Այլևս դատարանից անաչառ որոշման ակնկալիք չունենք. Պատրոն Դավիթի պաշտպան

Այլևս դատարանից անաչառ որոշման ակնկալիք չունենք. Պատրոն Դավիթի պաշտպան

Հենց սկզբից  խնդիր էինք բարձրացրել՝ կապված մակագրության հետ, ի սկզբանե հայտարարում էինք, որ դա օրենքով ստեղծված դատարան չէ, ինչից բխում էր, որ ակնկալիք չունեինք դատարանի կողմից արդար և անաչառ որոշման։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավիթի» պաշտպան Արմեն Անդրիկյանը։ 

Դավիթ Տոնոյանի, Ավետիք Մուրադյանի, Ստեփան Գալստյանի և Դավիթ Գալստյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, հիշեցնենք, թողվել է  անփոփոխ՝ մերժելով պաշտպանների միջնորդությունը, իսկ Արտյոմ Համբարյանը 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի։

«Իրականում մտավախությունները հաստատվեցին։ Չհաստատվեց այն հանգամանքը, որ մակագրությունն իրականացվել է օրենքով սահմանված կարգով և այս պահին արձանագրում ենք, որ անկախ ու անաչառ դատարանի հետ գործ չունենք։ Այսինքն՝ անօրինականությունների այն շղթան, որն ձևավորվել էր դեռևս նախաքննության ընթացքում, հիմա էլ փաստորեն  դրա մաս կազմեց դատարանը, որի անօրինական որոշմամբ պարոն Գալստյանը շարունակում է մնալ կալանքի տակ։ Հիմա արդեն պետք է քննարկել այն հիմքերը՝ դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար և եթե այդպիսի հիմքեր լինեն, կներկայացվեն։ Կարող եմ ասել, որ այլևս արդար դատաքննության ակնկալիք չունենք դատարանի այս կազմով»,- ասաց նա։