«Ռակիրովկաներ»՝ թաղապետերի շրջանում. ինչ է կատարվում քաղաքապետարանում

«Ռակիրովկաներ»՝ թաղապետերի շրջանում. ինչ է կատարվում քաղաքապետարանում

Երեւանի քաղաքապետարանի ներսում հետաքրքիր «ռակիրովկաներ» են տեղի ունենում, հատկապես՝ վարչական շրջանների ղեկավարների շրջանում։ Մեկն աշխատանքից է դուրս գալիս, մյուսին տեղափոխում են վարչական այլ շրջան։ Մի քանի համայնքներ էլ չունեն թաղապետ, ժամանակավոր պաշտոնակատարներով էլ «յոլա են գնում»։

Ամենավերջին ու թարմ նորությունն Աջափնյակի ղեկավար Գեւորգ Բաբայանի ազատվելն էր աշխատանքից։ Թե ինչու է դիմում գրել, Բաբայանը չի նշել, սակայն մամուլում լուրեր են շրջանառվում, թե նա հրաժարական է տվել ապօրինի շինարարության վերաբերյալ կազմված ակտը «կորցնելու» համար: Բաբայանին փոխարինել է Թելման Թադեւոսյանը՝ Նուբարաշենի համայնքապետը, որը հունվարի վերջին աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել՝ պատճառաբանելով, թե անցնում է այլ աշխատանքի։ Փաստորեն, «այլ աշխատանքը» Աջափնյակի թաղապետի պաշտոնն էր, որի մասին նա գիտեր դեռ մեկ ամիս առաջ։

Այլ փոխատեղումներ էլ եղան․ Նոր Նորք վարչական շրջան «ուղարկվեց» Նորք-Մարաշի համայնքապետ Հովհաննես Մանուկյանը, նրա տեղակալ Հայկ Հովհաննիսյանն էլ դարձավ Նորք-Մարաշի թաղապետի ԺՊ։ Հիշեցնենք՝ Նոր Նորքի նախկին թաղապետ Մհերյանը թողեց պաշտոնը՝ ստանձնելով ոստիկանապետի տեղակալի պաշտոնը։ Ավելի վաղ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար էր նշանակվել Ավետ Պողոսյանը, որը փոխարինելու եկավ Վիկտոր Մնացականյանին։ Պողոսյանը եկած-չեկած՝ հայտնվեց աղմուկի մեջ․ նա առաջին օրով «ազատվեց» Մնացականյանի տեղակալներից ու կոնֆլիկտի մեջ մտավ «Լույս» խմբակցության հետ։

Ավելի տխուր է իրավիճակը քաղաքապետարանի վարչություններում․ պետերի թափուր պաշտոններ, ժամանակավոր պաշտոնակատարներ։ Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով ստեղծված իրավիճակին, նշեց․

«Իմ տեղեկություններով՝ առաջիկայում նախատեսվում են նոր փոփոխություններ։ Դժվար է ասել, թե որն է քաղաքապետի նպատակադրումն այս փոփոխությունների հարցում, բայց նկատելի է մեկ այլ բան, որ մենք ունենք ժամանակավոր պաշտոնակատարների մեծ քանակություն, եւ սա վկայությունն է այն բանի, որ քաղաքապետը չունի հստակ կադրային քաղաքականություն, իսկ այն դեպքերում, որ նա պատկերացնում է, թե այս կամ այն վարչական շրջանի ղեկավարին փոխելով ավելի լավ արդյունք կստանան, կարծում եմ՝ առաջին հերթին պետք է նայի սեփական ցանկություններին։ Մենք առաջիկայում քննարկելու ենք Երեւանի բյուջեի կատարողականը եւ տեսնում ենք, որ խնդիրների զգալի մասը ոչ թե գալիս է առանձին վարչական շրջանների ղեկավարից, այլ ընդհանուր կազմակերպվածությունից, որի առաջին պատասխանատուն քաղաքապետն է, երկրորդը՝ ֆինանսական գծով իր տեղակալը։ Դրա համար այս տեղափոխումները, կարծում եմ՝ ավելի շատ ներքին ինչ-որ բնույթներ են կրում, քան արդյունավետությունը բարձրացնելու նպատակ ունեն, որովհետեւ քաղաքապետարանում շարունակում են աշխատել պաշտոնյաներ, ում արդյունավետությունը շատ ավելի ցածր է, քան այն մարդկանց, ովքեր ազատվեցին այս ընթացքում»։

- Մի քանիսը սեփական դիմումի համաձայն են ազատվել աշխատանքից։

- Բոլորն էլ իրենց դիմումի համաձայն են ազատվել, այդ թվում՝ Արարատ Խաչիկյանը, ում քրոջ որդու մրցույթի մասնակցության հետ կապված՝ կոռուպցիոն սկանդալ եղավ։ Այսինքն՝ էս առումով էն ավանդույթները, որոնք եղել են նախկինում, երբ պաշտոնյան հեռանում էր, եւ ոչ մեկը չէր իմանում, թե ինչու դա տեղի ունեցավ, շարունակվում են։ Ասել, թե արդյունավետ չէր աշխատում, դրա համար, նշանակում է շատ քիչ բան ասել։ Դա էլ ասվեց ընդամենը մեկ վարչական շրջանի ղեկավարի վերաբերյալ։

- Այսինքն՝ Դուք կարծում եք, որ քաղաքապետարանը պատրաստված կադրերի կարի՞ք ունի։

- Ես կարծում եմ, որ կադրային քաղաքականության խնդիր կա, երկրորդ․ կա վերեւից՝ քաղաքապետից եկող վատ կառավարման պրակտիկա, եթե ոլորտները բաշխված են ըստ պատասխանատվության, բայց տեսնում ենք, որ ձախողումները կրում են մասսայական բնույթ, պետք է որոշակի եզրակացություն անենք, որ ոչ թե առանձին օղակներից է գալիս խնդիրը, այլ՝ վերեւից։ Մենք այս ընթացքում համոզվել ենք, որ այն խնդիրները, որոնք կան քաղաքապետարանում, կառավարչական հմտություններից բխող խնդիրներ են։ Եթե տեսնում ենք, որ նախատեսված աշխատանքների զգալի մասը չի կատարվել, մրցույթներ, որոնք պետք է հայտարարվեն, չեն հայտարարվել, ժամկետներ, որոնք մատնանշվել են, այդ ժամկետում խնդիրները չեն լուծվել, էդ դեպքում ո՞ւմ է պետք մեղադրել՝ առանձին կատարողների՞, թե՞ ընդհանուր այս ամենի կառավարման պատասխանատու անձին։

- Կարելի է ասել, նույն տխուր իրավիճակն է նաեւ մի քանի վարչություններում, չկան պետեր, նշանակված են ԺՊ-ներ։

- Տեղ-տեղ ունենք ժամանակավոր պաշտոնակատարներ, բայց հիմա ի՞նչ են ասում, այդ թվում՝ վարչապետի մակարդակով, որ պետական ապարատը խոչընդոտում է զարգացմանը, հեղափոխությանը եւ այլն, եւ տպավորություն են ստեղծում, որ դա հատկապես գալիս է հին կադրերից, այդ հայտարարության ենթատեքստը ես էդպես եմ ընկալում։ Բայց հիմա եկեք նայեք, թե ինչ է կատարվում ե՛ւ կառավարությունում, ե՛ւ քաղաքապետարանում․ 2 ամենախոշոր կոռուպցիոն դեպքերը, որոնք եղել են, դրանցից մեկը՝ կառավարությունում, մատնանշում են Վերմիշյանի անունը, որը վարչապետի կողմից նշանակված պաշտոնյա էր, եւ Խաչիկյանը, ով քաղաքապետարանում Մարությանի կողմից բերված նորանշանակ պաշտոնյա էր։ Դրա համար էդ մոտեցումները, էդ սեւ ու սպիտակի բաժանումները… թող առաջին հերթին իրենց նայեն, իրենց բերած մարդկանց նայեն, հետո նոր մնացածը հասկանան։ Թաղապետերի հարցում իմ ճանաչած լավագույն թաղապետերից եմ համարել Վիկտոր Մնացականյանին, տեսանք, որ նա դադարեցրեց իր գործունեությունը։ Սա ինձ համար ցուցանիշ է, չափանիշ է։