Լրիվ ուրիշ մտքեր

Լրիվ ուրիշ մտքեր

Ամառը մոտենում է ավարտին, վաղը աշնան առաջին օրն է` սեպտեմբերի 1-ը, Գիտելիքի օրը: Բայց մեզ ո՛չ ուսումնական տարվա մեկնարկն է զբաղեցնում, ո՛չ էլ աշնանային սեզոնի սկիզբը, այլ բոլորովին ուրիշ իրադարձություններ: Նախօրեին, օրինակ, Արցախի նախագահ Բակո Սահակյանի տարեդարձն էր, որը նա դիմավորեց Բաքվի բանտում: Նրա հասցեին բազում շնորհավորանքներ ասվեցին ու գրվեցին համացանցում: Դրանք գրողները, իհարկե, գիտեն, որ շնորհավորանքները հասցեատիրոջը չեն հասնելու եւ ո՛չ Բաքվի բռնապետի, ո՛չ նրա երեւանյան գործընկերոջ վրա որեւէ ազդեցություն չեն ունենալու:

Ինչպես որեւէ ազդեցություն չի ունենալու այն, որ սեպտեմբերի 2-ին Արցախի օրն է, եւ այդ օրը ոչ թե երկու հայկական պետություններում ուրախությամբ նշում են, ինչպես եղել է 30 տարի, այլ մի դահլիճային միջոցառում է միայն կազմակերպվել: Եվ դահլիճ գտնելն էլ բավականին բարդ է եղել, որովհետեւ ՔՊ-ական իշխանությունը չի խրախուսում Արցախի մասին ցանկացած հիշատակում եւ հիշեցում: Այնպես, ինչպես հանցագործը չի հանդուրժում, որ իր կատարած հանցագործության եւ զոհերի մասին իրեն հիշեցնեն: Մեզ մտահոգողն ուրիշ հարցեր են այսօր: Օրինակ, այն, որ սահմանազատում կոչվող հանձնաժողովները համաձայնեցրել եւ ստորագրել են իրենց աշխատանքային կանոնակարգը: Ի՞նչ է գրված այդ կարգում, Հայաստանի ո՞ր հատվածում են շարունակելու իրենց «սեւ գործը», ի՞նչ նոր զիջումների են գնալու եւ ի՞նչ էին քննարկում շուրջ երկու ամիս, որ չէին կարողանում համաձայնության գալ: Չէ՞ որ հայտարարվել էր, որ մինչեւ հուլիսի 1-ը պետք է այն ստորագրված լինի: Եվ, առհասարակ, լսելով ադրբեջանական իշխանությունների բարբաջանքները, միայն մի բանի մասին ենք հիմա մտածում` էլ ի՞նչ նոր արհավիրքներ է մեր գլխին պատրաստում այս իշխանությունը: