Վրաստանի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարները քննարկել են ռեգիոնում խաղաղության հեռանկարները

Վրաստանի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարները քննարկել են ռեգիոնում խաղաղության հեռանկարները

Սեպտեմբերի 10-ին Բաթումում տեղի է ունեցել Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովի և Իրակլի Չիկովանիի երկկողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, փոխանցում են այդ երկրի ԶԼՄ-ները:

Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանը Իրակլի Չիկովանին ընդգծել է երկու երկրների ղեկավարների հանդիպումների կարևոր դերը Ադրբեջանի և Վրաստանի միջև կապերի զարգացման գործում։

Հասանովն ընդգծել է, որ ինչպես շատ ոլորտներում, այնպես էլ՝ ռազմական ոլորտում երկու երկրների կապերը մշտապես զարգանում են։ Ադրբեջանի պաշտպանության նախարարը նշել է, որ տարբեր ձևաչափերով փոխայցելություններն ու հանդիպումները Ադրբեջանի և Վրաստանի միջև համագործակցության բարձր մակարդակի վառ օրինակն են։

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների ռազմական համագործակցության հեռանկարները, տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում համատեղ վարժանքների ինտենսիվության բարձրացման շուրջ։

Նշվել է, որ երկու երկրներն էլ պաշտպանում են միջազգայնորեն ընդունված տարածքային ամբողջականությունը։ Այնուհետև նախարարները քննարկել են տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման, ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական ոլորտներում համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: