Ուկրաինայում պատերազմի 2-րդ փուլի վերսկսման վտանգ կա

Ուկրաինայում պատերազմի 2-րդ փուլի վերսկսման վտանգ կա

«Բացի Մարիուպոլից, բոլոր քաղաքների հետ էլ կապի մեջ ենք: Մարիուպոլում կապը դեռ չեն վերականգնել, այդ պատճառով չենք կարողանում ճշտումներ անել, թե այնտեղ մնացած հայերը դու՞րս են եկել, թե՞ մնացել են, ունե՞նք զոհեր, թե՞՝ չէ: Այս պահին ունենք հաստատված 27 զոհ, որոնցից 22-ը խաղաղ բնակիչ են, 5-ը՝ զինվորական»,-այս մասին Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը:

Վերջինիս խոսքով՝ Կիևում մեկ շաբաթ է, ինչ հանգիստ է: Վերջին ռմբակոծությունները այնտեղ եղել էին մոտ մեկ շաբաթ առաջ:

«Կիևն ընկել է հունի մեջ և վերադարձել է իր առօրյա կյանքին: Համարյա ամեն ինչ աշխատում է, բացի մեծ առևտրային կենտրոններից: Քաղաքում մեծ խցանումներ են, ինչը վկայում է՝ մարդկանց վերադարձը Կիև: Այս պահին վերականգնվում են Չեռնիգով և Սումի քաղաքները: Դրությունը մնում է ծանր Խարկով քաղաքում, որտեղ գիշեր-ցերեկ ռմբակոծում են: Մարիուպոլում էլ դեռ չենք հասկանում ինչ է կատարվում: Ռուսական կողմը հայտարարում է, որ իրենցն է, սակայն ուկրաինական բանակը դեռ պատերազմում է: Իրավիճակը մնում է թեժ Լուգանսկի և Դոնեցկի շրջաններում»:

Մեր այն հարցին, թե հայերի միությանը այս օրերին եղե՞լ են մեր հայրենակիցների կողմից որևէ հարցով դիմողներ, Դավիթ Մկրտչյանն ասաց, որ դիմողները քչացել են, քանի որ իրավիճակը երեք մարզերում խաղաղվել է: Սակայն վտանգ կա պատերազմի 2-րդ փուլի վերսկսման, որին իրենք պատրաստ են, և երբ լինեն դիմողներ, կօգնեն մարդկանց տեղափոխվել ավելի անվտանգ վայրեր: