Ինչո՞ւ առաջադրենք, եթե այս պահին հրաժարվում են 

Ինչո՞ւ առաջադրենք, եթե այս պահին հրաժարվում են 

Ընդդիմադիր պատգամավորների՝ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ու տեղակալների պաշտոնից հրաժարվելու դեպքում իրենց քվոտայի շրջանակներում նույն ընդդիմադիր խմբակցությունները կարող են այլ թեկնածուներ առաջադրել այդ պաշտոնների համար: Ի՞նչ են պատրաստվում անել ընդդիմադիրները և վերջապես կատարվածն արդյոք չի՞ ստեղծում քաղաքական ճգնաժամ, այս հարցերի պատասխանները փորձեցինք պարզել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանից:

Հարցին, թե չե՞ք պատրաստվում ԱԺ մշտական հանձնաժողովներում նոր թեկնածուների առաջադրել և վերջապես տեղի ունեցածը քաղաքական ճգնաժամ չի՞ ստեղծում, պատգամավորն ընդգծեց. «Երկրում քաղաքական ճգնաժամ է, սա ակնհայտ իրողություն է, սակայն ինչ վերաբերում է հանձնաժողովների նոր նախագահներ առաջադրելուն, ապա ինչո՞ւ առաջադրենք, եթե այս պահին հրաժարվում են հանձնաժողովի նախագահներն իրենց աշխատանքից՝ գործող վարչակարգի ապօրինություններին ի պատասխան: Այս իշխանությունները համաշխարհային պատմության մեջ բացառիկ ու չլսված քայլի գնացին, որոշեցին միայն մեկ խմբակցության քվերարկությամբ պաշտոնից զրկել ԱԺ փոխնախագահին»:

Հարցին էլ, թե ի՞նչ եք պատրաստվում այժմ անել, գուցե արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրակարգ ձևավորվի, Նազարյանը նշեց. «Մեր պայքարը դա ցույց կտա, դեռևս պայքարն ընթացքի մեջ է: Մենք մեր առաջ խնդիր ենք դրել, տեսնենք թե ինչպես կստացվի», - իր խոսքը եզրափակեց Գեղամ Նազարյանը: