Հիշատակության ի՞նչ օր է այսօր

 Հիշատակության ի՞նչ օր է այսօր

Ս. Ակիփսիմոս եպիսկոպոսի, Հովսեփ քահանայի, Այիթալա սարկավագի և Պղատոն վկայի հիշատակության օրն է այսօր: Ս. Ակիփսիմոս եպիսոկոպոսը, Հովսեփ քահանան և Այիթալա սարկավագը նահատակվել են Դ դարում: Ս. Ակիփսիմոսն ազգությամբ պարսիկ էր: Նա Հովսեփ քահանայի և իր Այիթալա սարկավագի հետ ձերբակալվում է Շապուհ Բ արքայի` քրիստոնյաների դեմ կիրառած հալածանքների ժամանակ: Նրանց տանում են Արբելա քաղաքը արևի գերագույն քուրմ Արդախի մոտ դատվելու համար, սակայն նրանք հրաժարվում են երկրպագել արեգակին և կրակին: Նրանց նետում են մի մութ գուբ, ուր մնում են երեք տարի:

Այնուհետև սրբերին ուղարկում են Մեդիա` հանձնելով Շապուհ արքայի դատին, ուր և Քրիստոսի սուրբ վկաներն ընդունում են նահատակության անթառամ պսակը: Ըստ վարքագրական աղբյուրների` Ս. Ակիփսիմոսը գլխատվում է, իսկ Հովսեփն ու Այիթալան` քարկոծվում: Ս. Պղատոնը ծնվել է Անկյուրիայում՝քրիստոնյա բարեպաշտ ընտանիքում: Դեռ մանկուց սնվել և դաստիարակվել է Ս. Ավետարանի պատվիրաններով:

Վաղ տարիքից զրկվելով ծնողներից` նա վաճառում է իրեն բաժին ընկած ողջ ունեցվածքը աղքատներին և կարիքավորներին` նվիրվելով հեթանոսներին դարձի բերելու և Աստծո խոսքի տարածման առաքելությանը: Քրիստոնյա լինելու պատճառով ձերբակալվում է և անասելի տանջանքների մատնվում: Դատավորը ոչ մի կերպ չի կարողանում նրան ետ պահել քրիստոնեությունից և հրամայում է, որ սրբին գլխատեն: Ս. Պղատոնը նահատակվել է 4-րդ դարի առաջին քառորդում: