Հայոց լեզվի ռուսաֆիկացման գործընթացը սկսված է

Հայոց լեզվի ռուսաֆիկացման գործընթացը սկսված է

Մինչ Արցախում քննարկվում է ռուսաց լեզուն պաշտոնական լեզու դարձնել-չդարձնելու հարցը, Հայաստանում ԿԳՄՍ նախարարությունն իր պաշտոնական լրահոսով տարածում է «Ռուսֆեստ» փառատոնին մասնակցելու հրավեր։ Ըստ հաղորդագրության, «համառուսաստանյան կրթահայրենասիրական «Ռուսֆեստ» շարադրությունների միջազգային փառատոնի նպատակն է՝ պահպանել եւ ամրապնդել ռուսաց լեզուն` որպես հոգեւոր մշակույթի հիմք եւ ժողովրդի պատմական հիշողությունը սերունդներին փոխանցելու միջոց»:

Փառատոնին կարող են մասնակցել աշակերտներ, միջին մասնագիտական ուսհաստատությունների սովորողներ, բուհերի ուսանողներ եւ պարզապես ռուսաց լեզվով հետաքրքրված այլ անձինք: Կազմակերպիչը «Սոկրատ» ուսումնատեղեկատվական լրացուցիչ կրթության կենտրոնն է՝ Վոլոգդայից: 

Հատկանշական է, որ այս տարվանից Հայաստանը՝ որպես մասնակից, եւս համալրել է համառուսաստանյան  կրթահայրենասիրական միջազգային փառատոնի շարքերը։ Թեպետ փառատոնը միջազգային է, բայց բնույթը՝ համառուսաստանյան․ օրինակ՝ անցած տարվա մրցույթի աշխարհագրությունն ընդգրկել է Ռուսաստանի 16 մարզերի 25 քաղաքների 786 մասնակիցների, եւ ոչ մի մասնակից քաղաք՝ թեկուզ ԱՊՀ մակարդակով։ 

Փառատոնի մասնակիցներին տրվող թեմաներն ընտրվում են որեւէ գրողի, հասարակական գործչի կամ լրագրողի ստեղծագործական մեջբերումներից: Օրինակ, նախանցած տարվա մրցույթի շարադրության թեմաներից մեկը Վասիլի Բելովի հետեւյալ խոսքերն են․ «Փրկենք լեզուն՝ կփրկենք նաեւ Ռուսաստանը», որը մեր դեպքում կարելի է ձեւակերպել այսպես՝ կորցրինք լեզուն, կկորցնենք նաեւ Հայաստանը։