Չկա ավելի լավ դեզոդորանտ, քան հաղթանակը․․․ 

Չկա ավելի լավ դեզոդորանտ, քան հաղթանակը․․․ 

Առաջնորդվում եմ ոչ թե մամուլում հրապարակվող նյութերով, շարժման մասին տարբեր հրապարակումներ կարդալով, այլ  դա տեսնում եմ սեփական աչքերով, մասնակցությամբ, վերարտադրված հիշողությամբ, համեմատության դրսևորումներով։ Ի՞նչ եմ զգում հանրահավաքային տրամադրություններից որին համարյա միշտ մասնակցում ու տարբեր զանգվածների հետ եմ զրուցում։  Հայ ազգը զարթնում է։ Ինչու՞ չեմ ասում ամբողջովին զարթնել է։  Ա՜յ երբ մարդը առավոտյան արթնանում, ճմլկոտում, բազուկները տարածելով մարմինը երկարում է  ու մի քիչ  էլ է ուզում քնել․․․ այս պրոցեսի մեջ ենք։

Մի մասը վեր է թռնում տեղից, մյուս մասն ուզում է մի քիչ էլ ճմլկոտալ, սուրճի սեղանի շուրջ նստել  ու դիտել, թե ինչ է կատարվում․․․ Ժողովուրդ, այս վիճակում ենք։ Իզու՜ր բոլորդ արթուն մի ձևացեք։ Երբ ուզում ես  քնել, դուրս չգալ քո «կոմֆորտ զոնայից» , հազար ու մի պատճառաբանություն ես բերում՝ «Լավ չեմ, մի քիչ էլ պառկեմ» ,  «մի հատ աչքս կպցնեմ ու զարթնեմ» , «Տնեցիք արթնացել են, թող հաց- մաց սարքեն, կարթնանամ» , «Մեզ ի՞նչ է եղել, թող Տավուշը մտածի» , «Սյունիքն էլ կտան, ու կխաղաղվի», «քաղաքականությամբ չեմ զբաղվում»։ Հազարավոր պատճառաբանությունների փոխարեն եթե յուրաքանչյուրը մտածի, որ կրակը տարածվող երևույթ է ու շատ արագ է տարածվում, և քամին, որ մեր երկրում «վզզում» , սլանում, սուրում է, ու մեր մեջ է, վայրկյանների ընթացքում կարող է կրակը մեր շեմը բերել, ամեն ինչ կշտկվի։ Ձեր միջից «խաղաղության շեղբով» հանվել է վտանգի զգացումը, դուք պետք է անմիջական ձեր մարմնի վրա զգաք, որ անհանգստանաք․․․ Արցախը շատ հեռու էիք համարում, ցավը հեռացրիք ձեզնից։  Սյունիքը, Տաշիրը, Ջերմուկը․․․ Դա էլ չեք զգում, որովհետև ձեր մաշկի վրա չէ․․․ Սեփական աչքում արդարանալու համար  ձեզ համոզում ենք, որ ձեր ուժից վեր է, դոք  անզոր ենք  հասնել նպատակին, ձեր հարցերը մեծ տերություններն են լուծում,  իսկ իրականում դուք անկամ եք։ Ես չեմ ուզում այլ որակումներ տալ, որովհետև արթնացումը կա, ես դա տեսնում եմ, հիմնականում նրանց մոտ, ովքեր իրենց մաշկի վրա զգացել են ծխի այրոցը, ովքեր ավելի հեռուն են տեսնում,  ու գիտեմ, որ անգամ եթե չուզեք շուտ արթնանալ, կրակի տաք բոցերը ձեզ արթնացնելու են, բայց արդեն ուշ է լինելու՝ կրակից փրկվելու ելք չեք ունենալու․․․ 

Եռաբլուրը թող չսփոփի նրանց,  ովքեր մեր սերուցքն ամփոփեցին հավիտենանական քնի մեջ։ Հայ ազգը իր սերուցքը երբեք չի կորցնելու։  Լևոն Տեր Պետրոսյանի համաժողովրդական շարժման հանրահավաքների ժամանակ ամենից շատ ինձ հուզել է մի բան, որը երբեք չեմ մոռանա։ Գուցե տարեկիցներս հիշեն դա։ Երբ կռիվ պիտի տային ոստիկանական պատի դեմ, տարիքով կանայք առաջ էին նետվում՝ թող մեզ վնասեն, ջահելներին բան չլինի․․․ Գիտե՞ք ինչ դժվար է ոստիկանի համար հայ մոր վրա մահակ բանեցնելը կամ  զենք պահելը․․․ Այսօր յուրաքանչյուր երիտասարդ տղայի կյանք, որ կռիվ է տալիս հայրենի հողի համար, այնքա՜ն թանկ պիտի լինի, այնքա՜ն գնահատելի։ Նիկոլ Փաշինյանը երիտասարդների կյանքը մանրադրամ դարձրեց, վաճառեց ու փոշիացրեց․․․ Երիտասարդների կյանքը պարկերով անխնամ գետնին թափվեցին ու հիմա զարմանու՞մ եք, երբ 40 ոստիկանով հարձակվում են մի երիտասարդի վրա ու ոտնատակ տալիս։ Թշնամին անգամ իր կոշիկի հարվածով չէր դաջի հայի երեսը ու մնար անպատիժ։ Սա հայ գենի ստորացում, նսեմացում է, ու սա անում է ոչ թե թշնամին, այլ իրեն «լեգիտիմ» ու ժողովրդից փախչող իշխանությունը։ Գիտե՞ք՝ ինչու՞ ենք  թուլացել ու հանդուրժում այս իշխանությանը։ Որովհետև վեց տարի մենք ոչ մի հաջողություն ու հաղթանակ չենք ունեցել։ Նապոլեոննն ասում է․  «Հաջողությունը՝ ահա թե ինչն է ստեղծում Մեծ մարդկանց»: Էլիզաբեթ Թեյլորի խոսքերն են․ «Նյու-Յորքում ես իմացա, որ չկա ավելի լավ դեզոդորանտ, քան հաջողությունը, հաղթանակը»: