Սամվել Կարապետյանի եղբորորդու դեմ ցուցմունք տված Վահեին թիկնապահ է տրամադրվել․ նա ակտիվ մասնակցում է նախաքննությանը

Սամվել Կարապետյանի եղբորորդու դեմ ցուցմունք տված Վահեին թիկնապահ է տրամադրվել․ նա ակտիվ մասնակցում է նախաքննությանը

Որոշ ժամանակ առաջ «Հրապարակ»-ը գրել էր, որ ռուսաստանաբնակ խոշոր գործարար, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի եւ ընկերոջ՝ Տիգրան Ասլանյանի դեմ ցուցմունք տված Վահե Պարազյանին, թեպետ թիկնապահ տրամադրվել էր, սակայն ոստիկանությունն իր պարտականությունը չէր կատարել։

Պարազյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նրան պաշտպանության միջոց տրամադրվել է. «Պաշտպանության միջոց կիրառվել է, դրա կատարումը հանձարարվել է ոստիկանությանը»։

Պաշտպանից նաեւ հետաքրքրվեցինք՝ նախաքննությունն ավարտական փուլո՞ւմ է, պատասխանեց․ «Նախաքննությունը շարունակվում է, Վահե Պարազյանը վարույթին շատ ակտիվ մասնակցում է»։

Նա նաեւ նշեց, որ իր պաշտպանյալի եւ Նարեկ Կարապետյանի միջեւ առերեսում եղել է 2 անգամ։

Հիշեցնենք, որ, ըստ նախաքննական մարմնի՝ «28-ամյա երիտասարդը (Նարեկ Կարապետյան), շորթմամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով ընկերոջ հետ, վախեցնելու, կամքը ճնշելու նպատակով, 2019թ. հուլիսի 3-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում բռնություն է գործադրել 30-ամյա տղամարդու (Վահե Պարազյան) նկատմամբ, որից հետո նույն օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երեւանի  սրճարաններից մեկում կրկին հանդիպել է նրա հետ եւ պահանջել վճարել առանձնապես խոշոր չափի գումար: Մերժում ստանալով՝ 28-ամյա երիտասարդը զանգահարել է տուժողին եւ հանդիպման կանչել Երեւան քաղաքի ռեստորաններից մեկում: Հանդիպման ժամանակ, որին ներկա են եղել նաեւ այլ անձինք, երիտասարդը, տուժողի եւ նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, շարունակել է պահանջել առանձնապես խոշոր չափի գումարը՝ մի խումբ անձանց հետ դարձյալ բռնություն գործադրելով 30-ամյա տղամարդու եւ վերջինիս հետ հանդիպման գնացած նրա ընկերոջ նկատմամբ»: