Կույս մնալու եւ հաճույք ստանալու թովմասյանական բանաձեւը

Կույս մնալու եւ հաճույք ստանալու թովմասյանական բանաձեւը

Այսօր Ազգային ժողովի ղեկավարությունը երկրորդ փորձն արեց` ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցը քննարկելու եւ այն քվորումի բացակայության պատճառով տապալվեց:

Ընդդիմությունից տարանջատված` պաշտոնը պահած, բայց ողջ ընթացքում ընդդիմադիրի անվան տակ հանդես եկող Թագուհի Թովմասյանը, ով խորհրդարան է մտել Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության քվոտայով եւ անդամակցել «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությանը, փորձել է բացատրել, թե ինչու իր անունը չի հայտնվել մանդատներից զրկվող պատգամավորների ցանկում:
Գրել է. «Քանի որ այդ ցուցակում բացակայում են թվով 4 ընդդիմադիր պատգամավորների անունները, որոնց մեջ եմ նաև ես, ցանկանում եմ հայտնել հետևյալը»:

Նախ նկատենք, որ ընդդիմադիր բառը բոլորովին անտեղի է օգտագործվել, որովհետեւ, ասենք, Իշխան Զաքարյանի մասին ընդդիմադիր ասելը մեղք է եւ ընդդիմադիր լինելն էլ պոռոտախոսելով չի, ոչ էլ մի քանի անիմաստ հայտարարություններ ու նամակներ գրելով` միջազգային կառույցներին կամ դեսպաններին: Պարզ է, որ այդ նամակագրությունից զրո օգուտ կա, իսկ իր` ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից չհրաժարվելուց եւ խորհրդարանական ընդդիմությանը պառակտելուց` ահռելի վնաս:

Անցնենք առաջ. տիկին Թովմասյանը բացատրում է. «Լինելով հանրային քաղաքական գործիչ՝ իմ բոլոր քայլերը անում եմ հրապարակային եւ մշտապես անհրաժեշտ եմ համարում հրապարակել կամ առնվազն հանրությանը տեղյակ պահել այն գրությունների մասին, որոնք ուղղում եմ թե՛ ներպետական կառույցներին, թե՛ միջազգային ատյաններին»։ Արդեն վերը նշեցինք, թե քանի գրոշի օգուտ կա այս գրություններից: 

Հետո` պատմում է, թե ինչ է նշանակում անհարգելի բացակայություններ եւ ուշադրություն. «Տեղեկացնում եմ, որ պատգամավորական գործունեությանս ողջ ընթացքում ԱԺ նիստերից բացակայելու հարգելի պատճառ ունենալու դեպքում գրավոր դիմել եմ բոլոր ժամանակների ԱԺ նախագահներին՝ ներկայացնելով բացակայությանս պատճառները. Ինչու՞, որովհետև պետական կառույցների նկատմամբ ես նման վերաբերմունք եմ միայն պատկերացնում: Ազգային ժողովը ինձ համար պետական կարևորագույն ինստիտուտ է, և Ազգային ժողովի նախագահին չեմ դիտարկում միայն որպես Նիկոլ Փաշինյանի կուսակից՝ դրանից բխող վատ հետևանքներով: Ահա հենց այս պատճառով էլ ինձ մանդատից զրկելու հարց չի առաջացել. ես չեմ հատել բացակայությունների թույլատրելի շեմը»:

Այս մարդը, որն իրեն հանրային գործիչ է համարում, չի հասկանում, որ պատգամավորը նախ քաղաքական գործիչ է եւ ԱԺ-ում հայտնվում է քաղաքական կուսակցության կամ դաշինքի կազմում` քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար: Հազվադեպ մարդիկ են անկուսակցականի կարգավիճակում ընդգրկվում այդ ցուցակներում, իսկ եթե ընդգրկվում են կոնկրետ ծրագիր ու սկզբունքներ են պաշտպանում, գաղափարներ են առաջ տանում: ԱԺ-ն հիմնարկ չէ, նախարարություն չէ, խմբագրություն չէ, որ անհարգելի կամ հարգելի բացակայությունները դառնան գործունեությունդ գնահատելու գլխավոր չափորոշիչը: Ընտրվում են թիմով` քաղաքական որոշակի ծրագիր իրականացնելու համար եւ քաղաքական գործունեությունն էլ իրականացնում են քաղաքական որոշումների հիման վրա:

Այդքան հարգում ես «ինստիտուտները», որ քաղաքական հակառակորդ թիմի ներկայացուցիչ ԱԺ նախագահին հաշվետու ես լինում, ինչպե՞ս է պատահել, որ տարրական քաղաքական տրամաբանություն ու գիտելիքներ չունես: Ինչպե՞ս է պատահել, որ, ասենք, ՔՊ խմբակցությունից դուրս գալուց` երբ նախորդ գումարման ժամանակ էլ առանձնացար քեզ խորհրդարան տարած քաղաքական ուժից, այդ նույն ԱԺ նախագահին չզեկուցեցիր այդ մասին: Ինչպե՞ս են համատեղվում քեզ խորհրդարան տարած մարդկանց դավաճանելը եւ քաղաքական թիմի որոշումներին չենթարկվելը` ինստիտուտի հանդեպ «հարգանքի» գաղափարի հետ: 

Հետո փորձում է արդարացնել ընդդիմադիրներին, որ մասնակցելով խորհրդարանից դուրս՝ պայքարին, «այդ կերպ ևս նրանք իրականացրել են իրենց պաշտոնեական գործառույթները, և չեն կարող քվեարկություններից բացակայությունների հիմքով պատգամավորներին զրկել մանդատից», բայց դե ես օրինավոր եմ` չեմ բացակայել, եթե բացակայել եմ` դիմել եմ ԱԺ նախագահին ու բացակայություններս հարգելու հիմքեր եմ ներկայացրել: Նաեւ հերոս եմ ու ընդդիմադիր` չեմ մասնակցելու ԱԺ խորհրդի նիստին:

Գագիկ Ջհանգիրյանը մի թեւավոր խոսք ուներ, ասում էր` «ուզում եք կույս մնալ եւ հաճույք ստանալ»: Կամ դու քաղաքական գործիչ ես եւ ԱԺ ես մտել քաղաքական թիմի կազմում եւ նրա հետ անհամաձայնության դեպքում ոչ միայն դուրս ես գալիս խմբակցությունից` զրկվելով ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից, այլ նաեւ դնում ես մանդատդ ու հեռանում: Կամ դու սովորական կարիերիստ ես` պաշտոնի ու կարգավիճակի մեռած եւ պատրաստ ես ամեն տեսակի կրուտիտներ անել, որ պահպանես եւ մանդատը, եւ պաշտոնը: Եւ որոշ միամիտների աչքին թոզ փչես, թե ես ընդդիմադիր եմ: Որովհետեւ առաջիկայում էլի կլինեն իրավիճակներ, երբ իշխանություններին անհրաժեշտ կլինի խորհրդարանում ունենալ ՔՊ-ին կցված «ընդդիմադիրներ»: