Ռուսական շրջանակները քննարկում են Փաշինյանի «անկախության» ուղերձը

Ռուսական շրջանակները քննարկում են Փաշինյանի «անկախության» ուղերձը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձն ակտիվորեն քննարկվում եւ վերլուծվում է ռուսական փորձագիտական համայնքի կողմից։ Առաջնային թեզիսը, որ վերջիններս առաջարկում են, այն է, որ Հայաստանը, ամենայն հավանականությամբ, նախապատրաստվում է դուրս գալ ՀԱՊԿ-ից, որի համար էլ Փաշինյանը քննադատում է այդ կառույցը։ Որոշ փորձագետներ նկատում են, որ ՀԱՊԿ-ում իրոք անարդյունավետության էլեմենտներ կան, որոնք հատկապես ցցուն դարձան ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո, եւ եթե պատշաճ ուշադրություն չդարձվի այդ կառույցին, այն կարող է իրոք կազմաքանդվել։

Մի շարք փորձագետներ արձանագրում են, որ խնդիրը ոչ միայն ՀԱՊԿ-ն է, այլ նաեւ՝ Գյումրիում գտնվող ռուսական ռազմական բազան։ Նրանք նկատում են, որ Փաշինյանը շատ լավ է հաշվարկել՝ քանի դեռ ղարաբաղյան պարտության թեման «տաք» է եւ գլխավոր օրակարգային թեման է Հայաստանի հանրային-քաղաքական դիսկուրսում, հարկավոր է դրա վրա արագ խաղադրույք կատարել եւ մի կրակոցով երկու ճագար սպանել՝ ե՛ւ լուծել ներքին հակառակորդների հարցերը, ե՛ւ արտաքին խնդիրները։

Չի բացառվում, որ Փաշինյանի երազանքն ապառազմականացված, չեզոք Հայաստանի գոյությունն է, որը չի անդամակցում ոչ մի արտաքին անվտանգային կառույցի։ Դա թերեւս կլինի բավականին երկարատեւ ռազմավարության առաջին հանգրվանը։ Դրան հասնելուց հետո արդեն, ըստ այդ տեսակետի կողմնակիցների, Փաշինյանը կկարողանա հասնել Հայաստանի համար նոր արտաքին անվտանգային համակարգի ձեւավորմանը, որը, իր կարծիքով, կլինի ավելի բալանսավորված եւ կայուն։

Ռուսական փորձագիտական համայնքում տարածված մեկ այլ կարծիքի համաձայն էլ, հենց Փաշինյանը դուրս գա ՀԱՊԿ-ից, դա ուղղակիորեն կնշանակի Զանգեզուրի հանձնում Ադրբեջանին։ Կա նաեւ տեսակետ, ըստ որի՝ թեեւ Փաշինյանը հասկանում է, թե ինչ խաղ է սկսել, սակայն չի համարձակվի մինչեւ վերջ գնալ, եթե չի ուզում, որ Հայաստանը վերածվի միայն Երեւանի սահմաններով քաղաք-պետության։ Շատ փորձագետներ պարզապես կոչ են անում Մոսկվայի կենտրոնական իշխանություններին՝ քայլեր ձեռնարկելու, քանի որ Նիկոլ Փաշինյանի սկսած խաղը կարող է իրոք լուրջ հետեւանքներ ունենալ ողջ տարածաշրջանի, ներառյալ՝ նաեւ Իրանի համար։ Հայաստանը, ըստ նրանց, կարեւոր հանգույց է ռուսական աշխարհաքաղաքական շահերի համար, եւ պատահական չէ, որ հիմա ԱՄՆ ուշադրությունն այդքան կենտրոնացած է Հայաստանի վրա։

Ավելի արմատական տրամադրվածներն էլ կարծում են, որ Հայաստանին պետք է հեռացնել ե՛ւ ՀԱՊԿ-ից, ե՛ւ ԵԱՏՄ-ից, ե՛ւ, առհասարակ, փակել Հայաստանի համար բոլոր տեսակի տնտեսական օգուտների ստացման հնարավորությունները տարածաշրջանային այն միավորումներից, որոնց գլխին կանգնած է Ռուսաստանը, որպեսզի Երեւանում ֆինանսական եւ տնտեսական կորուստները գնահատեն ու հասկանան, թե ինչ է իրենից ներկայացնում նման վտանգավոր հայտարարություններ անելը։