Թուրքիան հանդես է գալիս Հունաստանի հետ հարաբերությունների հաստատման օգտին. Աքար

Թուրքիան հանդես է գալիս Հունաստանի հետ հարաբերությունների հաստատման օգտին. Աքար

Թուրքիան հանդես է գալիս Հունաստանի հետ բարեկամական և բարիդրացիական հարաբերությունների հաստատման օգտին: Հուսով ենք, որ հարաբերությունների տարաձայնությունները կլուծվեն երկխոսության միջոցով՝ օրենքի և արդարության նորմերին համապատասխան:

Հայտարարել է Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ ելույթ ունենալով Թուրքիայի մեգապոլիս Ստամբուլում առաջին հայրենական արտադրության «Ստամբուլ» (Էֆ-515) ռազմանավի գործարկման արարողությանը, հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Նրա խոսքերով՝ զարգացած պաշտպանական արդյունաբերությունը Թուրքիայի 83 միլիոն քաղաքացու անվտանգության ու շահերի երաշխիքն է այն տարածաշրջանում, որտեղ Թուրքիան է տեղակայված։

Թուրքական պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի ուժեղ անդամ է և Դաշինքի գործընկերներից ակնկալում է որոշումների վերանայում, որոնք վնասում են համերաշխության ու դաշնակցության ոգուն:

Աքարը նշել է, որ Էգեյան ծովում ջրային տարածքի կեսն ունի հատուկ աշխարհագրական պայմաններ ու կենսական է Թուրքիայի համար:

«Մենք վճռական ենք տարածաշրջանում մեր շահերը պաշտպանելու մեջ։  Միևնույն ժամանակ, միանգամայն ակնհայտ է, որ ոչ մի երկիր իրավունք չունի միակողմանիորեն սահմանափակել նավարկումն ու դեպի ծով ելքը։ Թուրքիայի դիրքորոշումն անփոփոխ է: Անկարան Աթենքից ակնկալում է հարգել Էգեյան ծովում և Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի իրավունքներն ու շահերը, ինչպես նաև հրաժարվել ծանր հետևանքներին առընչվող սխալ գործողություններից»,- ասել է Թուրքիայի ՊՆ ղեկավարը։

Հունվարի 20-ին Հելլենական Պետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը կանադական «Մոնոկլ» ամսագրին տված հարցազրույցում անդրադարձել էր հուն-թուրքական հարաբերություններին։ «Արևելյան Միջերկրական ծովի ռազմավարական նշանակությունը կրկին առաջ է եկել: Սա կարևոր է ոչ միայն Հունաստանի և Կիպրոսի համար, այլև Եվրոպայի համար: Թուրքիայի հետ մեր տարաձայնությունները ազդում են նաև Եվրոպայի հետ նրա հարաբերությունների վրա: Ուստի ես կարծում եմ, որ Եվրոպան որոշել է լրացուցիչ միջոցառումներ կիրառել Թուրքիայի նկատմամբ՝ կապված Արևելյան Միջերկրական ծովում ապօրինի հորատման և ածխաջրածինների ապօրինի հետախուզման գործունեության հետ»,- նշել էր հունաց վարչապետը։

Հունաստանի ղեկավարն ասել էր, որ Թուրքիան իրեն պահում է այն ձևով, որը չի նպաստում տարածաշրջանում խաղաղության և բարեկամության խթանմանը։

«Ես միշտ բարեկամության ձեռք եմ մեկնել Թուրքիային: Եվ ես միշտ հորդորել եմ նախագահ Էրդողանին նստել ու քննարկել մեր հիմնական տարաձայնությունը, որը մեր ծովային գոտիների սահմանազատումն է: Պատմությունը գնում է շատ տասնամյակներ, բայց հարցը կարող է լուծվել: Եթե մեզ չհաջողվի, մենք կարող ենք դիմել Արդարադատության միջազգային դատարան: Սա է միջազգային դատարանների գոյության պատճառը»,- ասել էր Միցոտակիսը։