Շատ ագրեսիա եւ կոմունիզմի կարոտախտ

Շատ ագրեսիա եւ կոմունիզմի կարոտախտ

Ռուսաստանի Պետդումայի՝ 3 օր տեւած ընտրությունների նախնական արդյունքները հաշվարկի ընթացքում որոշ տոկոսային շեղումներ ունեցան, բայց առաջին օրը հրապարակված հերթականությունը չփոխվեց․ 14 կուսակցությունից, բնականաբար, 1-ին տեղում է իշխող «Եդինայա Ռոսիա»-ն, ապա՝ կոմունիստները, որոնք 96 թվականից ի վեր առաջին անգամ ստացել են ընտրողների 19 տոկոսի ձայները։ Խորհրդարան է անցել նաեւ Ժիրինովսկու կուսակցությունը, ու եւս մեկ «քինդեր սյուրպրիզ». ամիսներ առաջ ստեղծված «Նոր մարդիկ» կուսակցությունը, որի նախագահ, Faberlic ընկերության հիմնադիր Ալեքսեյ Նեչաեւը հայտարարել էր, որ պաշտպանելու են առաջին հերթին փոքր եւ միջին բիզնեսի շահերը։ Այս կուսակցությունը, ընդդիմադիրների կարծիքով, ստեղծվել է Կրեմլի ջանքերով եւ պետք է լիներ ՌԴ օրենսդիր մարմնում։

«Արդար Ռուսաստան - հայրենասերներ՝ հանուն ճշմարտության» կուսակցությունում նույնպես կուսակցության առաջնորդները՝ նախագահն ու համանախագահները, ՌԴ իշխանություններին մոտ կանգնած անձինք են․ կուսակցության առաջնորդ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Միրոնովը եւ համանախագահներ՝ համանուն խմբակցության պատգամավոր, գործարար Գենադի Սեմիգինն ու ռուս հայտնի գրող-գաղափարախոս Զախար Պրիլեպինը։ 

Այնպես որ, ամեն ինչ կանխատեսելիության շրջանակներում է։ Նրանցից բացի, խորհրդարան կանցնեն եւս 5 ինքնառաջադրվածներ` Մոսկվայի միամանդատ շրջանակներից ու Ղրիմից։ Այսպիսով, երկար տարիներ ի վեր առաջին անգամ ՌԴ Պետդուման կունենա ոչ թե 4, այլ 5 խմբակցություն։

Թեպետ քվեարկության ավարտից հետո հաղորդվում էր շուրջ 46 տոկոս մասնակցության մասին, հետագայում այդ թիվը դարձավ 51,68%։ Քաղաքագետ Եկատերինա Շուլմանը գերմանական «Դոյչե Վելեին» հայտնել է, որ մասնակցության գծով առաջատարներն ընտրակեղծարարության հարուստ փորձ ունեցող ազգային պետական միավորներն են։ Ամենապասիվ քվեարկությունն արձանագրվել է Ռուսաստանի միջին գոտում եւ ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում՝ Սանկտ Պետերբուրգում, որը մտավորականության, ըստ այդմ` ընդդիմության օրրանն է։ Ընդդիմադիր «Գոլոսի» նախընտրական շտաբը հաղորդել է 5 հազարից ավելի ընտրախախտումների մասին, «Յաբլոկոն»՝ 3 հազար, կոմունիստները՝ 200։ Միայն Մոսկվայում, ըստ ընդդիմադիր «Դոժդ» հեռուստաընկերության, սեպտեմբերի 20-ին, ընտրատեղամասերը փակվելուց 12 ժամ անց, 2 միլիոն մարդու քվեարկության արդյունքները հրապարակված չէին, չնայած ՌԴ ԿԸՀ նախագահի խոստմանը, թե դրանք կմշակվեն 40 րոպեում եւ կներկայացվեն։ «Ընտրություններում գլխավոր կատակն էլեկտրոնային քվեարկությունն էր, ընդ որում՝ սա կատակ է, որը չի ավարտվում»,- հայտարարեց «Դոժդի» թղթակիցը։

