Վտանգավոր ճամփաբաժան

Վտանգավոր ճամփաբաժան

Մեր աչքի առաջ պատմական իրադարձություններ են տեղի ունենում` նոր աշխարհակարգի ձեւավորման, նոր դաշնակիցներ ու թշնամիներ ձեռք բերելու, ազդեցության նոր ճամբարներ ձեւավորելու ժամանակներ ենք թեւակոխել: Մի կողմից, ակնհայտ է, որ համաշխարհային այս ճգնաժամը եւ ռուս-ուկրաինական զինված բախումը հեռու են վերջնակետից, եւ այս իրավիճակը կարող է դեռ երկար շարունակվել: Մյուս կողմից, պարզ է, որ ճգնաժամը խորանում է, հակասությունները սրվում են, եւ այս փխրուն կայունությունն էլ երկար չի տեւելու: Այն կա՛մ ավելի կսրվի, կա՛մ ինչ-որ կերպ կհանգուցալուծվի:

Դատելով որոշ նախանշաններից՝ առավել հավանական է թվում այն, որ առճակատումը խորանալու միտում ունի: Ո՛չ Արեւմուտքն է պատրաստ զիջելու, ո՛չ Ռուսաստանը: Արեւմուտքը նոր քայլեր է ձեռնարկում` խստացնելով տնետեսական պատժամիջոցները, Վլադիմիր Պուտինի կալանավորման որոշմամբ, Ուկրաինան զինելու քայլերով: Ռուսաստանը, որն իր տնտեսությունը փոխադրել է ռազմական ռելսերի վրա, մեկ տարվա մեջ որոշակիորեն լուծել ազգաբնակչության եւ տնտեսության բնականոն կենսագործունեության հետ կապված հարցերը, տրամադրվել է երկարաժամկետ հակամարտության եւ չի պատրաստվում զիջել-նահանջել:

Եթե օղակն ավելի սեղմվի ռուսական «կայսրության» պարանոցին, կա մի վերջին ելք` միջուկային զենքի գործադրումը: Եվ որքան էլ Արեւմուտքը հույս ունի, որ բանը դրան չի հասնի, որ օղակը սեղմելով իրենք կկարողանան հասնել նրան, որ Ռուսաստանում իշխանություն փոխվի, կամ գործող իշխանությունը ծնկի գա, դրանք սին հույսեր են: Դա նշանակում է, որ հզոր վերլուծական միտք ունեցող եւ քաղաքագիտական ճշգրիտ կանխատեսումներ անող արեւմտյան աշխարհում ուղղակի չեն ճանաչում Ռուսաստանը եւ աշխարհը տանում են մեծ ցնցումների ու վտանգների ճանապարհով: