Կենսալաբորատորիանե՞ր, թե՞ նոր ռազմական դաշինք. ԱՄՆ-ն զինտեխնիկա է տեղափոխում Հայաստան

Կենսալաբորատորիանե՞ր, թե՞ նոր ռազմական դաշինք. ԱՄՆ-ն զինտեխնիկա է տեղափոխում Հայաստան

Գրել ենք, որ ԱՄՆ ԶՈւ–ն նախատեսում է Գերմանիայում գտնվող իր ռազմակայաններից հարյուրներով տեխնիկա և տրանսպորտային միջոցներ տեղափոխել Հայաստանի զորավարժարաններ։ 

Այս մասին, մասնավորապես, հայտնել էր RT-ն, որն ուսումնասիրել է ԱՄՆ պետգնումների կայքը։ Կայքի տվյալներով՝ Միացյալ Նահանգների բանակի նյութատեխնիկական ապահովման հրամանատարությունը նախատեսում է տեխնիկա տեղափոխել Գերմանիայի «Դյուլմեն» ռազմաբազայից Հայաստանի «Զառ» ուսումնական կենտրոն։

Ի հավելումն լոգիստիկայի, ամերիկացի զինվորականները պատվիրում են այնպիսի հատուկ ծառայություններ, ինչպիսիք են՝ խոզի աֆրիկյան ժանտախտից մեքենաների լվացումը և ախտահանումն անմիջապես Հայաստանի զորավարժարանում։

Այս մասին նշված է RT-ի հրապարկման մեջ: Նշվում է, որ պայմանագրի շրջանակներում Հայաստան կտեղափոխվի նաև շտապօգնության ութ մեքենա։ Սակայն մրցույթը ներառում է մի պայման՝ տեխնիկան չի կարող փոխադրվել Ռուսաստանի, Թուրքիայի կամ Ադրբեջանի տարածքով՝ «դիվանագիտական ​​թույլտվությունների հետ կապված դժվարությունների պատճառով»։

«Դյուլմեն»-ում, որտեղից նախատեսվում է տեխնիկա տեղափոխել, տեղակայված են ԱՄՆ բանակի 405-րդ դաշտային աջակցության բրիգադի ստորաբաժանումները։ Բրիգադը հիմնական նյութատեխնիկական օպերատորն է ԱՄՆ-ի ուժերի համար եվրոպական և աֆրիկյան մայրքացամաքներում, որն աջակցություն է տրամադրում զինանոցների ցանցին և պահեստավորման բազաներին Գերմանիայում, Լեհաստանում, Իտալիայում, Նիդեռլանդներում, Բելգիայում և այլուր:

Ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովը RT-ին տված հարցազրույցում նշել է, որ Հայաստանում ամերիկյան զորքերի գործողությունները պայմաններ են ստեղծում Անդրկովկասում ԱՄՆ ազդեցության ամրապնդման համար։

«Եթե խոսենք կոնկրետ պայմանագրի մասին, ապա, ամենայն հավանականությամբ, խոսքը հայ-ամերիկյան նոր զորավարժությունների մասին է: Դեռ վաղ է սարքավորումների կենսամշակման մասին ակնարկները մեկնաբանել որպես Հայաստանի տարածքը կենսալաբորատորիաների օգտագործման վկայություն, սակայն չի կարելի բացառել, որ ապագայում ամերիկացիները կարող են սկսել նման նախագծեր իրականացնել»,- կարծում է փորձագետը։

Սիվկովի խոսքով՝ Վաշինգտոնը փորձում է սահմանափակել Երևանի ռազմական համագործակցությունը Անդրկովկասում ԵՄ երկրների հետ։

«Միևնույն ժամանակ, Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամի կարգավիճակը, թեկուզ սառեցված վիճակում, անհամատեղելի է ամերիկյան զորքերի նման տեղաշարժերի հետ»,- եզրափակում է փորձագետը։

Հիշեցնենք, որ հայ-ամերիկյան համատեղ «Eagle Partner 2024» զորավարժությունները անցկացվել են 2024 թվականին: Համատեղ գործընկերության շրջանակներում նաև ԱՄՆ բանակի ներկայացուցիչը սկսել է աշխատել Հայաստանի պաշտպանության նախարարությունում: