Դեմագոգիա

Դեմագոգիա

Մեր պետությունն այնքան են նսեմացրել, պետական ինստիտուտներն այնքան են վարկաբեկել, որ արարողակարգի ու էթիկայի ոչ մի ավանդույթ չի պահպանվում: Հայտնի դիվանագետներից մեկը երեկ հետեւել էր Դանիի հրավիրած ֆորումին եւ ապշած ասում էր` աշխարհի ոչ մի երկրում պետության վարչապետը, նախագահը, կառավարության անդամները, իրավապահ համակարգի ղեկավարները համատեղ չեն մասնակցում ինչ-որ ֆորումների, որին մասնակցում են իրենցից կարգով ցածր արտերկրյա հյուրեր: Առավելագույնը` կարող են գալ ողջույնի խոսք ասել եւ գնալ:

Այս մարդիկ այդպես էլ չգիտակցեցին իրենց զբաղեցրած դիրքն ու պետության ղեկավարների պահվածքի տարրական կանոնները: Կառարկեք, թե փլուզվող երկրում ի՞նչ էթիկա, ի՞նչ կանոններ: Շատ լավ, դառնանք նրանց խոսքին, եթե դա համարում եք ավելի կարեւոր: Եթե բաց թողնենք հին, բոլորիս հոգնեցրած «ձայնապնակը»` «ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության» թեմայով, ապա ամենաուշագրավը ժողովրդավարության մասին ասված մտքերն էին:

Նիկոլ Փաշինյանն ասում է. «Այո՛, ժողովրդավարությունը շարունակելու է լինել Հայաստանի առանցքային, հիմնական բրենդը... սա մեր համոզմունքն է եւ մեր ռազմավարությունը… Սա գիտակցված քաղաքական կուրս է, որը Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ ժողովուրդը վարում են»: Այդ նույն պահին, երբ այս խոսքերն արտասանվում էին, մեր խիստ ժողովրդավարական երկրում աշխատանքից ազատվում էին ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի կինն ու որդին` առանց որեւէ հիմնավորման: Հետո հայտնի դարձավ, որ Հանրային հեռուստաընկերությունից ազատվել է նաեւ դիզայներ Արամ Նիկոլյանը:

Ժողովրդավարության մասին յուրահատուկ պատկերացումներ ունեն ՀՀ գործող իշխանությունները: Ժողովրդավարությունը տրորելով` ժողովրդավարությունից են խոսում: