Ուկրաինան ստիպված է լինելու հաշտվել իրականության հետ

Թուրք քաղաքագետ Էնգին Օզերը կարծում է, որ ուկրաինական ներկայիս ղեկավարությունը ստիպված է լինելու ուկրաինացիներին ստիպել, որ հաշտվեն այն իրականության հետ, որը կա այսօր հատկապես ռազմաճակատում, որտեղ իրավիճակը հօգուտ Կիեւի անվանել՝ ոչ մի կերպ հնարավոր չէ։ Դեռ անցյալ տարվա նոյեմբերին, ըստ Օզերի, Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ ռուսական բանակը հաջողությամբ գրոհում է ռազմաճակատի ողջ երկայնքով։ Ռուսական ուժերը շարունակում են մեկը մյուսի հետեւից վերահսկողություն հաստատել Դոնբասի բնակավայրերի նկատմամբ, իսկ ուկրաինական բանակում մշտապես դժգոհություն կա պաշարների եւ մարդկային ուժի պակասից։
«Զարմանալի չէ, որ Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների մասին քննարկումները մեկնարկել են «կիսահանրային» կերպով»,- նկատել է թուրք քաղաքագետը եւ հավելել, որ կայուն եւ վերջնական զինադադարի մասին բանակցությունները, որի ուրվագծերն արդեն նախանշվել են խորհրդականների կողմից, առաջիկայում կշարունակվեն։ Օզերը կարծում է, որ ուկրաինական ղեկավարությունը ներկայում ինչ-որ մի առաքելության իրականացման նախապատրաստությունների մեջ է։ Միաժամանակ, զարմանալի է այն, որ այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին մինչեւ այժմ չի չեղարկել ռուսների հետ խաղաղ բանակցություններն արգելող օրենքը։
Շատերը կհամաձայնեն թուրք փորձագետի արտահայտած տեսակետների հետ, բայց պետք է նաեւ աչքաթող չանել այն, որ ուկրաինական կողմը, թերեւս, իրատեսականությունը վերջնականապես կորցրել է կամ` հուսահատությունից ագոնիայի վիճակում է հայտնվել, քանի որ ակնհայտորեն դժգոհ է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ամերիկյան առաջարկներից։ Ռեալ քաղաքականության դիրքերից՝ անկախ հռետորաբանությունից, որը կիրառում է ներկայում ուկրաինական կողմը, ամեն դեպքում պարզ է, որ ուկրաինացիները, ի վերջո, հաշտվելու են այն իրականության հետ, որը նրանց պարտադրվելու է, քանի որ ուկրաինացիների 50 տոկոսը ներկայում կողմ է ռուսների հետ հակամարտությունն ավարտելու բանակցություններին։ Իսկ այն, որ Զելենսկին դժգոհ է, որ Թրամփը նախ Պուտինի հետ է հեռախոսազրույց ունեցել եւ ապա՝ իր հետ, որպեսզի տեղեկացնի Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի արդյունքները, եւ այն, որ Կիեւը հրաժարվել է մասնակցել այսօր մեկնարկող անվտանգային հարցերի մյունխենյան կոնֆերանսում ռուս-ամերիկա-ուկրաինական բանակցություններին, արդեն անլուրջ կարելի է համարել, եթե հաշվի առնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լիովին նորմալ է համարել այն, որ ուկրաինական կարգավորման հարցով բանակցեն ինքն ու Պուտինը` առանց Զելենսկու։
Կարծիքներ