Թե՞ Ռուսաստանն ագրեսոր է, իսկ Ադրբեջանը՝ հուսալի գործընկեր

Մի ժամանակ արևելքից թշնամի երկրի ղեկավարն Արցախի պետականության առումով ասում էր, որ Հարավային Կովկասում հայերն ունեն իրենց պետությունը: Ու երկրորդ պետությունն ունենալու կարիքը չկա: Ու այդպես ասելով՝ հասավ նրան, որ հայերի ունեցած մի պետության ղեկավարի միջոցով վերացրեց մեր երկրորդ պետությունը՝ Արցախը:
Չնայած կյանքը ցույց տվեց, որ երկրորդ պետությունը մենք պետք է վերացնեինք և ոչ թե թշնամին: Վերացնեինք՝ այն ներառելով Հայաստանի Հանրապետության կազմի մեջ: Ու Արցախի ղեկավարն էլ ստանար մարզպետի կոչում: Ճիշտ այնպես, ինչպես Բակո Սահակյանին 2019 թվականին դիմում էր դեռևս «դուխով» վարչապետը: Ով 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից հետո, չգիտես ինչ իրավունքով, անվանվեց «մեծարգո»: Դա, իհարկե, պատմության ծաղր էր մեր ազգի նկատմամբ՝ խայտառակ պարտության թիվ մեկ պատասխանատուն և ըստ այդմ՝ թիվ մեկ մեղավորը ոչ մի դեպքում չէր կարող մեծարվել որպես «մեծարգո»: Բայց ինչպես ասվում է՝ մեզանում վաղուց արդեն հաստատվել է ծուռ հայելիների թագավորություն: Իսկ դրա լույսի ներքո էլ հնարավոր է ամեն բան ու այդ թվում՝ նման դիմելաձևի կիրառումը նույնիսկ «խեղճ հարիֆի» վերածված վարչապետի առումով:
Ինչ մնում է «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքին, ապա այն 2020 թվականից կյանքի է կոչվել մեր արևելյան և արևմտյան հարևան՝ թշնամիների կողմից: Ու ամեն պատեհ կամ անպատեհ առիթով դա ի ցույց է դրվում արևելյան թշնամու կողմից: Ինչը, բնականաբար, չտեսնելու է տրվում ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի կողմից: Ու վերջինս էլ անընդհատ փորձում է լեզու գտնել մեկի հետ (արևելքից թշնամու)՝ դրա համար անընդհատ օճառվելով մյուսին (արևմուտքից թշնամուն): Եվ այդ ամենը ներկայացվում է որպես խայտառակ պարտության շնորհիվ ընձեռնված ինքնիշխանության հնարավորություն: Նաև ինքնուրույն արտաքին քաղաքականություն իրականացնելու հնարավորություն: Ինչը վկայում է, որ մեր երկիրը ոչ միայն իրենից ներկայացնում ծուռ հայելիների թագավորություն: Այլև բառիս բուն իմաստով խելագարանոց կամ ավելի ճիշտ՝ խելագարների իշխանության տակ իրենց գոյությունը քարշ տվող ստրկամիտ մարդկանց հավաքածու:
Եվ մեզանում տիրող աննորմալությունը հասել է այն մակարդակի, որ օտար մարդիկ կամ կազմակերպություններն (օրինակ Լեմկինի ինստիտուտը) են փորձում պաշտպանել մեր շահերն ու անվտանգությունը: Ասենք, օրինակ, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն: Որի ասելով Երևանը չի կարող դադարեցնել հայերի դեմ հանցագործությունների հետաքննությունը ՄՔԴ-ում: Որովհետև ՄՔԴ-ի «դատախազն իրավունք ունի շարունակել հանցագործությունների վերաբերյալ հետաքննությունը իրավասության տարածման պահից՝ 2021 թվականի մայիսի 10-ից, և հետկանչից հետո մեկ տարվա ընթացքում»:
Հիշեցնելով, որ «Հայաստանի իշխանությունները մեկ տարի առաջ վավերացրել են ՄՔԴ-ի Հռոմի ստատուտը՝ պատճառաբանելով, որ դա նրանց թույլ կտա դատարանում հայցեր ներկայացնել Բաքվի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների դեմ, ներառյալ 2021-2022 թթ.-ին Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժումը» («Ազգային ճակատ» տելեգրամյան ալիք):
Ի դեպ, դա ասվել է ի պատասխան ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի՝ վերջերս կատարած այն հայտարարության, որ Երևանը պատրաստ է հետ կանչել միջազգային դատարաններում ընդդեմ ադրբեջանական հանցագործությունների ներկայացված հայցերը: Եվ այս ամենը հերթական անգամ վկայում է, որ խայտառակ պարտությամբ պայմանավորված՝ Հայաստանը ոչ թե ինքնիշխանություն է ձեռք բերել, այլ դարձել է արևելքից թշնամու խամաճիկը: Եվ երկրորդ՝ հաշվի առնելով, որ այդ երևույթն արդեն առկա է մեկ-երկու տարի, ՄՔԴ-ի Հռոմի ստատուտ վավերացնելն էլ կատարվել է ոչ թե ընդդեմ Բաքվի հանցագործությունները միջազգային մակարդակով բացահայտելու և դատապարտելու՝ ինչպես քարոզվում էր իր ժամանակին, այլ մեկ այլ նպատակով: Իսկ այդ նպատակն էլ արևմտյան տերերի պահանջով վերջիներիս ձևավորած հակապուտինյան միությանը միանալն էր: Ինչը ոչինչ չտվեց Հայաստանին, բայց էլ ավելի փչացրեց հարաբերությունները ժամանակին մեր երկրի անվտանգությունն ապահովող, իսկ հիմա էլ հիմնական առևտրային գործընկեր Ռուսաստանի հետ:
Այս առումով ավելորդ չէ 38 երկրների կոալիցիայի, այդ թվում՝ ԵՄ բոլոր անդամների, կողմից «Ռուսաստանի ղեկավարությանն Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության համար դատելու նպատակով հատուկ տրիբունալ ստեղծելը» հիշատակելը: Կոալիցիայի անդամների կարծիքով «Պուտինը ագրեսիայի հանցագործություն է կատարել՝ որոշելով հարձակվել մեկ այլ երկրի վրա»: ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Կայա Կալլասի ասելով, տրիբունալի ստեղծումը Պուտինի և նրա վարչակարգի վրա «ճնշում գործադրելու» նպատակ է հետապնդում՝ ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու, «ինչպես նաև հստակ ազդանշան տալու այլ ագրեսորներին կամ ապագա ագրեսորներին, որոնք մտածում են կամ կարող են մտածել հարևան երկրների վրա հարձակվելու մասին»:
Հետաքրքիր է, որ նույն այդ կոալիցիան չձևավորվեց 2020 թվականին՝ երբ Բաքուն ագրեսիա իրականացրեց ընդդեմ Արցախի: Այդ կոալիցիան չձևավորվեց 2020-2022 թվականներին, երբ Ագրբեջանն ագրեսիվ գործողություններ իրականացրեց Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Արդեն ձևավորման փուլում գտնվող կոալիցիայի անդամները ձայն չհանեցին՝ երբ իրենց աչքի առջև տեղի ունեցավ 21-րդ դարի առաջին ցեղասպանությունը՝ արցախյան հայաթափումը: Եվ այդ կոալիցիայի անդամները ձայն չեն հանում՝ երբ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը համաձայնում է Բաքվի պահանջին՝ միջազգային դատարաններից հետ կանչել Ադրբեջանի դեմ ուղղված հայցերը: Էլ ո՞ւր մնաց տրիբունալի նպատակը՝ «հստակ ազդանշան տալու այլ ագրեսորներին կամ ապագա ագրեսորներին, որոնք մտածում են կամ կարող են մտածել հարևան երկրների վրա հարձակվելու մասին»: Թե՞, այնուամենայնիվ, Ռուսաստանն ագրեսոր է, իսկ Ադրբեջանը՝ վառելանյութի մատակարարումների գծով հուսալի գործընկեր:
Կարծիքներ