Մի բաժակ սառը ջուր տվեք գլխավոր դատախազին

Մի բաժակ սառը ջուր տվեք գլխավոր դատախազին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեկ ԱԺ ամբիոնից առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին և դաշինքներին կարգին ահ տվեց, թե բա քարոզարշավի օրերին և ընտրության օրը ձեզ կարգին կպահեք, չկեղծեք, չխաբեք, չմոլորեցնեք ընտրողին, չվիրավորեք միմյանց, այլապես հետևանքները ծանր են լինելու, որովհետև դատախազությունը որոշել է այդ ամենին կոշտ արձագանքել: Արթուր Դավթյանը, սակայն, Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմը չառանձնացրեց մյուսներից, ինչից տպավորություն ստացա, որ ասվածը վերաբերում է նաև Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին, այլ խոսքով՝ ժամանակավոր իշխանավորներին:

Ու հիմա Նիկոլը, եթե իհարկե մի «չըռթ» հարգանք ունի ՀՀ գլխավոր դատախազի ու գլխավոր դատախազության հանդեպ, ապա պարտավոր է սուտ չխոսել, չմանիպուլացնել և չմոլորեցնել ընտրողին, վերջինիս նկատմամբ վարչական լծակներ չկիրառել, չհայհոյել իր քաղաքական հակառակորդներին, չսպառնալ ասֆալտին փռել կամ պատերին ծեփել: Մի խոսքով՝ շնորհակալություն գլխավոր դատախազին, ես նրան մեծ հաջողություններ եմ մաղթում Փաշինյանին զսպվածության, ճշտախոսության մղելու և քաղաքական պայքարի դաշտ վերադարձնելու գործում:

Այսուհանդերձ՝ մի քանի հարց ունեմ Արթուր Դավթյանին: Պարոն Դավթյան, ինչպիսի՞ն պետք է լինի դատախազության արձագանքը իրավախախտումներին՝ օրենքով նախատեսված ձևով ու չափո՞վ, թե՞ կոշտ, ավելի կոշտ ու ամենակոշտ: Դուք ասացիք՝ կոշտ: Դուք Ձեր հոնքերն այնպես էիք կիտել այդ պահին, որ ինձ թվաց, թե Ձեր այդ պահի տրամադրությունից է կախված լինելու՝ բռնել ընտրակեղծարարի՞ն, թե՞ տեղում կոշտ ձևով ասֆալտին փռել ու սատկացնել: Օրենքով ընտրակեղծարարությունը, վիրավորանքը, փոխադարձ անհարգալից վերաբերմունքը և այլն, դատապարտվում են, չէ՞, ընդհուպ քրեական պատասխանատվություն է սահմանված և բանտային ռեժիմ: Այսքանից հետո ո՞րն է լինելու դատախազության առավել կոշտ արձագանքը: Սա մի հարց:

Երկրորդը՝  արդյոք ՀՀ գլխավոր դատախազը և դատախազությունը անելիք չունե՞ն (չեմ ասում շատ կոշտ), երբ ընտրական գործընթացի մասնակիցներից մեկը խախտումներ է անում այդ գործընթացը դեռ չսկսված: Խոսքը, այո, ՔՊ-ից Նիկոլ Փաշինյանի մասին է, որ թեև հրաժարվել է վարչապետի պաշտոնից, բայց շարունակում է կատարել վարչապետի պարտականություններն ու ձեռքի հետ օգտվել կառավարական դաչայից, թիկնազորի ծառայություններից, ինչու ոչ՝ վարչապետի աշխատավարձից ու մնացած բարիքներից: Բառացիորեն մեկ օր առաջ փոխնախարար է նշանակել: Դուք, պարոն գլխավոր դատախազ, այս ամենը նորմա՞լ եք համարում: Եթե այո, ապա այդպես էլ ասացեք, իսկ եթե ոչ, ապա ո՞ւր է ձեր կոշտ վերաբերմունքը օրենքից դուրս գործող Փաշինյանի հանդեպ: Հասկանո՞ւմ եք, այդ մարդը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից: Դա նույնն է, թե նա, հեռու իրենից, մեռել է, դարձել է ոչ գործունակ կամ մի այլ բան է պատահել: Դուք, որպես գլխավոր դատախազ, անելիք չունե՞ք վարչապետի պաշտոնից հրաժարված, ԱԺ հատուկ նիստում ընդամենը մեկ «կողմ» ձայն ստացած մարդուն երկրի թիվ մեկ կաբինետում ձերբակալելու և իշխանությունը յուրացնելու մեղադրանքով պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Չեմ ասում շատ կոշտ, այնպես, օրենքին համապատասխան:

Եվ մի վերջին հարց՝ ընտրական գործընթացներում վիրավորանքի ու փոխադարձ հարգանքի բացակայության մասին: Պարոն Դավթյան, Դուք ինձնից ավելի լավ գիտեք, որ մենք ընտրությունների ենք գնում մի մարդու հետ (կամ դեմ, ինչպես ուզում եք) որ հանրությանը մեղմ ասած հայտնի է ստախոս, խաբեբա, կապիտուլյանտ, հողատու և այլ էպիտետներով: Ժողովրդական բանահյուսության գոհարներն էլ դեռ չեմ թվարկում:

Դուք փորձո՞ւմ եք մտնել այն ընտրողի դրության մեջ, որի առջև այդ մարդը պետք է կանգնի և քարոզչություն իրականացնի: Հասկանալի է, նախընտրական հանրահավաքներում կլինեն նաև այդ մարդու կողմնակիցներ, բայց արդյո՞ք դա պայման է, որ տունուտեղից զրկված սյունեցին մի քանի գեղեցիկ խոսք չուղղի Հայաստանի ու Արցախի ապագայի մասին ճամարտակող այդ մարդուն, դա պայմա՞ն է, որ գերիների, անհետ կորածների և զոհվածների հարազատներն այդ մարդուն բզիկ-բզիկ չանեն տեղում, դա պայմա՞ն է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերն ու բլոկները չհակադարձեն երկրին ու ժողովրդին այսքան դժբախտություններ բերած դուրսպրծուկին, որ ամեն ինչի մեջ մեղադրում է բոլորին՝ իրենից բացի:

Հարցս հետևյալն է՝ ո՞րն է լինելու ՀՀ գլխավոր դատախազության կոշտ արձագանքը, եթե Փաշինյանի նախընտրական այցը հերթական մարզ ավարտվի ոչ թե արդեն «ողջյուններով», այլ կատարյալ բախումներով ժողովրդի ու պաշտոնաթող վարչապետի մի քանի կողմնակիցների միջև:

Փաշինյանի կողմից վարչական լծակների գործադրման մասին չեմ էլ ուզում խոսել, պարոն գլխավոր դատախազ: Դա այսօր էլ անզեն աչքով նկատելի է: Պարզապես չէի ցանկանա, որ ՀՀ գլխավոր դատախազն ու դատախազությունը ևս դառնային այդ լծակներից մեկը: Պատկերացնում եմ, թե Դուք Ձեր կիտած հոնքերով որքան կոշտ կարձագանքեիք դրան: Հանկարծ ինքներդ Ձեզ չձերբակալեք՝ խայտառակ լինենք աշխարհով մեկ:
Աստված պահապան մեր երկրին: