Ադրբեջանն իր ազգային ատլասում կեղծել է քարտեզներ՝ հանելով «Հայաստան» անունը

Ադրբեջանն իր ազգային ատլասում կեղծել է քարտեզներ՝ հանելով «Հայաստան» անունը

Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել «Ադրբեջանի 2014թ․ ազգային ատլասի «պատմական» քարտեզների քննություն եւ «Արեւմտյան Ադրբեջան» հորինված եզրույթը» երկլեզու գրքի շնորհանդեսը, որը հեղինակել է աշխարհագրագետ, քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալչյանը։ Գիրքը հրատարակվել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի եւ ԳԱԱ Պատմության ինստիտուտի հետ համագործակցությամբ։ 

ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ով նաեւ գրքի խմբագիրն է, պատմել է, թե ինչպես առաջացավ այս գիրքը գրելու գաղափարը։ «2014 թվականին՝ Ադրբեջանի պետական ատլասի հրատարակումից հետո, գտանք դրա բնօրինակը եւ փոխանցեցինք պարոն Գալչյանին։ Նա անմիջապես արձագանքեց, եւ առաջացավ այս աշխատանքը գրելու գաղափարը։ Նաեւ առաջարկեց, որ պետք է բացահայտել, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջան» կեղծիքը։ Ես շնորհակալ եմ պարոն Գալչյանին՝ այս վիթխարի աշխատանքի համար»,- նշել է Աշոտ Մելքոնյանը։

Գրքի հեղինակ Ռուբեն Գալչյանն էլ իր խոսքում նշել է, որ գիրքը փաստագրական է։ Առաջին մասը վերաբերում է Ադրբեջանում 2014թ․ ազգային ատլասում օտար քարտեզագետների կողմից կեղծված քարտեզների քննարկմանը։ «Ազգային ատլասում կեղծել են բնագիր քարտեզներ՝ հունահռոմեական, եվրոպական, բոլոր քարտեզներից հանել են «Հայաստան» անունը։ Գրքի մի մասը հատկացրել են Ադրբեջանը հնագույն քարտեզներում ներկայացնելուն։ Սակայն Ադրբեջանը՝ որպես երկիր, հնագույն քարտեզներում գոյություն չունի, նա եղել է Պարսկաստանի նահանգներից մեկը»,- ընդգծել է Ռուբեն Գալչյանը։

Գրքի մյուս մասը նվիրված է Հայաստանի Հանրապետության տարածքը որպես «Արեւմտյան Ադրբեջան» ներկայացնող ադրբեջանական կեղծարարության բացահայտմանը։ «Մեր երկրի վրա «Ադրբեջան» անունն են դնում։ Այս հարցով միջազգային դատարան կարող ենք դիմել»,- հավելել է հեղինակը։