ԿԳՄՍՆ-ն գրագողության երաշխավո՞ր. Փորձագետների հայտարարությունը «Հայոց պատմություն 8» դասագրքի շուրջ

ԿԳՄՍՆ-ն գրագողության երաշխավո՞ր. Փորձագետների հայտարարությունը «Հայոց պատմություն 8» դասագրքի շուրջ

Այս տարի, ի թիվս մի շարք դասագրքերի, 8-րդ դասարանի Հայոց պատմության դասագիրքը եւս ուղարկվեց կրկնակի փորձաքննության,։ Որպես պատճառ՝ այս դեպքում նույնպես առաջ քաշվեց այն, որ գնահատումը «մրցութային հանձնաժողովի կողմից հաստատված գնահատման սանդղակին ոչ համապատասխան է իրականացվել»։ 

Հիշեցնենք, որ կրկնակի փորձաքննություն անցած եւ ի վերջո նախարարության կողմից երաշխավորված դասագրքի հեղինակը նույն պատմաբանն է` Սմբատ Հովհաննիսյանը, ում հեղինակած 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքի շուրջ անցած տարի մեծ աղմուկ էր բարձրացել։

Օրեր առաջ գրել էինք, որ դասագիրքը փորձաքննած առաջին հանձնաժողովն ունի դժգոհություններ, քանի որ, մի կողմից, նրանց կարծիքը հաշվի չի առնվել` գնահատման ոչ ճիշտ սանդղակով պայմանավորված, մյուս կողմից` փորձագետների եզրակացություններն ինչ-ինչ ճանապարհներով հասել են դասագրքի հեղինակին, ով օգտվել է դրանցից եւ փոփոխություններ արել ուսումնական նյութում: Այս փաստից վրդովված՝ փորձագետները հանդիպում էին խնդրել ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանի հետ, քանի որ ստացվում է՝ արտաքուստ իրենց կարծիքը հաշվի չեն առել` մերժել են, բայց, իրականում, իրենց դիտողությունները հիմք են ընդունել եւ ծածուկ փոփոխություններ արել դասագրքում` դրանով խախտելով այդ մասնագետների հեղինակային իրավունքը, ովքեր փորձաքննել են դասագիրքը: 

Դասագիրքը փորձաքննած մասնագետները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ. 

«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԿԳՄՄ նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական դպրոցի 8- րդ դասարանի «Հայոց պատմություն» (Հեղինակներ՝ Սմբատ Խ. Հովհաննիսյան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալա Խառատյան, բանասիրական գիտությունների թեկնածու, Զարուհի Հակոբյան, արվեստագիտության թեկնածու: Սրբագրիչ՝ Գոհար Ամիրբեկյան, ձևավորողներ՝ Նորա Գալֆայան, Մանե Արշալույսյան, նկարիչ՝ Դավիթ Մինասյան, «Մասնակցային դպրոց» ԿՀ, Երևան, 2024, 112 էջ) դասագրքի վերաբերյալ

2024 մայիսին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նոր դասագրքերի փորձաքննությունը կազմակերպելու նպատակով փորձագետների ցանկ էր ուղարկել ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունք։ Բաժանմունքին իրավասություն: վերապահված էր միայն համակարգողներ նշանակելու

2024 թ. մայիսի 13-ին փորձագիտական կարծիքներն ուղարկվել են ՀՀ ԿԳՄՍ

նախարարություն։ Դրանք ներկայացնելու վերջնաժամկետ էր նշանակվել 2024 թ. մայիսի 20-ը։ Որոշ ժամանակ անց մամուլի հրապարակումներից պարզ է դարձել, որ ՀՀ ԳԱԱ ուղարկած կարծիքները զուտ տեխնիկական պատճառներով չեն ընդունվել. դրանք չեն արվել գնահատման սանդղակին համապատասխան: Իրականում գնահատման այդ սանդղակը փորձագետներին չի տրվել։ Բանն այն է, որ ԿԳՄՍ նախարարությունն իր նամակագրությունը բացառապես իրականացրել է ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի հետ, իսկ վերջինս էլ, ինչպես պարզվեց, թյուրիմացաբար ձևանմուշը գրախոսներին չի տրամադրել՝ ենթադրելով, nn նրանք ձևանմուշի օրինակն ունեն։ Տրամաբանորեն նախարարությունը փորձագիտական ցանկի հետ մեկտեղ պարտավոր էր գնահատման սանդղակն ուղարկել փորձագետներին:

Կարծիքն ըստ ձևաչափի ներկայացնելու համար` ժամանակ տրամադրելու

վերաբերյալ բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի մայիսի 18-ի խնդրանքը,

նախարարությանը մերժել է։ Հավելենք, որ կարծիքների ընդունման ժամկետի

ավարտին կար ևս 2 օր:
Նախարարության պատասխանատուների պնդմամբ ամբողջ գործընթացն արվել է հույժ գաղտնի պայմաններում։

2024 թ. մայիսի 22-ին ԿԳՄՍ նախարարությունը նամակով տեղեկացրել է ՀՀ ԳԱԱ- ին, որ ներկայացված կարծիքներն անընդունելի են, քանի որ ընթացակարգին համապատասխան գործընթաց չի իրականացվել։ Սա այն դեպքում, երբ, կարծիքներն ուղարկվել են վերջնաժամկետից՝ մայիսի 20-ից 7 օր առաջ։ Նախարարությունը գրեթե մեկ շաբաթ ժամանակ ուներ (մայիսի 13-20-ը) տեղեկացնելու, որ կարծիքները ձևանմուշի համաձայն չեն արված, որից հետո փորձագետներն ընդամենը 1-2 ժամում այն կարող էին ուղղել։ Հանուն կրթության կարելի էր նման քայլի գնալ։

Որոշ ժամանակ անց հայտնի է դարձել, որ դասագիրքն, այնուամենայնիվ, չի երաշխավորվել և կրկին ուղարկվել է փորձաքննության։ Ի դեպ, դասագիրքը չի երաշխավորվել նաև այդ անգամ։

Վերջապես, 2024 թ. հուլիսի վերջին նշյալ դասագիրքն արդեն երաշխավորված տեղադրվել է համացանցում։ Պատասխանատուների հավաստմամբ դասագրքի հեղինակի և «Մասնակցային դպրոցի» դիմումի հիման վրա նրանց տրամադրվել է երկրորդ փորձագետի կարծիքը։ Այդ կարծիքի հիման վրա դասագրքի հեղինակները «կատարել են շտկումներ», որից հետո ուղղված տարբերակը ներկայացվել է նախարարություն և ապա՝ հաստատվել։

Երաշխավորված դասագիրքը համեմատելով մեր կարծիքների հետ, պարզել ենք, որ «զարմանալի» ճշտությամբ ու զուգադիպությամբ մեր դիտողությունների մի զգալի մասը նոր տարբերակում շտկվել է, սակայն, անգամ այդ պարագայում, նույն դասագրքում մնացել են բազմաթիվ սխալներ, կոպիտ բացթողումներ, աղավաղումներ, որոնց պարագայում այս նոր տարբերակը ևս ենթակա չէ դպրոցներում՝ որպես դասագիրք գործածման։

Դասագրքի նոր տարբերակը տեղադրելու հետ գրեթե միաժամանակ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից ստացել ենք էլեկտրոնային նամակ և զանգ, որ հրավիրվում ենք նախարարություն «քննարկելու դասագրքերի ստեղծման, փորձաքննության և դրանց ընթացքի ու արդյունքների վերաբերյալ հարցեր»։ Խնդրել ենք, որ այս հանդիպումը կազմակերպվի հնարավորինս շուտ։ Սակայն ստացված պատասխանի համաձայն՝ քանի որ փոխնախարարն արձակուրդի մեջ է, հանդիրումը կարող է տեղի ունենալ միայն օգոստոսի 15-ին։ Հանդիպմանը մենք չենք ստացել սպառիչ պատասխաններ, չենք հանդիպել նաև փորձագետի կամ փորձագետների երկրորդ խմբի անդամներին։

Ուստի որոշել ենք հանդես գալ հրապարակավ։

Եթե մեր կարծիքները, ՀՀ ԿԳՄՍ-ի կողմից չընդունված լինելով հանդերձ, ինչ որ հանգամանքներում հայտնվել են սույն դասագրքի հեղինակների ձեռքին, և դասագիրքը փոփոխված է ըստ այդմ, ապա այս երևույթն այլ կերպ անվանել, քան գրագողություն, հնարավոր չէ։ Մեր այն հարցմանը, թե արդյոք նախարարությունը տրամադրել է դասագրքի հեղինակներին մեր կարծիքները, ստացել ենք բացասական պատասխան։ Օգոստոսի 15-ի հանդիպմանը փոխնախարարը պարզաբանել է, որ հեղինակը ցանկություն է հայտնել ծանոթանալու նաև մեր կարծիքների հետ, սակայն դրանք նրան չեն տրամադրվել։

Վերոհիշյալից ելնելով, ունենք հետևյալ հարցադրումները.

• Մի՞թե կարելի էր ընդամենը տեխնիկական թերացման պատճառով առ ոչինչ համարել փորձագիտական, անգամ նախարարության պատասխանատուի հաստատումով՝ օբյեկտիվ կարծիքները: Կրկնենք, նախարարությունը հեղինակներին տեխնիկական թերացման մասին տեղեկացնելու համար ուներ 7 օր, ինչը բավական էր բացթողումը վերացնելու համար։ Ինչո՞ւ դա չի արվել։

• Ինչո՞վ են բացատրվում մեր կարծիքներում առկա դիտողությունների և դասագրքի նոր տարբերակում տեղ գտած փոփոխությունների այդքան մեծաքանակ համընկնումները։ Արդյո՞ք դասագրքի հեղինակներին հասանելի չեն եղել մեր կարծիքները։

Փաստերի պարզ ժամանակագրություն և հարցադրումներ։

Բոլոր նրանք, ովքեր կցանկանան ծանոթանալ դասագրքի մեզ ուղարկված նախնական տարբերակին, ուղեցույցին և մեր փորձագիտական կարծիքներին, կարող են պահանջել ԿԳՄՍ նախարարությունից։

Հ.գ. Կարծիքները և սույն հայտարարությունը մեր կողմից արվել ու արվում են բացառապես մասնագիտական և քաղաքացիական մղումներից ելնելով։ Քաղաքական, աշխարհաքաղաքական, կուսակցական, անձնական և որևէ այլ բնույթի ոչ մասնագիտական շահարկումները մեր դիրքորոշման հետ որևէ կապ չունեն։

Փորձագետներ՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատողներ`

Հակոբ Մուրադյան Զոհրաբ Գևորգյան,

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ավագ

գիտաշխատող

Արմեն Հայրապետյան»։