Արյան կանչ

Արյան կանչ

Թերևս ամեն մեկի մոտ այն յուրովի է արտահայտվում. զգացողություն, կապ ՝ հայրենիքի, հարազատների, ընտանիքի, նախնիների անցած ուղղու հետ… Կա՞ արդյոք տրամաբանական պատճառ, դրա իմաստի շուրջ: Ունի՞ արդյոք գիտական հիմք: Եթե այսօր գիտնականները խոսում են «ջրի հիշողության» մասին, ուրեմն արյունը, որպես ապրող և ապրեցնող օրգանական հեղուկ նույնպես կարող է պարունակել հազար ու մի հիշողություն և գաղտնիք, որոնք կարոտ են բացահայտման: Մենք միայն բավարարվում ենք այդ գաղտնիքի զանազան դրսևորումներին տալ խորհրդավոր իմաստ: Այդ իսկ պատճառով էլ, ոմանք հրաժարվում են դրանից՝ համարելով այն գիտական հիմունքից զուրկ մի երևույթ:

30-35 տարեկան էի, երբ նկատեցի, որ լոգանքից հետո ոտքերիս ստորին մասերում ուժեղ քոր է սկսվում: Սկզբնական շրջանում ուշադրություն չդարձրի, բայց երբ հաճախակի դարձավ, դիմեցի մասնագետ պարսիկ բժշկի: Այդ ժամանակ, ՄԱԿ-ի համաշխարհային առողջապահական ծրագրով, Իրանում ևս սկսել էին հիվանդությունները խմբավորել ըստ ժառանգական տվյալների: Բժիշկն ասաց, որ սա համարվում է հայկական հիվանդություններից մեկը: Ըստ իրեն, այդ ժամանակ արդեն 32 տեսակ մանր ու խոշոր հայկական հիվանդություններ էին հայտնաբերել և խմբավորել, որոնք դասակարգվել են Սև ծովի ավազանի շրջակա ժողովրդների գլխավոր խմբի հիվանդությունների շարքին:

Երբ բժշկի ուշադրությունը հրավիրեցի այն հանգամանքի վրա, որ մենք հայերս արդեն ավելի քան 400 տարի է, որ հաստատվել ենք Իրանում՝ ինչ հայկական ժառանգական հիվանդության մասին խոսք կարող է լինել, հանդիպեցի բժշկի կիսահեգնական և միաժամանակ ուժեղ հակահարված պատասխանիn: Ըստ նրա, մարդկությունը 10-15 միլիոն տարի է, որ քիչ թե շատ այս կերպարանքով գոյություն ունի: Իր օրգանիզմը, և հատկապես արյունը մշակվել և ձևավորվել է՝ մեզ մինչ այժմ հայտնի ու դեռևս անհայտ, հազար ու մի զանազան ճառագայթումների, հողի, ջրի, օդի և այլնի ներգործոն ազդեցությամբ: Իսկ մարդկության մասսայական տեղաշարժերի պատմությունը չի գերազանցում տասը հազար տարին: Այս համեմատությամբ 10 հազար տարին չափազանց չնչին թիվ է, մարդու՝ բնությունից ժառանգած հատկանիշները փոփոխության ենթարկելու համար. ինչ մնաց մի քանի հարյուր տարին…

Այդ զրույցից՝ գրեթե 3 տասնամյակ անց, 2008 թվականին, մի փոքր խմբի հետ, որի մեջ կային հայաստանցի և արտասահմանցի հայ լեռնագնացներ՝ Մասիս բարձրացանք: Երբ հասանք առաջին ճամբար, պիտի գիշերեինք վրանի տակ: Դա մի պարտադիր հանգստություն էր՝ մարմինը լեռան հետ ադապտացնելու համար: Վրանի մեջ քնելիս, մի տեսակ հանգստություն զգացի: Հանկարծ հիշեցի այդ բժշկի խոսքերը և ընկա մտքերի մեջ: Ճիշտ կարծեք իմ մարմինը գտնվում էր իր իսկական տեղում, որտեղ, ըստ այդ բժշկի, ձևավորվել է միլիոնավոր տարիներ առաջ և ես հիմա այդ ժառանգության կրողն եմ: Դա է երևի պատճառը, որ ես այսքան հանգիստ եմ զգում վրանի տակ՝ գետնին քնելիս:

    Հայաստանում հաստատվելուց հետո, միշտ զգացել եմ մի տեսակ հանգստություն, հանդարտություն, անդորր, լավ շնչել եմ, օդը միշտ լիուլի բավարարել է ինձ… Իմ արտաքին տեսքի և տարիքի համեմատության մասին լսած հաճոյախոսություններից զատ,  անձամբ էլ իմ մեջ նկատել եմ կենսունակության որոշ տարրեր ու եռանդ: Մեկ մեկ տեսնում էի իմ հին ծանոթներից ոմանց, որոնք մեկ-երկու տարի էր, որ ներգաղթել էին և Հայաստանում անընդմեջ ապրելով, այնպես էին թարմացել ու դեպի լավը կերպարանափոխվել, որ թվում էր, թե ապրում եմ տասը տարի առաջվա ժամանակահատվածում:  Անգամներ այս մտածումներս կիսել եմ ընկերներիս հետ և լսել տարբեր կարծիքներ. ոմանք հաստատում էին միտքս, ոմանք էլ՝ հակաճառում, և դա զուտ պատահականություն էին համարում: Ես էլ, ի պատասխան որոշների առաջ քաշած պնդմանը, որ Երևանի օդի ապականությունը կամ Հայաստանի արևի վնասաբեր ճառագայթումների հարցը բացասական ազդեցություն են թողել նրանց վրա, կես-կատակ կես-լուրջ ասում էի. «Գուցե ձեր արյունը մաքուր հայկական արյուն չէ…»: 

    Այս մտածումը ինձ համար այլևս զանազան մտորումների առարկա է դառել: Այստեղ գիտական հիմք ունեցող մի բան կա. թե ի՞նչ՝ դժվարանում եմ ասել: Մի բան հստակ է. օտար հողը երբեք հայրենիք չի դառնա, այնտեղ միայն ներկան է, իսկ անցյալն ու ապագան հարենիքում են:    
Եւրոպական տարբեր երկրներ եմ ճամփորդել: Անգամներ եղել եմ ԱՄՆ-ում, բայց ոչ մի անգամ ինձ հանգիստ չեմ զգացել ո´չ հարազատ եղբորս տանը՝ Նյու Յորքում, ո´չ՝ ընկերներիս մոտ և ո´չ էլ հյուրանոցում: Ամերիկա կատարած իմ այցելությունների առավելագույն տևողությունը եղել է մեկ շաբաթից 10 օր. ավել չեմ դիմացել: Ո´չ նրանց սննդակարգն է ինձ դուր եկել, ո´չ մրգերը, ո´չ օդը, և ո´չ էլ առօրյա զրույցներն ու իրենց հետաքրքրող պատմությունները: Իհարկե բացառություններ եղել են ու կան: 
 

   Դեպի Լոս Անջելես կատարած այցելություններից մեկի ընթացքում հյուրընկալվել էի իմ հին ընկերոջ մեծ ու շքեղ առանձնատանը: Շրջապատված էի Իրանում ունեցած և այնտեղ հաստատված հին ընկերներով: Բաժակ բարձրացնելու պահին, տանտերը՝ ծանոթ լինելով իմ հայաստանամետ հայացքներին, անակնկալ կերպով հարցրեց, թե ես այդ պահին ինչ եմ մտածում: Ես էլ, ոնց որ այդ հարցին պատրաստ լինելով, առանց վարանելու պատասխանեցի. «Մտածում եմ՝ աշխարհը գտնվում է մյուս կողմում, դուք եկել եք այստեղ ի՞նչ անեք…»: Չէի կարծում, որ իմ արտասանած այդ պարզ ու միամիտ խոսքն այդքան ուժեղ ազդեցություն պիտի գործեր բոլորի վրա: Մի տեսակ լռություն և անորոշություն առաջացրեց, շատերն իրենց բաժակները վայր դրեցին և ընկան մտքերի մեջ: Վատ զգացի: Մի երկու թեթև խոսքով փորձեցի թեման փոխել, բայց այդ հարցը՝ մինչև հյուրասիրության ավարտը, մերթընդմերթ գլուխ բարձրացրեց ու մտքեր խառնեց…
    Հիմա մտածում եմ, թե ի՞նչ ասել է աշխարհ… Եթե ասում ենք՝ աշխարհը մյուս կողմում է, դա ի՞նչ է նշանակում: Ամեն մարդ ունի իր աշխարհը: Մեկի համար՝ այն իր նախնիների անցած ուղին է, մյուսի համար՝ իր ընկերների ու համախոհների: Մեկ ուրիշն էլ իր արվեստի բնագավառի վարպետների ապրած ու ստեղծագործական տարիներն ու ման եկած վայրերն է համարում իր աշխարհը և ձգտում է գնալ ու այցելել այդ վայրերը, մերվել ու ներշնչվել այդ միջավայրից…

    Երբ առաջին անգամ այցելում էի Թումանյանի ծննդավայր՝ Դսեղ, դեռ գյուղի ճամփին, երբ անցնում էինք Լոռվա ձորերով, արդեն զգում էի Թումանյանի շունչը, նրա պոեմների ու պատմությունների ձայները, նրա գյուղական հավաքների զրույցները… Սա էլ Թումանյանական աշխարհն է: Թումանյանի գրականությամբ տոգորված մարդու աշխարհ: Հետևաբար քո աշխարհն էլ այստեղ է՝ Լոռվա ձորերում: Ուրիշ տեղ չկա՝ սուտ է: Ուր էլ որ գնաս, քո փնտրած աշխարհը միշտ կմնա այստեղ: Հետդ տանել չես կարող: Երբ քայլում ես քո աշխարհում, դու, որ այս աշխարհի ծնունդ ես և այստեղ է ստեղծվել ու միլիոնավոր տարիների ընթացքում ձևավորվել քո մարմինն ու հոգին՝ քո արյան բջիջները սկսում են կանոնավոր շարժվել: Նրանք գտնվում են իրենց իսկական տեղում: Այստեղի հողի ու ջրի, օդի ու արևի, լեռների ու ձորերի ստեղծած գեոմագնիսական կամ այլևայլ դաշտերը հեշտությամբ թափանցում են քո մարմնի խորքերը, ներդաշնակվում նրա ամեն մի զարկերակի հետ, հեշտացնում են շունչդ, արյանդ ճնշումն ու շրջանառությունը, զարկերակներիդ ռիթմը և այս ամենի հետ փառավորվում է հոգիդ… Ազատվում ես ավելորդ բացասական երևույթներից ու անհետ կորելու վախից: Քո ապագա սերնդին տեսնում ես աչքիդ առաջ, ապրում ես թոռնիկիդ մեջ, ապագայի նկատմամբ լցվում ես հուսով: Ամեն մի ծառ տնկելիս, մի քար՝ քարի վրա դնելիս, տեսնում ես ապագա քաղաքդ: Կյանքդ լցվում է անցյալով ու ապագայով…

Վահան Դարբինյան