Մի կադրը չի կարելի ներկայացնել որպես Փաշինյան-Թրամփ հանդիպում

Մի կադրը չի կարելի ներկայացնել որպես Փաշինյան-Թրամփ հանդիպում

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը երեկ «Անհամբեր սպասում եմ Զոհրաբ Մնացականյանի այցին Վաշինգտոն, որը նախատեսված է հոկտեմբերի սկզբին» վերտառությամբ գրառում էր արել․ «Հույս ունեմ՝ վերջապես տեղի կունենա ՀՀ արտգործնախարարի եւ ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը։ Սա մինչ ընտրությունները վերջին շանսն է` հանդիպելու Թրամփի կաբինետի որեւէ անդամի հետ: Անկախությունից ի վեր Փաշինյանի վարչակազմը միակն է, որ որեւէ հանդիպում չի ունեցել ԱՄՆ նախագահի կաբինետի որեւէ անդամի հետ: Չեն հանդիպել նաեւ երկրի ղեկավարները: Սա նույնպես բացառիկ երեւույթ է: Հայաստանում ոմանք սիրում են կրկնել, որ «Թրամփի վարչակազմը տարօրինակ է, դրա համար չենք կարողանում հանդիպել»: Չգիտես ինչու, վրացիների, ադրբեջանցիների, ղազախների եւ ուզբեկների համար տարօրինակ չեն, նրանք հանդիպում են, լուրջ օրակարգ են առաջ մղում:

Չեմ բացառում, որ ՄԽ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի հետ նա կհանդիպի հենց Վաշինգտոնում, ինչպես նշված էր համանախագահների երեկվա հայտարարության մեջ։ Ի դեպ, փայլուն կլիներ, եթե հանդիպում տեղի ունենար Թրամփի եւ Բայդենի նախընտրական թիմերի ներկայացուցիչների հետ»։

Այս գրառումից շատ չանցած՝ կառավարության «Տեղեկատվության ստուգման կենտրոն» ՊՈԱԿ-ն արձագանքեց Սուրեն Սարգսյանի դիտարկումներին՝ հերքելով դրանք․
«Սոցիալական ցանցերում եւ որոշ լրատվական կայքերում տեղեկություն է տարածվում այն մասին, թե իբր գործող կառավարությունը միակն է Հայաստանի պատմության մեջ, որը ոչ մի հանդիպում չի ունեցել ԱՄՆ նախագահի գրասենյակի որեւէ ներկայացուցչի հետ: Տեղեկատվության ստուգման կենտրոնն ուսումնասիրել է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ տեղի ունեցած բարձր մակարդակի հանդիպումները՝ սկսած 2018-ից։

2018-ի հոկտեմբերին Հայաստան է այցելել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ Այցի ընթացքում Բոլթոնը հանդիպումներ եւ քննարկումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, քննարկվել են երկկողմ եւ տարածաշրջանային մի շարք հարցեր։

Բոլթոնի այցից 1 ամիս առաջ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակներում արարողակարգային հանդիպում էր տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Դոնալդ Թրամփի միջեւ։

Արդեն 2019 թվականի հունիսին աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:

Զրուցակիցներն անդրադարձան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ եւ մասնակցությամբ կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը, տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության օրակարգային հարցերին»։
Մենք Սուրեն Սարգսյանին հարցրինք՝ ծանո՞թ է ՊՈԱԿ-ի հերքման տեքստին։

«Միացյալ Նահանգների Սահմանադրությունը հստակ նշում է, որ կաբինետի անդամներ են քարտուղարները, այսինքն՝ մեր իրավական ակտերի լեզվով՝ նախարարները, եւ նրանց հավասարեցված տարբեր պաշտոնյաներ, ովքեր ստանում են cabinet member` կաբինետի անդամ կարգավիճակը, որում որեւէ կերպ չի մտնում ԱՄՆ նախագահի խորհրդականը, եթե նա նույնիսկ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն է։ Եվ կարծում եմ, որ տեղին չէ նաեւ արարողակարգային հանդիպումը, մի քանի վայրկյանանոց կադրը ներկայացնել որպես Փաշինյան-Թրամփ հանդիպում»,- ասաց նա։