Էդ օրը չի գալու, մենք անկլավ չունենք, ոչ մի բան չենք հանձնելու

Էդ օրը չի գալու, մենք անկլավ չունենք, ոչ մի բան չենք հանձնելու

Մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ամփոփելով Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումը, պնդել էր, թե կողմերը հաստատել են, որ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը․ Հայաստանը՝ 29 800 քառ․ կմ, Ադրբեջանը՝ 86 600 քառ․ կմ։ Սա նշանակում է, որ ոչ միայն Արցախն է մնում Ադրբեջանի կազմում, այլեւ Հայաստանի տարածքից` անկլավներ կոչվող տարածքներն են ուզում ադրբեջանցիները վերադարձնել:

«Ինչ վերաբերում է տարածքային հարցերին, ես ավելի շատ շեշտը կդնեի այն հանգամանքի վրա, որ Միշելի ուղերձն ավելի շատ այն էր, որ երկու երկրները պիտի ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը։ Սա նշանակում է, որ այն սահմանները, որոնք գոյություն ունեին խորհրդային փլուզման տարիներին, ահա՝ խոսքն ավելի շատ սրա մասին էր։ Ինչ վերաբերում է ադրբեջանական զորքերի դուրսբերմանը, ապա այդ գաղափարը քննարկվել է ոչ միայն ԵՄ-ի, այլեւ միջազգային մի շարք գործընկերների կողմից»,- նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե, ի վերջո, եռակողմ հանդիպման ընթացքում ինչ համաձայնություն է կայացվել։

Ինչ վերաբերում է անկլավների թեմային, նա ասել է. «Անկլավների թեմայի մասին ես ընդհանրապես տեղյակ չեմ»։ Հայաստանի գործող իշխանությունների կողմից արդեն հազարավոր կիլոմետրեր են հանձնվել թշնամուն, եւ դրա վերջը չի երեւում: Իրենք շատ հանգիստ են դրան վերաբերվում եւ դրա մեջ ոչ մի վատ բան չեն տեսնում: Օրինակ` Նիկոլ Փաշինյանի քավոր, ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը 2021 թվականին հայտարարել էր, որ Տավուշի մարզում ադրբեջանական հողեր կան… Բարխուդարլու, Խեյրիմլի, Սոֆուլու, Ոսկեպար՝ թվարկել էր Ղալումյանը: Իսկ եթե ՀՀ իշխանությունը հաշտ է այդ մտքի հետ եւ շարունակ ադրբեջանական թեզեր է բարձրաձայնում, ինչո՞ւ չպետք է Ադրբեջանն օգտվի դրանից եւ փորձի հետ ստանալ դրանք: Զրուցել ենք Բաղանիս համայնքի ղեկավար Գեւորգ Սահակյանի հետ:

- Հատկապես վերջին օրերին շատ է խոսվում, այսպես կոչված, անկլավների մասին: Բաղանիսում, այս առումով, ի՞նչ տրամադրություններ կան: Լուրեր են շրջում, թե արդեն անգամ չափագրումներ են արվում:

- Մենք անկլավ չունենք, խնդրում եմ՝ էդ բառը մոռացեք:

- Հավանաբար, այդ կոչը պետք է ՀՀ իշխանություններին ուղղեք:

- Այստեղ անկլավ չկա: Չափագրում չկա, անկլավ էլ չունենք:

- Բայց իշխանությունն է շրջանառության մեջ դրել այդ հարցը, ադրբեջանցիներն են խոսում այն մասին, որ Նոյեմբերյանում տարածքներ կան, որոնք իրենց են պատկանում: Եթե Նոյեմբերյանի գյուղերը որոշեն հանձնել, ի՞նչ քայլեր կձեռնարկեք:

- Օրը որ գա, Դուք էլ կարող եք ներկա լինել ու տեսնել, թե ինչ ենք անելու: Էդ օրը չի գալու, մենք անկլավ չունենք, ոչ մի բան չենք հանձնելու: Մեզ համար դա վիրավորական է:

- Մարդիկ ի՞նչ տրամադրություններ ունեն այդտեղ:

- Նորմալ: Նույն ձեւ, ոնց որ միշտ: