Միայն ուժեղ Հայաստանի հետ Թուրքիան ու Ադրբեջանը կխոսեն

Միայն ուժեղ Հայաստանի հետ Թուրքիան ու Ադրբեջանը կխոսեն

Թուրքիան ու Ադրբեջանը միշտ էլ ուզելու են ոչնչացնել Հայաստանը: Միակ Հայաստանը, որի հետ նրանք հաշվի կնստեն, դա ուժեղ Հայաստանն է: Թույլ Հայաստանը, եթե անգամ նա թուրք-ադրբեջանական ողորմածությանը հանձնված եւ նրանցից խաղաղություն մուրացող Հայաստան էլ լինի, միեւնույն է` այդ տանդեմը նրան որպես ոչնչացման ենթակա տարածք է վերաբերվելու: Այս իմաստով, թուրք-ադրբեջանական տանդեմը խաղաղության մասին կխոսի իր տարածքային ամբողջականությունն ու ինքնությունը պաշտպանել կարողացող Հայաստանի, քան թե իր ողորմածությանը հանձնված եւ իրենից խաղաղություն մուրացող Հայաստանի հետ:

Մնացած բոլոր Հայաստանների դեպքում Հայաստանին ու հայ ժողովրդին թուրքական աշխարհը վերաբերվելու է որպես նահատակ ազգի եւ ոչնչացման ենթակա տարածքի: Դա է թուրքական ինքնությունը, դա է թուրքական աշխարհընկալումը: Այս առումով, այս աշխարհագրություն ունեցող Հայաստանի համար ամենակարեւորն այսօր, թերեւս, ոչ թե նահատակ ազգի եւ սովորական ազգի միջեւ ընտրություն կատարելն է, այլ թույլ չլինելն է:
Իհարկե, թույլ չլինելը չի նշանակում հարձակվող ու հարձակվելուն պատրաստվող լինել: Այս աշխարհագրությամբ ու այսօրվա ռազմաքաղաքական, տնտեսական կարողություններով թույլ չլինելն առաջին հերթին ինքն իրեն պաշտպանել կարողանալն է: Թույլ չլինելը չի նշանակում թուրքական աշխարհի հետ խոսել չիմացող լինել: Այո, խոսել իմացող, բայց ոչ երբեք՝ անընդհատ «խաբվող» ու չարդարացված զիջումների գնացող: Այնպես որ, այսօրվա Հայաստանի տնտեսությունը չի կարող չղեկավարվել ուժեղ Հայաստանի տեսլականով, մեր երկրի բանակը չի կարող չբարեփոխվել երկրի տարածքային ամբողջականության միակ երաշխավորն իրեն համարելու տրամաբանությամբ, իսկ երկրի դիվանագիտությունը չի կարող չսպասարկել ուժեղ ՀՀ կառուցելու օրակարգը:

Այս առումով, անտեղի են նաեւ հայկական հարթակներում ընթացող քննարկումներն ու խոսակցություններն այն մասին, թե արդյոք օտար կայսրություններն իրենց շահերից ելնելով չէ՞, որ մեր ազգային ինքնության մեջ ինչ-որ գաղափարներ եւ նարատիվներ են ներդրել, եւ արդյոք հենց այդ ներդրված գաղափարներից ու նարատիվներից չէ՞, որ բխում են մեր մարտահրավերներն ու խնդիրները: 

Այդ պնդումներն իրականում անտեղի ու արհեստածին են, որովհետեւ երկրի խնդիրն այսօր ոչ թե այդ գաղափարների ու նարատիվների՝ դրսից ներդրված լինելը կամ չլինելը պարզելն է, այլ թուրքական աշխարհից եկող մարտահրավերները:

Եվ, այս իմաստով, ցանկացած նարատիվ կամ գաղափար, եթե անգամ օտար կայսրությունների կողմից ներդրված էլ լինի, եթե անգամ ոչ թե օգնի, այլ ընդամենը չվնասի համահայկական միասնականությանը եւ չփչացնի մեր եւ մեր դաշնակից ու բարեկամ երկրների միջեւ եղած հարաբերությունները, ուրեմն այն Հայաստանի համար անընդունելի նարատիվ ու գաղափար չպետք է համարվի:

Կհասկանանք այսքանը, ուրեմն կկարողանանք մեր տնտեսությունը մեր մարտահրավերներին համարժեք արձագանքող տնտեսություն դարձնել, մեր եւ մեր բարեկամ ու դաշնակից երկրների հարաբերությունները ճիշտ կազմակերպել, մեր բանակը որպես մեր երկրի տարածքային ամբողջականության միակ երաշխավորողի տրամաբանությամբ բարեփոխել։ Ուրեմն չենք վախենա այնպիսի դիվանագիտություն ունենալուց, որն աշխարհում ոչ թե խաղաղություն, այլ համագործակցություն է փնտրում:

Այ, երբ կունենանք այդ ամբողջը, երբ հաղթահարած կլինենք այդ ամենն ունենալու հետ կապված դժվարությունները, հենց այդ պահից սկսած էլ կարող ենք արձանագրել, որ այլեւս ոչ միայն մենք ենք սովորել, այլ նաեւ թուրքական միջավայրին ենք սովորեցրել հարեւանի հետ ճիշտ հարաբերվելու արվեստը:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