Եթե անցնեն Արցախի սահմանը, կպայթեն սեփական ականների վրա

Եթե անցնեն Արցախի սահմանը, կպայթեն սեփական ականների վրա

Ֆեյսբուքահայությունը մոտ մեկ ժամ է սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում պտտվող տեսանյութ է շրջանառության մեջ դրել, որից պարզ է դառնում Արցախին սահմանամերձ Ադրբեջանի Թարթառի շրջանում (Մարտակերտի շրջանի ուղղություն) հարյուրավոր ադրբեջանցիներ են հավաքվել, որոնք նպատակ ունեն դրոշներով և «Ղարաբաղը Ադրբեջան է» գրությամբ ցուցանակներով շարժվել դեպի Արցախի սահման եւ հատել այն։

Կադրերից երևում է, որ հավաքվածների մեջ կան նաև անչափահասներ։  Արցախի նախագահի խորհրդական-խոսնակ Դավիթ Բաբայանը Հրապարակ-ին փոխանցեց, որ դեռեւս պարզ չէ՝ տեսանյութը նոր է, այս պահին է գործողություն կատարվում, թե նախկինում արված փորձերի տեսագրություններն են կրկին տարածում։ Բաբայանի խոսքով պարբերաբար հակառակորդը նման «շոուներ» բեմադրում է․«Սա առաջին անգամը չէ եւ վերջինը չի լինելու։ Նման շոուներ մի քանի անգամ կազմակերպվել է։ Ադրբեջանում կան մարդիկ, մասնավորապես,«Ղարաբաղի ազատագրման կազմակերպություն», որտեղ խենթ, մարգինալ մարդիկ են, պարբերաբար նման ակցիաներ են կազմակերպում մի քանի պատճառներով, որպեսզի ցույց տան, որ իրենք կան, ներքին լսարանի վրա են ազդում։ Քանի որ տեխնիկապես անհնար է անցնել սահմանը, սահմանային գոտում ամրակառույցներից բացի կա ընդարձակ տարածք, որն ականապատված է։ Եթե փորձեն անցնել, կդառնան իրենց ականների զոհը, կպայթեն սեփական ականների վրա»