությունից կենդանիների տեղափոխումը սպանդանոց անվճար է։ Տեղափոխումը կատարվում է սպանդանոցի հատուկ նախատեսված մեքենայով։ 

Սակայն բողոքավոր գյուղացիները բողոքի ակցիայի հենց առաջին օրվանից շարունակում են պնդել, որ գործող սպանդանոցներում «բարդակ» է և իրականությունն այլ է։ «Բարդակ ա, սկի զանգում ենք, չեն վերցնում, ի՞նչ տեղափոխության անվճար լինելու մասին ա խոսքը։ Եթե անվճար էլ ա, ես ո՞նց եմ տենց ծանր-ծանր տեղափոխելու մեքենան, սենյակներում իրանց համար նստած են, մի անգամ ծանր բան բռնած կա՞ն։ Ոչ մի բան էլ անվճար չի,  էլի մենք մեր գրպանից պետք ա վառելիքի ու լիքը այլ ծախսերի հարցը լուծենք։ Մորթելու համար 10 հազար, էս ինչի համար 10 հազար, տեղափոխելը 10 հազար, այսինքն՝ 30 հազար ու ավել ծախս ենք անում, լավ, բա էլ խի՞ ենք պահում էդ անտերը։ Մարդ կա իրա տնից 30 կմ չէ, 50, 60, 70 կմ է հեռու, բա էդ մարդիկ ո՞նց են անելու։ Եթե մտածում են, որ պետք ա մեր երեխու բերնից կտրենք 25, 30 հազար դոլար էլ փող տանք սպանդանոց սարքենք, սխալվում են։ Ախր չունենք էլ, թե չէ կարող ա մտածեին, բայց մեզ փող որտեղից, հազիվ ենք հասցնում, հազար հարց կա»,- «Հրապարակի» հետ զրույցում նշեց ֆերմեր Գեղամ Հարությունյանը։

Ակցիայի ամենաակտիվ մասնակիցներից Իջևանի բնակիչ Դավիթ Աթաբեկյանն էլ մեզ հետ ցրույցում ասաց․ «Ինքնըստինքյան միսը թանկանալու ա։ Էսօր ես գործ եմ անում, որ կարողանամ մի բան իմ աշխանաքից արդյունք քաղեմ, ոչ թե տանեմ տամ սպանդանոցին։ Ես չեմ պատրաստվում իրանց թելադրանքով իմ բիզնեսը զարգացնեմ, էսօր ես եմ թելադրողը ու վերջ։ Մի հատ հասկանանք՝ սպանդանոցի առավելությունը ո՞րն ա, ինչով ա իմ մորթած տեղից առավել։ Մաքրությունո՞վ, ոչ, ոչ մի բանով։ Ես ասում եմ՝ ավել փող չունեմ տանեմ տամ իրանց»։