Խիզախության եւ վճռականության խնդիրը

Խիզախության եւ վճռականության խնդիրը

ԱՄՆ պետքարտուղարության Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերն ընդգծել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև գրանցվել է իրական առաջընթաց, և խաղաղությունն ավելի լավ և պայծառ ապագա է խոստանում: Նա ողջունել էր խաղաղության հասնելու համար դրսևորած խիզախությունն ու վճռականությունը: Չգիտեմ, թե ավագ խորհրդականի պատկերացմամբ ինչպիսի ապագա է խոստանում Հայաստանին պարտադրված խաղաղությունը, սակայն համաձայն եմ, որ կողմերը դրսևորել են նրա նշած հատկանիշները: Միայն մեկ ճշգրտումով՝ Նիկոլի և Իլհամի կողմից դրանք դրսևորվել են ոչ թե երկուական և հավասարապես, այլ յուրաքանչյուրի կողմից միայն մեկը: Խիզախությունը դրսևորվել է Նիկոլի կողմից, իսկ վճականությունը՝ Իլհամի: Խիզախություն, որպեսզի գնա Արցախն ամբողջությամբ հանձնելու կապիտուլյացիոն խաղաղության՝ խաչ քաշելով Ղարաբաղյան շարժման և դրան հետևած հաղթական պատերազմի արդյունքների վրա: Իսկ Իլհամի կողմից էլ վճռականություն՝ ստիպելու Նիկոլի գնալու այդ ճանապարհով:  

Հետաքրքիր է՝ Նիկոլին «ազգակործան պատուհաս» անվանած Տեր-Պետրոսյանը հասկացե՞լ է արդյոք, թե ուր տարավ նրա պարտվողականությունը: Չէ որ ինքը համաձայն էր, որպեսզի Արցախը մնա Ադրբեջանի կազմում՝ մշակութային ինքնավարությամբ: Իր ջանքերի շնորհիվ էր, չէ՞, որ հաղթական պատերազմն ավարտվեց ոչ թե թշնամու կապիտուլյացիայով, այլ անորոշ զինադադարով: Նավթի և գազի արդյունահանման ու վաճառքի շնորհիվ Ադրբեջանը հարստացավ ու մեկուկես տասնամյակում երկրի ռազմական բյուջեն հասցրեց Հայաստանի ընդհանուր պետական բյուջեի մակարդակին: Իսկ Հայաստանում էլ տեր-պետրոսյանական հակաղարաբաղյան գաղափարների տարածման շնորհիվ ճիշտ ժամանակին իշխանության եկավ նրա հոգեզավակն ու կյանքի կոչեց Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու  «հակաոչմիթիզականությունը»: Միակ տարբերությունն այն էր, որ Տեր-Պետրոսյանի դեպքում Արցախի հանձնումը պետք է լիներ առանց պատերազմի: Եվ ինչպես խոստովանեց Նիկոլը, չէին լինի նաև բազմահազար զոհերը: Բայց զոհերի առկայություննն էլ երևի անհրաժեշտ էր, որպեսզի ոչ միայն «ազգակործան պատուհասը» չհռչակվեր դավաճան, այլև որպեսզի ապացուցվեր, որ դրանք, ինչպես մինչ այդ «մարգարեացել» էր նրա տիկին Աննա Հակոբյանը, «հանուն ոչնչի» էին: 

Իսկ այսօր, բնականաբար, Փաշինյան Նիկոլը պետք է փորձի փաստաթղթերից, իսկ հետո էլ մարդկանց հիշողությունից ջնջել «Արցախի Հանրապետություն» բառակապակցությունը: Սկզբնական շրջանում դրան կփոխարինի «Լեռնային Ղարաբաղի հայություն» արտահայտությունը, իսկ այնուհետև «Ադրբեջանի հայկական համայնք» ձևակերպումը: Եթե, իհարկե, առաջիկա մեկ-երկու տարում պահպանվի նման հասկացության անհրաժեշտությունը, ինչը խիստ կասկածելի է: Հենց դրան էր ուղղված ընդդիմության առաջարկած՝ ԱԺ հայտարարության սրբագրման փորձը քպկականների կողմից:

Ի դեպ, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, ապա դա առաջին դեպքը չէ, երբ նիկոլական  «ազգընտիրները» սկզբում համաձայնվում են քննարկել հայտարարության տեքստը, իսկ հետո այնպիսի փոփոխություններ են առաջարկում, որ հայտարարություն անելու իմաստն է կորչում: Բայց դա բնական երևույթ է, քանի որ կապիտուլյացիոն խաղաղության կողմնակիցներն ինչպես կարող են այս կամ այն հարցում մեղադրել ադրբեջանցիներին կամ թուրքերին: 

Որպես այդ երևույթի դիդակտիկ (ուսուցողական) նյութ կարելի է համարել երկրորդ համաշխարհային պատերազմի վերաբերյալ խորհրդային կինոնկարներից մեկի (անունն արդեն մոռացել եմ) այն հատվածը, որում ներկայացված է գերմանացիների կողմից կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրումը: Երբ պայմանագրի տեքստը սենյակ է բերվում՝ սեղանի շուրջը նստած գերմանացի գեներալներին խորհրդային մարշալ Գ. Ժուկովը ձեռքի շարժումով «առաջարկում» է վեր կենալ իրենց տեղից և մոտենալ հաղթող կողմերի մոտ: Գերմանացիներն անմռունչ կատարում են այդ հրամանը և ստորագրում փաստաթուղթը: Պարզ է, որ այդ իրավիճակում բողոքել նրանք չէին կարող: Այնպես, որ երբեմնի «ժողովրդի փրկիչն» ու այսօրվա բռնապետիկը վերջնարդյունքում անելու է այն, ինչ առաջարկի նրան Ադրբեջանի բռնապետը:  

Հ. Գ. Հոդվածը գրելու պահին իբրև թե բնապահպան ադրբեջանցիների կողմից Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը փակելը վկայում է հենց Արցախն ամբողջությամբ թշնամուն հանձնելու գաղափարի իրականացման մասին: Ավելի ճիշտ՝ այդ իրականացման արագացման մասին: Որպեսզի Արցախը վերջնականապես հայաթափելով՝ անհայրենիք արարածներն ապրեն հանգիստ: