Խանութներից չեն օգտվում, քաղաքացիական բնակչության հետ չեն շփվում 

Խանութներից չեն օգտվում, քաղաքացիական բնակչության հետ չեն շփվում 

Երեկվա դրությամբ ՀՀ զինված ուժերում արձանագրված է կորոնավիրուսի վարակման վեց դեպք, բոլորը փոխկապակցված են մարտական խնդիրներում չներգրավված զորամասում գրանցված առաջնակի դեպքի հետ: Այս մասին մեզ ասաց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։ 

Ինչպես հայտնի է, երկրում արտակարգ դրություն է սահմանված, պարետատունը քաղաքացիներին հորդորում է պահպանել սոցիալական հեռավորություն՝ նվազագունը 1 մետր, ինքնամեկուսանալ, չհավաքվել խմբերով, անգամ ազգականների հետ չշփվել, առավել եւս՝ գրիպի ախտանիշներով մարդկանց հետ, սակայն մեր զորամասերում ապրում եւ մարզվում են նախկին ռեժիմով։ Ամեն առավոտյան անցկացնում են տողաններ, զինվորները նույն կարգով ճաշարան են գնում, որտեղ 20 հոգուց ավելի մարդ է միանգամից ճաշում, վարժություններ են անում, եւ անգամ հրամանատարական կազմն է այցելում զորամասեր եւ դիրքեր՝ նախկին ռեժիմով։ Կարծես թե կորոնավիրուսի վտանգ չկա, եւ այն չի կարող սպառնալ մեր բանակին։
Շուշան Ստեփանյանին հարցրինք՝ արդյոք չկա՞ անհրաժեշտություն՝ զինծառայողների օրվա կարգացուցակում փոփոխություններ կատարելու եւ հնարավորություն ստեղծելու, որ վերջիններս եւս պահեն սոցիալական հեռավորություն, չափազանց մոտ չգտնվեն միմյանց, եւ այլ միջոցառումներ իրականացվեն։

«Քանի որ զորամասերում մի շարք կանխարգելիչ եւ բուժհսկման խիստ միջոցառումներ են իրականացվում, զորանոցները, ճաշարանները, լսարանները, զորամասի տարածքը պարբերաբար քլորով ախտահանվում են, ինչպես նաեւ, օրինակ, ճաշարաններում սեղանների հեռավորությունն է մեծացված, ապա կարգացուցակը փոխելու անհրաժեշտություն չկա»,- պատասխանեց Ստեփանյանը։ Զորամասերին հատկացվո՞ւմ են առաջնահերթ պաշտպանության միջոցներ՝ դիմակ, ձեռնոց, ալկոգել եւ այլն՝ հարցրինք Պնախարարի խոսնակին։ «Բոլոր զորամասերն ապահովված են թե՛ ախտահանիչ նյութերով, թե՛ անհատական պաշտպանիչ միջոցներով, որը տրվում է անձնակազմին ըստ անհրաժեշտության»,- վստահեցրեց Ստեփանյանը։ 

Մարտի 27-ին ՀՕՊ զորքերի զորավարժություն է անցկացվել։ Զինծառայողների ֆիզիկական պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակով մարտի 26-ին 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող ստորաբաժանումներից մեկի զինծառայողներն անցկացրել են երթարշավ։ Հարցրինք՝ որքանո՞վ է այս օրերին նպատակահարմար նմանատիպ վարժանքների անցկացումը, արդյոք չկա՞ վտանգ, որ դրանք կնպաստեն կորոնավիրուսի տարածմանը։ «Բոլոր միջոցառումները, որոնք պլանային են, բայց չեն առնչվում մարտական խնդիրներին եւ ենթադրում են փոքր տարածքում մեծ կուտակումներ, հետաձգված են, իսկ բացօթյա պայմաններում անցկացվող վարժանքներում ներգրավված ստորաբաժանումների անձնակազմի թիվը հասցված է մինիմալի։ Համաճարակաբանական տեսանկյունից մաքուր օդի պայմաններում բացօթյա տեղանքում, որտեղ նաեւ քաղաքացիականների ներկայությունն է բացառված, վարժանքները վտանգավոր չեն։ Ինչ վերաբերում է երթարշավներին, ապա խիստ հրահանգավորված է, երթերի ժամանակ կանգառ չի կատարվում, անձնակազմը խանութներից չի օգտվում, քաղաքացիական բնակչության հետ չի շփվում»,- պատասխանեց խոսնակը՝ հավելելով, որ մեկուսացվածների թիվ եւ մեկուսացման վայրի մասին տեղեկատվություն չի կարող տրամադրել։
Ի դեպ, երեկ Դավիթ Տոնոյանը կառավարության նիստում ասել է, որ մեկուսացումից ու ինքնամեկուսացումից տասնյակ զինծառայողներ վերադառնում են ծառայության: Հայտնի է, որ ունենք վարակված 6 զինծառայող, բոլոր «դեպքերը փոխկապակցված են մարտական խնդիրներում չներգրավված զորամասում գրանցված առաջնակի դեպքի հետ»:

Երեկ պաշտպանության նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ․ «Վերջին օրերին, կապված Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի տարածմամբ, մտահոգություններ են հնչում  զինված ուժերում իրավիճակի վերահսկելիության եւ առաջարկություններ՝ բանակը զորանոցային վիճակի բերելու վերաբերյալ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը գնահատում է հանրային տարբեր շրջանակների մտահոգությունն ու սրտացավությունը, այդուհանդերձ վստահեցնում, որ  24-ժամյա ռեժիմով գործադրում է անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ զինված ուժերը կորոնավիրուսային վարակից հնարավորինս զերծ պահելու համար: Համոզված ենք, որ զինված ուժերն ի զորու է հաղթահարելու այս պանդեմիկ մարտահրավերը նույնպես եւ անշեղորեն իրականացնում է պետության սահմանների անձեռնմխելիության ապահովման իր առաքելությունը»: