Ժամանակագրական հարցական

Ժամանակագրական հարցական

Այն, որ 2019թ․ մայիսի 31-ին ստեղծված՝ ապրիլյան պատերազմի  հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ուշացած զեկույցը (պետք է քննվեր 2020 թ․ սեպտեմբերին) այլեւս ժամանակավրեպ է, որեւէ մեկը չէր կասկածում։ Կարեւորության ի՛նչ աստիճան կարող է ունենալ մի փաստաթուղթ, որտեղ քառօրյա պատերազմի հանգամանքները քննվել են ա՛յս իշխանությունների աչառու հայացքով։ Աչառու՝ որ դա պարտված պատերազմ էր․ աչառու՝ որ արդյունքները եւ նույնիսկ հերոսներն ամենեւին այն չէին, ինչ ներկայացվում էին «նախկինների» կողմից․ աչառու՝ որ դրսի ուժերի կողմից հրահրված պատերազմ էր։ Աչառու՝ որ դա «ծախված» պատերազմ էր։ 

Բայց՝ շաբաթն ուրբաթից շուտ եկավ։ Սեպտեմբերի 27-ին սկսված նոր պատերազմը յուրովի խաչ քաշեց վերոհիշյալ հանձնաժողովի արած-չարածի վրա, իսկ զեկույց կոչվածը գրեթե արժեզրկվեց, որովհետեւ մեր երկիրն ու ժողովուրդը կանգնեցին այնպիսի աննախադեպ աղետի եւ մեծագույն կորուստների առջեւ, որ բարոյական իրավունք՝ դատող-դատապարտողի կեցվածքով քննել ապրիլյանի «հանգամանքները», որեւէ մեկն այլեւս չուներ։ Նաեւ՝ ԱԺ պաշտպանության հանձնաժողովը, ի պաշտոնե՝ նաեւ քննիչ հանձնաժողովի  նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Սակայն 2020 թ․ նոյեմբերի 20-ին հանձնաժողովի զեկույցն այնուամենայնիվ հանձնվել է ԱԺ նախագահին՝ օրակարգ ներառելու նպատակով։ Եվ հանձնաժողովի նախագահը հույս ունի, որ առաջիկա օրերին այն կներառվի օրակարգ։ 

Փաստորեն, հանձնաժողովի եւ նրա նախագահի կողմից անտեսվեց քաղաքական շրջանակներում բազմիցս արտահայտված մտահոգությունը, որ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցով փորձ կարվի յուրովի սրբագրել վերջին պատերազմի հանգամանքները, որ դա հետադարձ կերպով կպրոյեկտվի վերջին խայտառակ պատերազմի վրա։ Հենց միայն այն փաստը, որ զեկույցը պատրաստ է եղել ոչ թե սեպտեմբերի կեսերին, ինչպես պաշտոնապես ասվել էր, այլ նոյեմբերի 20-ին, արդեն իսկ ժամանակագրական մեծ հարցական է կախում այդ զեկույցի անաչառության եւ ընդհանրապես պիտանիության վրա։ Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պարտությամբ ավարտված պատերազմն իր կնիքը չի դրել զեկույցի բովանդակության վրա՝ վերջինս դարձնելով յուրատեսակ «քավության թուղթ»՝ նոյեմբերի 9-ի խայտառակության համար։ Առավել եւս, որ հանձնաժողովի նախագահն էլ այն մարդը չէ, ումից կկարողանայինք արդարության մարտիկի գոնե ուրվական նկարել։

Հետեւաբար, զեկույց-փաստաթուղթը ոչ միայն հանրային ընկալման մեջ չի ամրակայվելու իբրեւ կասկած չհարուցող փաստաթուղթ, այլեւ չի ընկալվելու իր «անվտանգային» նշանակությամբ։ Եվ ինչպե՛ս  կարող է վստահություն ներշնչել, դրանով իսկ արժեքավոր լինել մի փաստաթուղթ, որն ստեղծվել է ա՛յս իշխանությունների ներկայացուցիչների կողմից, հատկապես որ  վերջիններս՝ իրենց քաղաքական ղեկավարի հետ միասին, չեն տեսնում վերջին պատերազմում իրենց մեղքի բաժինը, այլ  սոսկ «պատասխանատու» են։
Ի դեպ, հարցին, թե վերջին պատերազմի հանգամանքները քննող համանման հանձնաժողով ստեղծվելո՞ւ է ԱԺ-ում, Քոչարյանը վարանելով  պատասխանել է՝ այո։ Սակայն «այո» ասելով՝ նա այնքան էլ ազնիվ չէ, քանի որ նոր հանձնաժողովի ստեղծման պարագայում քննության կկանչվի մի ողջ իշխանություն եւ իշխանական թիմ, որոնց անուններն են՝ Նիկոլ Փաշինյան, նրա կառավարություն եւ «Իմ քայլը» դաշինք։ Հետեւաբար, այս իշխանությունների օրոք բազմաչարչար հայ ժողովուրդն այդ քննությունը չի տեսնի։ Մինչդեռ դա՛ կունենար իսկապես անվտանգային հսկայական նշանակություն մեր երկրի համար։

ՀԳ․ 2020 թ․ նոյեմբերի 26-ին ԱԺ նիստում (ռազմական դրության վերացման հարցը քննարկելիս) Քոչարյանն անկրկնելի արտիստիզմով խոսում էր այս զեկույցն հանրայնացնելու անհրաժեշտության մասին․ իբր այնքա՛ն մեծ է դրա անվտանգային նշանակությունը։ Այսօր խոսում է զեկույցից հատվածներ հանրայնացնելու մասին՝ դարձյալ «անվտանգային նկատառումներով»։ Անվտանգությունից խոսում է քաղաքական մի ուժի ներկայացուցիչ, որի բոլոր ազգային-պետական անվտանգային թիրախները թշնամու կողմից խփված են, խոսում է քաղաքական մի ուժի ներկայացուցիչ, որը երկիրը տարել է արյունալի պատերազմի, հանգեցրել խայտառակ պարտության եւ այսօր էլ նորանոր անվտանգային խնդիրներ է հարուցում իր դիլետանտ կառավարման պատճառով։