«Հրապարակ». Նպատակը Ռուսաստանի հետ հարաբերություններն իսպառ խզելն է

«Հրապարակ». Նպատակը Ռուսաստանի հետ հարաբերություններն իսպառ խզելն է

Գրել էինք, որ փոփոխություններ են սպասվում դիվանագիտական կորպուսում։ Մեր տեղեկություններով, հետ է կանչվելու մերձբալթյան երկրներում ՀՀ դեսպան Հովհաննես Իգիթյանը, սկանդինավյան երկրներում պաշտոնավարող Ալեքսանդր Արզումանյանին տեղափոխում են Լեհաստան, Նիդերլանդներում եւ Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանն էլ կտեղափոխվի Բրյուսել։ Նիդերլանդներում, ապա Ինդոնեզիայում ՀՀ նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանին խնդրեցինք մեկնաբանել այս փոխատեղումները։

- Դա նորմալ պրակտիկա է․դեսպանները, ըստ օրենքի, որոշակի ժամանակահատված հետո կարող են կա՛մ հետ կանչվել, կա՛մ տեղափոխվել մեկ այլ պետություն՝ իրենց ծառայությունն իրականացնելու համար։ Օրենքով ժամկետներ սահմանված են, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում, որովհետեւ եթե դեսպանի կատարած աշխատանքի արդյունքում կամ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով երկրի ղեկավարությունը որոշում է տեղափոխել, ապա գործընթաց է սկսվում։

- Ինչո՞ւ են Ալեքսանդր Արզումանյանին տեղափոխում Լեհաստան։ Արեւելյան գործընկերության շրջանակներում Լեհաստա՞նն է Հայաստանի կուրացիան անում։

- Գիտեք՝ կարելի է շատ ենթադրություններ անել, բայց տվյալ պարագայում ե՛ւ այդ առումով կարելի է դիտարկել, ե՛ւ որ ընդհանուր արեւմտյան բլոկի քաղաքական խնդիրներին պարոն Արզումանյանը լավատեղյակ է, եւ դա հաշվի առնելով՝ տեղափոխվում է Լեհաստան։

- Դա նշանակում է, որ Արեւմուտքի հետ դիվանագիտական հարաբերությունների նոր փո՞ւլ ենք մտնում։

- Նոր փուլ վաղուց է մտել, դա դեսպանների տեղափոխումով չի իրականացվում։

- Ի՞նչ նկատի ունեք։

- Նկատի ունեմ գործող կառավարության վարած քաղաքականությունը։

- Պրոարեւմտյա՞ն է։

- Իսկ դա տեսանելի չէ՞։

- Երեկ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ նիստին էր մասնակցում՝ Պուտինի ներկայությամբ քննարկում էին մեր հարցերը։

- Իսկ դա արդյունք տվե՞ց։

- Արդյունքները Բրյուսելո՞ւմ են։

- Դուք պատասխանեցիք Ձեր հարցին, Արեւմուտքում է ամբողջ գործընթացն իրականացվում՝ Արեւմուտքի թելադրանքով, ինչը չի բխում ՀՀ շահերից։

- Այսինքն՝ Պուտինի հետ հանդիպումները ֆորմալ նշանակությո՞ւն ունեն։

- Չէի ասի, որ ֆորմալ նշանակություն ունեն, պարզապես միանգամից բոլոր հարաբերությունները կտրելը շատ կատաստրոֆիկ կարող է լինել այս իշխանության համար եւ ցանկացած իշխանության համար, ուստի փորձում են մեղմ կերպով որոշակի խաբկանք ստեղծելով՝ հանգստություն ապահովել ռուսական կողմից, իսկ իրենց հանձնառություններն իրականացնել արեւմտյան բլոկով։

- Նպատակը Ռուսաստանի հետ հարաբերություններն իսպառ խզե՞լն է, թե՞ որոշակի կետի վրա կանգ կառնեն։

- Դատելով նրանց գործողություններից՝ իսպառ խզելը եւ Ռուսաստանին այս տարածաշրջանից հանելը։