Կամո Ավագումյանը ցանկանում է գնել «Ասկե գրուպը», նաեւ «Միկմետալը» եւ ոչ միայն

Կամո Ավագումյանը ցանկանում է գնել «Ասկե գրուպը», նաեւ «Միկմետալը» եւ ոչ միայն

Չարենցավանում գործող «Ասկե գրուպ» ընկերությունը, որը զբաղվում է ամրանների արտադրությամբ եւ ամենախոշորն է Հայաստանում, շուտով կարող է նոր սեփականատեր ունենալ։ Ընկերությունը պատկանում է Սերժ Սարգսյանի ընկերոջը՝ Միխայիլ Հարությունյանի («Միկմետալի» Միշայի) ընտանիքին։ «Ասկե գրուպի» հիմնադիրն ու ղեկավարը Հարությունյանի որդին է՝ Վահան Հարությունյանը, որը 2017-2018 թթ․ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր էր։ Նրանց են պատկանում նաեւ «Միկմետալ» եւ «Մետէքսիմ» ընկերությունները։

Նշենք, որ այս երեք ընկերություններից միայն «Ասկե գրուպն» է բաց բաժնետիրական, ինչը նշանակում է, որ բաժնետոմսերն ազատ վաճառքի են դրված, եւ վերջերս նաեւ ինչ-որ անձանց կողմից բորսայում դրանց ձեռքբերման գործընթաց էր սկսվել։ Այդ անձինք, հիմնականում Չարենցավանի բնակիչներ, 90-ականներին, երբ գործարանը դեռ չէր մասնավորեցվել, աշխատել էին այնտեղ եւ բաժնետոմսեր ունեին, այս ընթացքում վաճառեցին բորսայում՝ դրա դիմաց ստանալով որոշակի գումար։ Մյուս երկու ընկերություններից «Միկմետալը» փակ բաժնետիրական ընկերություն է, իսկ «Մետէքսիմը» ՍՊԸ է։ Մեզ ասացին, որ այս երկու ընկերությունները եւս հնարավոր է վաճառվեն։ Գնորդը, ըստ նախնական տեղեկության, «Ավիլոն» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, ռուսաստանաբնակ հայ խոշոր գործարար Կամո Ավագումյանն է։ Թեպետ սկզբնական շրջանում խոսվում էր նաեւ «Տաշիր գրուպի» կողմից «Ասկե գրուպը» ձեռք բերելու մտադրության մասին, բայց հետո հստակեցվեց՝ հիմնական հետաքրքրվողն Ավագումյանն է, նաեւ Նովոռոսիյսկում մետալուրգիական գործարանի տերերն են։

Նշենք, որ Հարությունյանների ընտանիքին պատկանող այս երեք ընկերություններն էլ, որոնք Հայաստանում մետալուրգիական ոլորտի գիգանտներ են եւ մեկը մյուսին փոխլրացնում են, մեկը՝ արտադրությամբ, մյուսները՝ ներմուծմամբ եւ վաճառքով, միշտ եղել են Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում, եւ այնպես չէ, թե գործերը վատ են, խնդիրներ ունեն՝ իշխանափոխությունն ու քաղաքական իրավիճակը չհաշված։ Թե ինչու են որոշել վաճառել իրենց գործարանը, ովքեր են գնորդները, արդյոք ամբողջությա՞մբ, թե՞ մասնակի են վաճառում իրենց պատկանող բաժնետոմսերը, փորձեցինք ճշտել նախկին պատգամավոր, «Ասկե գրուպի» հիմնադիր Վահան Հարությունյանից։

Սակայն Հարությունյանը չցանակցավ հստակ բան ասել։ Չհերքեց, որ կա վաճառքի հետ կապված գործընթաց, բայց չմանրամասնեց, թե ինչ գործընթաց է, ովքեր են գնորդները եւ այլն։ Նա նշեց, որ «Ասկե գրուպի» բաժնետոմսերն ազատ շրջանառության մեջ են եւ ցուցակված են բորսայում, ով ուզում է՝ կարող է գնել, ով ուզում է՝ կարող է վաճառել։

- Իսկ կա՞ն հետաքրքրվողներ։ Սկզբում ասում էին՝ «Տաշիր գրուպն» է, հետո ասացին՝ Կամո Ավագումյանն է հետաքրքրված Ձեր գործարանի բաժնետոմսերի ձեռքբերմամբ։

- Ո՛չ «Տաշիրի» հետ, ո՛չ Ավագումյան Կամոյի հետ էս պահին մենք գործարք չունենք։

- Գուցե գործարք դեռ չկա, բայց բանակցություններ ընթանում են։

- Եթե ես հիմա Ձեզ ինչ-որ բան ասեմ, դա կդառնա inside traiding, եթե անգամ լինի։

- Բայց կա՞ նման բանակցություն, եւ Դուք ամբողջությա՞մբ եք ուզում վաճառել, թե՞ մասնակի։

- Արի կլինի՝ ես չմեկնաբանեմ որեւէ բան։ «Ասկե գրուպի» բաժնետոմսերն ազատ շրջանառելի բաժնետոմսեր են։

- Ասացին նաեւ՝ Նովոռոսիյսկում մետալուրգիական գործարան կա, որի տերերը նույնպես հետաքրքրված են Ձեր ընկերության բաժնետոմսերի ձեռքբերմամբ։

- Շուկայում էդ բաժնետոմսերը վաճառվում են, ազատ շրջանառության մեջ են, ով ասես՝ կարող է առնել, ով ասես՝ կարող է վաճառել։ Կարծեմ՝ դու էլ էիր, չէ՞, բաժնետեր, ոնց որ դու քոնը վաճառել ես, կարող ես վաղը գնալ, նորը գնել։

- Այո, ես իմը վաճառել եմ, բայց խոսքը խոշոր բաժնեմասի մասին է, ոչ թե մեկ-երկու տոկոսի, իսկ բաժնետոմսերի մեծ մասը Ձերն է, չէ՞, ուստի դա հասարակ գործարք չի կարող լինել, Դուք պետք է համաձայնեք, որ Ձեր բաժնեմասը վաճառվի։

- Հիմա դու ինձ հարցնում ես՝ գործարք նախատեսվո՞ւմ է, ես ասում եմ՝ ցանկացած պահի կարող է գործարք լինել, ցանկացած պահի կարող է չլինել, ինքն ազատ շրջանառելի բաժնետոմս է։ Եթե նմանատիպ փոփոխություն լինի, նոր տերերը պարտավոր կլինեն դրա մասին հայտարարել։ Բաց բաժնետիրական ընկերությունների շուրջ, որոնք ցուցակված են, ոչ մի գործարք թաքուն չի լինում, եթե գործարք լինում է, դրա մասին հրապարակվում է՝ պարտավոր են դրա մասին հրապարակել։

- Լավ, այս ընթացքում հաճախ դժգոհություններ են հնչել Չարենցավան քաղաքի եւ հարակից գյուղերի բանկիչների կողմից, որ Ձեր գործարանի արտանետած ծուխը վնասում է շրջակա միջավայրը, հատկապես մոտակա գյուղերի այգիներին։ Այս հարցը Դուք ինչպե՞ս եք պատրաստվում լուծել, եւ եթե նոր սեփականատերեր գան, այս հարցը դրվա՞ծ է իրենց առջեւ, որ լուծեն, եւ բնությանը քիչ վնաս հասցվի։

- Մեր արտանետումները նորմայի սահմանները չեն գերազանցում, իսկ մետալուրգիա՝ առանց ծխի, ընդհանրապես չի լինում։ Դրա համար գոյություն ունի նորմա, որոնց պիտի համապատասխանեն քո արտանետումները, մեր արտանետումները դրան համապատասխանում են, ու նաեւ դրա համար մենք բնապահպանական վճարներ ենք վճարում։

- Իսկ տեսչական մարմինը ստուգումներ անցկացրե՞լ է, այս ընթացքում որեւէ խախտում հայտնաբերե՞լ է։

- Ստուգումներ արել են, խախտումներ չեն հայտնաբերել։

- Բայց, չնայած Ձեր բացատրություններին, տարածքի բնակիչների, հատկապես Ալափարս համայնքի բնակիչների կողմից դժգոհությունը շարունակում է պահպանվել։

- Հիմա ի՞նչ պատասխան ես ակնկալում ինձնից։

- Այնպիսի պատասխան, որը կգոհացնի այդ բնակիչներին։ Գուցե նոր ֆիլտր տեղադրելու, արդիականացնելու խնդիր կա։

- Ֆիլտրերը պերիոդիկ նորացվում են։