«Ես կարծում եմ՝ առանց որևիցե պատճառի չի լինում հրաժարական»․ Տոնոյանը՝ հրաժարականների մասին

«Ես կարծում եմ՝ առանց որևիցե պատճառի չի լինում հրաժարական»․ Տոնոյանը՝ հրաժարականների մասին

Այսօր փակ հանդիպում է կազմակերպվել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովում, որին մասնակցում է նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Մինչ հանդիպումը լրագրողները նախ Տոնոյանից հետաքրրքվեցին իր հրաժարականի վերաբերյալ լուրերին։

«Չէ, չէ, չկա էդպիսի բան»,-ասաց Տոնոյանը՝ վստահեցնելով, որ ինքը վարչապետի հետ նման քննարկում չի ունեցել։

Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականն ու դրա տեքստը, Տոնոյանն ասաց, որ չի կարող մեկնաբանել, որովհետև դա անհատական որոշում է եղել։

Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ տարաձայնությունների հետևանք էր նրա հրաժարականը, Տոնոյանն ասաց․ «Ես կարծում եմ՝ առանց որևիցե պատճառի չի լինում հրաժարական»։

Ինչ վերաբերում է  երեկ ԱԱԽ խորհրդում Վալերի Օսիպյանի հրաժարականի հարցը քննարկելուն, Դավիթ Տոնոյանն ասաց, որ նման քննարկում չի եղել երեկվա նիստում։