Կրթահամալիրի ղեկավարության դեմ քրեական գործ է հարուցվել

Կրթահամալիրի ղեկավարության դեմ քրեական գործ է հարուցվել

 «Երևանի Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության, պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու հանցագործությունների առերևույթ հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ 

Դատախազությունը տեղեկացնում է, որ ՊՈԱԿ-ի կողմից 2017-2018թթ. ձեռք է բերվել 5350 լիտր բենզին՝ 2.045.500 ՀՀ դրամ արժեքով, որը լրացված վառելիքի պահանջագրերի և մեքենայի շահագործման ուղեթերթիկների համաձայն՝ ծախսագրվել է ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայի շահագործման համար: Մինչդեռ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում մեքենան չի շահագործվել, իսկ վառելիքի պահանջագրերում և մեքենայի շահագործման ուղեթերթիկներում մտցված տվյալներն ակնհայտ կեղծ են: 

2018թ. ՊՈԱԿ-ը ձեռք է բերել 3.313.850 ՀՀ դրամ ընդհանուր աժեքով անկողնային, լոգարանային պարագաներ, ափսեներ, բաժակներ, այդ թվում՝ 279.000 ՀՀ դրամ արժեքով պրոյեկտոր: Սակայն պարզվել է, որ նշված ապրանքներից 2.313.000 ՀՀ դրամ արժեքով ապրանքները ՊՈԱԿ-ում առկա չեն, իսկ նշված պրոյեկտորը ոչ թե գնվել է, այլ որպես նվիրատվություն ստացվել է բարերաներից: Բացի այդ, 2017-2018թթ. երեխաների համար կազմակերպված միջոցառումների նպատակով ՊՈԱԿ-ի կողմից ձեռք է բերվել ընդհանուր առմամբ 1.393.822 ՀՀ դրամի սննդամթերք և նոր տարվա նվերներ, մինչդեռ, ձեռք բերված սննդամթերքը երեխաներին չի բաշխվել: 2017-2018թթ. երեխաների համար ՊՈԱԿ-ը ձեռք է բերել ընդհանուր առմամբ 61.111.000 ՀՀ դրամի սննդամթերք, մինչդեռ սննդամթերքի բաշխման փաստաթղթերում կատարված հավելագրումների հետևանքով 38.000.000 ՀՀ դրամի սննդամթերք դուրս է գրվել, սակայն երեխաներին չի բաշխվել:

 Բացի այդ, ՊՈԱԿ-ի դասամատյանների համաձայն՝ կիսամյակային դասապրոցեսը առաջին կիսամյակում ավարտվում է դեկտեմբերի 22-ին, իսկ երկրորդ կիսամյակում՝ մայիսի 25-ին, մինչդեռ, դեկտեմբերի 23-ին և մայիսի 26-27-ը լրացված փաստաթղթերի համաձայն՝ նշված օրերին 75-100 երեխայի համար սնունդ է բաշխվել: Պարզվել է նաև, որ ՊՈԱԿ-ում ներքին համատեղությամբ աշխատող 30 աշխատակիցները փաստացի աշխատել են 1 դրույք (օրական 8 ժամ), սակայն վարձատրվել են 1.3 կամ 1.5 դրույքի չափով, ինչի արդյունքում չաշխատած աշխատաժամանակի համար 2017-2018թթ. վճարվել է 26.128.000 ՀՀ դրամի աշխատավարձ: Բացի այդ, 2017-2018թթ. ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստերի կեղծ արձանագրությունների հիման վրա դուրս են գրվել 25.885.861 ՀՀ դրամի պարգևավճարներ: Արձանագրված խախտումների փաստերով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով : Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին 

Թեմայի առնչությամբ կապվեցինք ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Աշոտ Ավետիսյանի հետ, սակայն նա հարցը չլսած միանգամից ասած որ տեղյակ չէ որևէ քրեական գործից․

«Ես ոչ մի բանից տեղյակ չեմ, ես փետրվար ամսից չեմ աշխատում»,- ասաց։ Բայց խոսքը 2017-18 թվականների յուրացումների մասին է․

«Ես ոչ մի բան չեմ էլ կարդացել, տեղյակ չեմ, որ տեղյակ լինեմ, կզանգեք, կզրուցենք, ինձ ոչ մի հարցաքննության չեն հրավիրել»,- ասաց Ավետիսյանը։

Նաև փորձեցինք զրուցել ներկայիս տնօրեն Հասմիկ Բադալյանի հետ, սակայն նրա գործավարուհին ասաց, որ վերջինս գործերով դուրս է եկել։