Մեր բանակի արձանագրած արդյունքն է թելադրելու սահմանի ուրվագիծը

Մեր բանակի արձանագրած արդյունքն է թելադրելու սահմանի ուրվագիծը

Հարցազրույց երաժիշտ, երգահան Եղիշե Պետրոսյանի հետ

- Պարոն Պետրոսյան, արդեն 18 օր արցախա-ադրբեջանական սահմանում պատերազմ է։ Ակնհայտ է, որ, ի տարբերություն 2016-ի ապրիլյան պատերազմի, այս անգամ Հայաստանի դեմ, Ադրբեջանից բացի, կռվում է նաեւ Թուրքիան։ Ավելին՝ պայմանավորվածությունից անմիջապես հետո Ադրբեջանը խախտեց անգամ հրադադարի ռեժիմը։ Ի՞նչ հանգուցալուծում կարող է լինել այս պարագայում։ 

- Ի՜նչ Թուրքիան, ի՜նչ նրա հոգեզավակ Ադրբեջանը։ Նրանք ոչ մի կերպ չեն համակերպվում մեր գոյության հետ։ Անգամ եթե Արցախի հարցը չլիներ, համոզված եղեք, կբարձրացվեր Զանգեզուրի հարցը։ Դոստոեւսկուն հիշեցի եւ նրա գնահատականը սրանց վերաբերյալ․ «Թուրքը ստախոս, չափազանց ստոր ազգ է…, ինչպե՞ս կարելի է նման ժողովրդի հետ բանակցություններ վարել եւ պայմանագրեր կնքել»։ Իսկ Դուք ասում եք՝ խախտեց հրադադարը։ Միամիտ չլինենք։ Մենք եղեռն ենք տեսել։ Մեզ համար սա գոյութենական հարց է։ Հանգուցալուծո՞ւմը՝ պարտավորված ենք հաղթել, մյուս բոլոր լուծումները մեզ համար կործանարար են։ 

- Դատելով միջազգային հանրության արձագանքներից՝ կարո՞ղ ենք ասել, որ այսօր միջազգային հանրությունը չունի այն լծակները, որ կարողանա ներազդել այս հակամարտության ու, մասնավորապես, Ադրբեջանի եւ Թուրքիայի վրա։ 

- Միջազգային հանրությունը դեկլարացիաների համար է։ Եվ այն միշտ սպասարկել է գեոպոլիտիկ խոշոր կենտրոնների շահերը։ Դա լավ են սերտել, օրինակ, թուրքերը։ Չէ որ շատ հանցագործություններ են մարսել։ Միթե կարծում եք, որ սա միայն Թուրքիայի արկածախնդրությունն է։ Ինչպես եւ մեր ամբողջ պատմության ընթացքում՝ մենք նորից տեկտոնիկ ցնցումների էպիկենտրոնն ենք։ Սա շատ ջուր կտանի։ Լուրջ մարտահրավեր է։ Չերկարացնեմ՝ մեր խնդիրները բացառապես մերն են։ Մեր անվտանգության երաշխավորը մեր բանակն է, իսկ միջազգային հանրության հետ պետք է աշխատեն դիվանագետներն ու իրավաբանները։ 

- Փորձագետներից շատերի կարծիքով, խնդրի միակ լուծումն այն կլինի, եթե միջազգային հանրությունը, մի շարք պետություններ ճանաչեն Արցախի անկախությունը։ Համաձա՞յն եք այս տեսակետի հետ։ 

- Իհարկե, համաձայն չեմ։ Համաձայնեք՝ դա զավեշտ է։ Արցախն անկախանում է ումի՞ց՝ Հայաստանի՞ց։ Դա՞ էր մեր ուզածը, թե՞ միացումը։ Արդեն 25 տարի է՝ միացած ենք, եւ այդ միացումն ապահովվել է պատերազմով, անգին արյամբ, աննկարագրելի զրկանքների եւ զոհողությունների գնով։ Խնդրի միակ լուծումն արդեն վաղուց եւ փաստացի տրված է, եւ այն պետք է ամեն գնով պաշտպանել։ 

- Մարտի դաշտում այս կողմից՝ մեր զինվորների մարտական ոգին է, մյուս կողմից՝ թշնամու բազմահազար տեխնիկան։ Այս պարագայում մեր ուժերն ինչքանո՞վ են համաչափ։ 

- Անհամաչափ են, եւ սա մեր ամոթն է, քանի որ տարիներ շարունակ թույլ ենք տվել, որ անխնա թալանվի բանակի բյուջեն, գիտության առանց այն էլ չնչին բյուջեն, չենք հիմնել կարեւոր արտադրական հզորություններ, մեր անվտանգությունը պատվիրակել ենք այլոց։ Գետինը մտնեինք՝ ավելի լավ էր։ Այս ոգին էլ եթե չլիներ, արդեն իսկ դատապարտված էինք։ Այս հերոսական զոհերը ծանրացած են մեր խղճին՝ մեր անհեռատեսության եւ անօգուտ ժամանակասպանության պատճառով։ 

- Այս պահին բանակցությունների մասին խոսք կարո՞ղ է լինել, ի՞նչ ձեւաչափով, եւ ո՞րը պետք է լինի մեր դիվանագիտական ճակատի դիրքորոշումը։ 

- Ինչ էլ որ ասեմ, կլինի սուրճի բաժակ նայելու պես մի բան։ Իհարկե, պետք է ձգտել եւ հասնել հրադադարի․ այն շատ կարեւոր է այս պահին։ Այս պահին զինադադարի մասին խոսք լինել չի կարող։ Իսկ ընդհանրապես, ապագայում մեր բանակի արձանագրած արդյունքն է թելադրելու թե՛ սահմանի ուրվագիծ, թե՛ դիվանագիտություն։ Աքսիոմա է՝ դատապարտված ենք հաղթել։