Հայկական համարանիշերով մեքենաները դարձել են գլխացավանք Ռուսաստանում․ մաս 1-ին

Հայկական համարանիշերով մեքենաները դարձել են գլխացավանք Ռուսաստանում․ մաս 1-ին

Հայկական համարանիշերով ավտոմեքենաների ռուսաստանցի սեփականատերերը հայտնվել են գրեթե անելանելի դրության մեջ։ Ռեգիոններում պետավտոտեսչությունը տուգանում է նրանց տրանսպորտային միջոցները, կամ նույնիսկ ուղարկում հատուկ կայանահարթակներ։ Պատճառը մաքսային փաստաթղթերի բացակայությունն է, սակայն նման ավտոմեքենան օրինականացնելը այնքան էլ դյուրին գործ չէ։ Դա առնվազն մի այնպիսի գումարի վճարում է, որը գերազանցում է վերջինիս նախնական արժեքը։ Սրանով հանդերձ, իրավաբանները հայտարարում են, որ օրենքը թույլ է տալիս ազատ երթեւեկել հայկական համարանիշերով մեքենաներով։ Ինչպես գրում է ռուսական «Իզվեստիան», անցյալ տարի շատերը մեկնեցին Հայաստան ավտոմեքենա գնելու։ Հայաստանը 2014 թվականից անդամակցում է ԵԱՏՄ-ին, սակայն անցումը միասնական մաքսային տարիֆներին հետաձգվել էր Հայաստանի համար, մինչեւ 2020 թվականը։ Բացի այդ, 2017 թվականին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը հաստատել էր, որ այն ապրանքները, որոնք բերվում են Միություն անձնական օգտագործման համար, ազատվում են մաքսային տուրքերից։

Ըստ էության, հայտնվել էր օրենքի սողանցք, որով, Ռուսաստանի քաղաքացին կարող էր գնել ավտոմեքենա Հայաստանում, որտեղ գինն ավելի էժան է, եւ հանգիստ այդ մեքենայով վերադառնալ հայրենիք՝ կանաչ միջանցքով։ Շատերը մինչ մեքենա ձեռք բերելու գործընթացը նույնիսկ մաքսային ծառայություն եւ պետավտոտեսչություն նամակներ են գրել եւ ստացել են նույնական պատասխաններ, որ ԵԱՏՄ անդամ պետությունում ձեռք բերված մեքենաները հայտարարագրման ենթակա չեն եւ կարող են երկրի տարածքով ազատ երթեւեկել՝ առանց ինչ որ հատուկ ձեւակերպումների։ Արդյունքում, 2018-20 թվականների ընթացքում Ռուսաստան բերվեց նման 300 հազար մեքենա, որոնք ունեն հայկական համարանիշեր, ընդ որում, դրանք եւ փոքր հզորությամբ շարժիչ ունեցող մեքենաներ եւ, եւ մեծ հզորության շարժիչ ունեցողներ։ Կար նաեւ մի նրբություն եւս․ հայկական համարանիշերով մեքենաներով կարող էիր որքան ուզես արագ ընթացքով երթեւեկել։ Արագությունը ֆիքսվում էր, սակայն տուգանքը ում պետք էր ուղարկել, եթե համարանիշերը հայկական են, քանի որ հայ-ռուսական ընդհանուր բազա գոյություն չունի։ Արդյունքում մեքենան դառնում էր անորսալի։