Գերմանական «Դոյչե Վելեն» հեգնում է` «ոչ ոք չէր կասկածում «Եդինայի Ռոսիայի» հաղթանակին», եւ կիսվել է տպավորություններով․ «Ընտրատեղամասերում կարուսել, ձայների վերահաշվարկ եւ կռիվներ», որոնք եթե նախկինում տեւում էին 1, ապա այժմ՝ 3 օր։ Մի խոսքով՝ շատ ագրեսիա եւ էմոցիաներ։ Ըստ գերմանական պարբերականի՝ «ակնհայտ էին քվաթերթիկների գիշերային ներարկումները»։ Կասկածելի են համարվում նաեւ տնային քվեարկությունների արդյունքները։ 
Ռուսաստանյան սեպտեմբերյան ընտրությունների հիմնական ինտրիգն այն էր, թե ինչպես կաշխատի Ալեքսեյ Նավալնու ստեղծած «Խելացի քվեարկություն» նախագիծը․ էլեկտրոնային հարթակում ներբեռնվել էր ընդդիմադիր ընտրազանգվածի համար հավելված-ուղեցույց, որտեղ նշված է, թե ինչպես պետք է ընտրել թեկնածու «Եդինայա Ռոսիայի» դեմ։ «Իշխանության մեջ ամրապնդված կոռուպցիոներներին հաղթելու համար պետք է միավորել «ընդդեմ» ձայները»,- ասվում է հարթակում, ապա` «պատմեք հարեւաններին, թե ինչպես կարելի է հաղթել միասնականներին»։ Հարթակն ունի նաեւ ենթավերնագրեր՝ «Քվեարկիր ի հեճուկս (ինադու)», «փոխելու շանս» եւ այլն։ Ռուսաստանյան ընդդիմությունը կոչ էր անում գնալ ընտրություններին եւ ձայն տալ այն թեկնածուին, ով ի վիճակի է հաղթել «Եդինայա Ռոսիա»-ին»։ Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ Մոսկվայում «Խելացի քվեարկություն»-ը հիմնականում աջակցել է կոմունիստներին, այսպես կոչված՝ Սոբյանինի ցուցակի դեմ։

Այնուամենայնիվ, ինչո՞վ բացատրել կոմունիստների աննախադեպ ձայները, արդյոք Ռուսաստան-Բելառուս միութենական պայմանագրի գնացող ՌԴ-ում կոմունիստական նոտալգիկ  տրամադրություններն ավելանո՞ւմ են, եւ դա իր արտահայտությունը գտավ նաեւ քվեարկություններում։ Հարցն ուղղեցինք հայաստանյան եւ ռուսաստանյան վերլուծաբաններին։ 

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ ոչ։ «Չեմ կարծում, որ Կոմկուսը կապ ունի նման տրամադրությունների հետ` այն պարզ պատճառով, որ Կոմկուսը վաղուց ի վեր Կոմկուս չէ, քանի որ այնտեղ կան կոմունիստական ստանդարտներից դուրս մարդիկ, այդ թվում՝ իրենց առաջնորդը։ Դա ավելի շատ կապված է իրենց, այսպես ասած, բողոքական տրամադրությունների հետ՝ ընդդեմ գործող իշխանության։ Եվ այն, որ այսօր Կոմկուսը Ռուսաստանում, ըստ արդյունքների, երկրորդ ուժն է, ուշագրավ է նրանով, որ դա տեղի է ունենում նաեւ իշխող կուսակցության վարկանիշի շեշտակի անկման ֆոնին։ Եվ դա տեղի է ունենում նաեւ ներիշխանական բավականին կոշտ պայքարի ֆոնին։ Դատելով բազմաթիվ ռուս վերլուծաբանների, փորձագետների, Կրեմլին մոտ կանգնած շրջանակների հրապարակային մեկնաբանություններից, այնտեղ շատ կոշտ պայքար է, եւ այս արդյունքներն ավելի շուտ դրա արտացոլումն են»։ Մինչդեռ ռուսաստանցի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը միանգամայն բավարարված է 50-ին մոտ արդյունքով։ Երբ հաշվարկը նոր-նոր էր սկսվել, «Եդինայա Ռոսիա»-ն ուներ ընդամենը 38 տոկոս, կոմունիստները՝ 25 տոկոսից ավելի, սակայն իշխող կուսակցության քվեները ժամ առ ժամ շատացան՝ մասնակցության թվի հետ միասին: